Մատչելիության հղումներ

Հայաստանի 13-րդ վարչապետը Հովիկ Աբրահամյանն է


Նախագահի առաջարկած թեկնածուն, ինչպես Հանրապետականի գործադիր մարմնի, այնուհետև՝ խորհրդի նիստերից հետո հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, արժանացել է միաձայն հավանության։

«Պետք է լինի շարունակականություն: Մենք պետք է ավարտին հասցնենք Մաքսային միության անդամակցման գործընթացը: Կրթական բարեփոխումները, հարկային և մաքսային բարեփոխումները պետք է կատարվեն: Եղել է հստակ վերաամրագրում, որ պետական բյուջեն անձեռնմխելի է, որևէ կաշառակերության և կոռուպցիոն դեպք չպետք է հանդուրժվի: Բնականաբար, կլինեն նաև նոր մոտեցումներ՝ նոր կադրերով, բայց մենք գնալու ենք ոչ թե նախորդ կառավարությանը պիտակավորելու, կամ քննադատելու, կամ միավոր հավաքելու ճանապարհով, այլ պետք է գնանք նախորդ կառավարության ձեռքբերումները պահելու և նոր ձեռքբերումների հասնելու ճանապարհով», - մասնավորապես, ասաց ՀՀԿ խոսնակը:

Աբրահամյանին, Շարմազանովի խոսքով, նախագահ Սարգսյանը կադրային քաղաքականություն իրականցնելու հարցում ազատություն է տվել։

Սահմանադրության համաձայն վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում, պետք է կազմավորվի Կառավարություն։ ՀՀԿ մամուլի խոսնակը պնդում էր, թե կադրային քննարկում այսօր չեն ծավալել:

«Ինչպիսին էլ լինի ապագա կաբինետը՝ այնտեղ հանրապետականների դերակատարումը լինելու է վճռորոշ»,- միայն այսքանը փոխանցեց Շարմազանովը, - «Նոր վարչապետին՝ Հովիկ Աբրահամյանին, քաղաքական մեծամասնությունը, նախագահ Սարգսյանի գլխավորությամբ, տվել է մեծ ազատություն, որպեսզի նա իրականացնի ազատ կադրային քաղաքականություն, որպեսզի նա ընտրի ոչ միայն կուսակցական պատկանելությամբ, այլ նաև ընտրի պրոֆեսիոնալ կադրեր, սակայն դա չի կարող լինել խնամի-ծանոթ-բարեկամ, քավոր-սանիկ սկզբունքով»:


ԱԺ-ի նախագահը հանրապետության երկրորդ պաշտոնյան է, վարչապետը՝ երրորդ։ Ըստ էության, Կառավարության ղեկավար նշանակվելով, Հովիկ Աբրահամյանի պաշտոնի իջեցում տեղի ունեցավ։ Նրա հույզերը Շարմազանովը չմեկնաբանեց, նախընտրեց փոխանցել միայն պատրաստակամության մասը․ - «Հովիկ Աբրահամյանը բարձր պատասխանատվությամբ ստանձնեց կուսակցության և նախագահի վստահությունը»:


Մենք պատրաստ ենք ապագա կառավարության կազմում ընդգրկել «Բարգավաճ Հայաստանին» և Դաշնակցությանը, Հանրապետականի դիքորոշումը հնչեցրեց Շարմազանովը։ Այդ ուժերի հետ կոնսուլտացիաները դեռ չեն ավարտվել, քննարկվում են տարբեր սցենարներ՝ այդ կուսակցությունների հետ կարող է լինել կոալիցիոն հուշագիր, չլինել հուշագիր, բայց նրանց ներկայացուցիչները կարող են ընդգրկված լինել հաջորդ կառավարությունում։ Եվ երրորդը՝ երկու կուսակցություններն էլ կարող են մերժել համագործակցության առաջարկը։

«Մեր քաղաքական կոնսուլտացիաների ընթացքում, հաշվի առնելով թե՛ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պնդումներն ու առաջարկությունները, թե՛ Հայ հեղափոխական դաշնակցության 7 կետերը, քննարկել ենք, և կարող եմ ասել՝ առաջին հերթին Հայ հեղափոխական դաշնակցությունը բավականին կառուցողական տրամադրված է, ես չբացառեցի երեք սցենարն էլ՝ եթե ես չեմ բացառում կոալիցիան, չեմ բացառում նաև նրանց՝ կոալիցիա չմտնելը և մերժումը», - այս առնչությամբ մեկնաբանեց ՀՀԿ խոսնակը:

Շարմազանովն ասում էր՝ խնամի-բարեկամ հարաբերությունները հաջորդ կառավարությունում բացառվելու են։ Այս առնչությամբ լրագրողների մեկի հնչեցրած դիտարկմանը, թե՝ եթե «Բարգավաճ Հայաստանը» դառնա կոալիցիայի մաս, դա անհնար կդառնա, քանի որ Գագիկ Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը խնամիներ են, ՀՀԿ խոսնակը հակադարձեց․ - «Հարգելիս, Կեսարն էլ Պոմպեոսի խնամին էր, հետո՞ ինչ»: - «Հովիկ Աբրահամյանի նշանակման մեջ միմիայն Հանրապետականն է դեր ունեցել»,-հատուկ շեշտեց Շարմազանովը։

Նշենք, որ Կառավարության որևէ անդամ-պաշտոնակատար այսօր տեղյակ չէր՝ ինքը լինելու է հաջորդ կաբինետում,թե՝ ոչ։

Ի դեպ, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցում էր Հովիկ Աբրահամյանի նշանակման գործընթացին։ Նրա մասին Շարմազանովն ասաց՝ դիվանագիտական աշխատանքի է անցնելու, չմանրամասնեց՝ երկիրը կամ միջազգային կազմակերպությունը, որտեղ նախկին վարչապետը կներկայացնի Հայաստանը։

Այսօր էլ չհստակեցվեց՝ ինչո՞ւ հրաժարական տվեց վարչապետը։ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեցինք՝ գիտի՞ հրաժարականի պատճառը։

«Գիտեմ: Որովհետև ցանկացավ», - ասաց Վաչե Գաբրիելյանը, և, արձագանքելով մեր ճշտող հարցին՝ արտաքին պատճառներ չկայի՞ն, ասաց․ - «Կարծում եմ Մարսի և Վեներայի որոշակի համադրում տեղի ունեցավ»:

ԱԺ նոր նախագահի թեկնածուի մասին Հանրապետականը այսօր չշտապեց հայտարարություններ անել:

«Մենք դեռ ունենք ժամանակ, և մինչև Ազգային ժողովի լիագումար նիստը, որը տեղի կունենա ապրիլի 28-ին, մենք կհավաքվենք, կքննարկենք և ձեր դատին կներկայացնենք», - այսօր ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG