Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյան․ «Եթե պարտադրեն պատերազմ, կտանք արժանի հակահարված»


Լուսանկարը՝ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության
Լուսանկարը՝ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության
«Մենք, ի հակառակ Ադրբեջանի իշխանությունների, քարոզում ենք, որ մեր առջև դրված խնդիրները պետք է լուծենք խաղաղ բանակցությունների արդյունքում, սակայն դա չի լինում միակողմանի», - այսօր հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

«Ինչևէ, Ադրբեջանի իշխանությունները դեռևս ողջամիտ քաղաքականություն չեն դրսևորում: Իհարկե, մենք ցանկանում ենք խաղաղություն, բայց եթե մեզ պարտադրեն պատերազմ, մենք կտանք արժանի հակահարված և կպաշտպանենք մեր հայրենիքը, մեր հողը, մեր ջուրը», - ասել է խորհրդարանի խոսնակը Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկում ունեցած ելույթում:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Աբրահամյանը ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները՝ նախագահի գլխավորությամբ, բանակի կողքին են:

Ազգային ժողովի նախագահը նաև բարձրացել է սահմանապահ դիրքեր, թեյի սեղանի շուրջ զրուցել սպայական անձնակազմի ու զինվորների հետ:

Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Աբրահամյանը այսօր եղել է Բերքաբեր, Վազաշեն, Ազատամուտ համայնքներում: Ամփոփելով այցի արդյունքները` նա կարևորել է սահմանամերձ բնակավայրերի դերը, նշել, որ կառավարության հետ կձեռնարկեն քայլեր` օրենսդրորեն ամրագրելու սահմանապահ գյուղերի խնդիրները, տարանջատելու սահմանամերձ գյուղերի խնդիրները մյուս համայնքների խնդիրներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG