Մատչելիության հղումներ

Բրիտանական պարբերականը պնդում է՝ Թուրքիան աջակցել է Քեսաբի գրոհին


Տեսարան Քեսաբից
Տեսարան Քեսաբից
Բրիտանական Тhе Telegraph պարբերականը գրում է, որ Թուրքիան աջակցել է իսլամիստ գրոհայիններին Սիրիայի հայկական Քեսաբ բնակավայրի վրա հարձակվելու ժամանակ՝ իր պնդումները հիմնավորելով Սիրիայի ընդդիմության և ականատեսների վկայություններով:

Ըստ հրապարակման՝ Քեսաբի գրոհը պլանավորվել է ամիսների ընթացքում: Թուրքիայի իշխանությունները օժանդակել են ապստամբ խմբավորումներին՝ թույլատրելով նրանց հատել ուժեղ ռազմականացված հսկողության տակ գտնվող թուրքական սահմանային անցակետը, որի դիրքը ռազմավարական կարևոր նշանակություն ուներ գրոհի հաջողության համար:

«Թուրքիան մեզ մեծ լավություն արեց։ Մենք կարիք ունենք ռեժիմին հարվածելու տարբեր ուղղություններով, և դա ծովափնյա ուղղության միակ ճանապարհն էր, այնպես որ դա մեծ օգնություն էր»,- գրոհայիններից մեկի այս խոսքերը մեջբերված են Тhе Telegraph-ի ապրիլի 14-ի հրապարակած հոդվածում:

Բրիտանական պարբերականը նշում է, որ Քեսաբը Սիրիայի էթնիկ փոքրամասնություն կազմող հայերի հինավուրց բնակավայր է, որը համեմատաբար հեռու է հակամարտությունից, բայց գրոհի օրը՝ մարտի 21-ի առավոտյան, Քեսաբի բնակիչները ճչալով ու լաց լինելով փախչում էին իրենց տներից:

«Մենք փախչում էին հրետակոծության ձայների տակ: Անգամ հագնվելու ժամանակ չկար»,- պատմել է 45-ամյա մի տղամարդ, ով խնդրել է չբացահայտել իր իսկական անունը:

Բեդրոս անունով ներկայացած այդ մարդու պատմելով իր հարազատներից մեկը այդ գիշերը եղել է Թուրքիայի սահմանային անցակետերից մեկում և տեսել է, որ սահմանին գրոհայինները կանգնած են թուրքական բանակի հետ ու քիչ անց այնտեղից սկսվել է հրետակոծությունը:

Երկու օր անց Քեսաբը ամբողջովին գտնվում էր իսլամիստ խմբավորումների վերահսկողության տակ, որոնց շարքերում է նաև Ալ-Ղաիդայի հետ կապ ունեցող Ալ-Նուսրա խմբավորումը:

Թուրքիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ պաշտոնապես հերքելով Թուրքիայի օժանդակությունը գրոհայիններին։ Այդ լուրերը Թուրքիայի արտգործնախարարությունը համարել է անհիմն և ստահոդ:
Սակայն Тhе Telegraph-ը նշում է, որ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության փաստա հավաք ուսումնասիրության արդյունքները հակառակն են ցույց տալիս:

«Անհնարին է, որ այդ խմբավորումները Սիրիա մտնեին ու թուրքերը չիմանային այդ մասին»,- բրիտանական պարբերականին ասել է Լիբանանում Human Rights Watch-ի ուսումնասիրող Լամա Ֆակիհը՝ նշելով, որ նրանց օգտագործած ճանապարհներից մեկը պաշտոնական սահմանն է, որտեղ, բնակիչների պատմելով՝ թուրքական ռազմական ներկայություն կա:

Քեսաբի գրոհը Օսմանյան Թուրքիայում հայերի ջարդերի՝ 1909-ի կոտորածների ու 1915-ի ցեղասպանության մռայլ հիշողություններ արթնացրեցին, գրում է Тhе Telegraph-ը, որի հետ զրույցում Լիբանանում ապաստան գտած Բեդրոսն ասել է.- «Մենք միշտ մտածում էինք, որ թուրքերը մի օր կհարձակվեն մեր վրա, և հստակ է, որ Քեսաբի գրոհին Թուրքիան օգնել է: Հարձակվողները եկել են Թուրքիայի տարածքից»,- պնդել է նա։

Բրիտանական պարբերականը գրում է, որ Քեսաբն ասես Սիրիայի ռեժիմի «Աքիլեսյան գարշապարը» լինի: Այն պաշտպանում էր ծովափնյա Լաթաքիան, ուր շատ ալավիթներ են ապրում։ Կրոնական այս նույն փոքրամասնությունից է նաև նախագահ Ասադը:

Ալ- Նուսրան և Իսլամական ճակատը խորացել են մի տարածքում, որը ճանապարհ է բացում դեպի ծովափնյա շրջանը, ինչպես նաև հնարավորություն է տալիս կատաղի մարտերով գրավել տարածքի ամենաբարձր կետը՝ Observatory 45 կոչվող բարձունքը:

«Դուք կարող եք հասկանալ, թե ինչու էր մեզ պետք վերցվել Քեսաբը»,- ասել է իսլամական ճակատի դիվանագիտական ներկայացուցիչ դոկտոր Մահմուդը.- «Դուք կարող եք տեսնել ինչ տեղի ունեցավ: Հիմա ռեժիմը շատ վախեցած է»։
XS
SM
MD
LG