Մատչելիության հղումներ

Նախագահը աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ


Նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը այցելել է Տավուշի մարզի մի շարք սահմանամերձ գյուղեր, այդ թվում՝ նաև Պառավաքար։

Պառավաքարցիները բավականին ոգևորված էին և նախագահի այցի հետ մեծ հույսեր էին կապում։ «Ազատության» հետ զրույցներում գյուղացիներն ասում էին, որքան հաճախ նախագահն այցելի գյուղ, այնքան շատ խնդիրներ կլուծվեն գյուղում։

Գյուղացիներն ամենատարբեր խնդիրներով դիմել են նախագահին։ Նրանցից մեկը խնդրել է գյուղում աշխատատեղ բացել, որպեսզի երիտասարդությունը չհեռանա։ Գյուղում խմելու ջրի խնդիր կա, մարդիկ բարձրաձայնել են նաև այս մասին։ Նախագահ Սարգսյանը ասել է, որ ջրի խնդիրը կլուծեն։

Գյուղացիներ խնդիրների թվում հատկապես կարևորում էին սահմանների ամրապնդման հարցը։

«Կարևոր խաղաղություն լինի, մեր բնակչության կյանքը խաղաղ լինի», - ասաց գյուղացիներից մեկը։

«Շերտավորում է առաջացել թե գյուղում, թե քաղաքում։ Միջին խավ չկա, պիտի մոտենայի, ասեի դա, երևի մի բան կասեր»,- ասաց մեկ այլ պառավաքարցի։

Սահմանամերձ Պառավաքարում նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է կառուցվող 3.2 կմ ընդհանուր երկարությամբ Պառավաքար-Վազաշեն ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին:

Նախագահին զեկուցվել է, որ ապրիլի 1-ի դրությամբ 2.9 կմ հատվածում կատարվել են հողային պաստառի, ջրահեռացման համակարգի, պաշտպանիչ հենապատի կառուցման աշխատանքներ, և ապրիլի անհրաժեշտության դեպքում անավարտ ճանապարհով հնարավոր կլինի ապահովել սահմանափակ երթևեկություն: Ճանապարհի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է հունիսի վերջին։

Նախագահը այսօր իր աշխատանքային այցի ընթացքում եղել է մարզկենտրոն Իջանում, Բերդում, ծանոթացել է Բերդի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման և արդիականացման աշխատանքների ընթացքին։

Հայաստանի նախագահն այցելել է նաև Պառավաքարի գումարտակ, որտեղ շրջայցից հետո մեկնել է «Մելքումսար» սահմանամերձ հենակետ, շփվել մարտական դիրքում ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ:

Տավուշ համայնքում Սերժ Սարգսյանը կարճատև կանգառ է ունեցել և հանդիպել խաղողագործների հետ, քննարկել ոռոգման համակարգի խնդիրներն ու տարածաշրջանում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի ընթացքը: Սահմանամերձ մեկ այլ գյուղական բնակավայրում՝ Նավուրում, նախագահը ծանոթացել է Բերդ-Իծաքար-Գանձաքար-Իջան ավտոճանապարհի կառուցման տարբերակներին:
XS
SM
MD
LG