Մատչելիության հղումներ

Փորձագետ. Հակասահմանադրականը ժամանակավորապես սահմանադրական չի դառնում


«Կուտակային հարցով ՍԴ-ն ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշում է կայացրել»
please wait

No media source currently available

0:00 0:03:45 0:00
Հայաստանցի իրավապաշտպանները զուգահեռներ են անցկացնում Սահմանադրական դատարանի երեկվա և 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո հրապարակված որոշումների միջև, երբ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանը բազմամարդ ցույցերով բողոքարկում էր քվեարկության արդյունքները: Այն ժամանակ դատարանը որոշեց, որ պետք է անցկացնել վստահության հանրաքվե, որն այդպես էլ իրականություն չդարձավ:

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հարցերով փորձագետ Արա Ղազարյանը հիշեցնում է՝ այն ժամանակ էլ իշխանությունները յուրովի մեկնաբանում էին դատարանի որոշումը։

«Մեկը մյուսի ետևից հայտարարում էին, թե ՍԴ-ն անցել է իր լիազորությունների շրջանակները։ Փոխանակ ՍԴ-ի որոշումը կատարվի, սկսում են մեկնաբանությունները, որպեսզի յուրաքանչյուրը տեսնի այն, ինչ ուզում է»,- ասաց Ղազարյանը։

Մինչդեռ վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը համոզված է, որ ՍԴ-ն հատուկ է այսպիսի իրավիճակ ստեղծել։ Կիվիրյանը պնդում է՝ Գագիկ Հարությունյանի ղեկավարած կառույցը քաղաքական մարմին է և բոլոր խոշոր գործերով ոչ թե իրավական, այլ հենց քաղաքական որոշումներ է կայացրել.- «Իրականացնելու միմիայն իշխանությունների պատվերը, լինի դա նախագահական ընտրությունների վիճարկումը, թե նման աղմկահարույց խնդիրներ, դրանցով բոլոր որոշումները կայացվում են ոչ թե ՍԴ-ի շենքում, ոչ թե ՍԴ դատավորների կողմից, այլ Բաղրամյան 26-ում՝ այդ պահին գործող նախագահի կողմից»։

Կուտակայինի գործով հրապարակած որոշմամբ էլ, ըստ Արգիշտի Կիվիրյանի, դատարանը փորձել է միաժամանակ պաշտպանել կառավարությանն ու այնպես անել, որ «Դեմ եմ» շարժման բարձրացրած աղմուկը պայթյուն չառաջացնի:
Կիվիրյանը ևս հիշեցնում է, որ Գագիկ Հարությունյանն այսպիսի լուծման նախադեպ ունի՝ Ստեփան Դեմիրճյանի գործով որոշումը։

«Փորձելով մեղմել առկա աղմուկը և փաստացի իրավիճակը տանելով դեպի փակուղի, որ «տեսեք, հասարակությո՛ւն, մենք իրավական լուծումներ տվեցինք», այնինչ տրված է քաղաքական լուծում՝ շահել ժամանակ»,- ասաց Կիվիրյանը.- «Կառավարությանը տրվեց այդ ժամանակահատվածը, որպեսզի իրենք փորձեն այլ միջոցներով, գրպանահատությամբ քաղաքացիներից տանել գումարներ»։

Մեկնաբանելով իշխանությունների հայտարարությունները, թե պահումները պետք է արվեն, Արա Ղազարյանը հակադարձում է՝ դատարանի տված ժամկետը տեխնիկական շտկումների համար է և չի կարող որևէ կերպ ազդել բովանդակության վրա, այսինքն հակասահմանադրականը ժամանակավորապես սահմանադրական չի դառնում։

«Ինչպես եք պատկերացնում՝ ես տարիներ շարունակ ուսանողներին սովորեցնում եմ, որ անձի իրավունքին միջամտությունը պետք է կատարվի օրենքով սահմանված կարգով։ Հիմա նաև պետք է սովորեցնե՞մ, որ կարելի է միջամտել անձի իրավունքներին հակասահմանադրական ճանաչված օրենքով մի որոշակի ժամանակահատված, որպեսզի կառավարության բնականոն գործունեությունը հանկարծ չխաթարվի»։

Իրավաբանը շեշտում է՝ իրավական վակուում չի կարող առաջանալ, եթե գումարները չպահվեն.- «Գումարները վերցրել եք, հիմա պետք է վերադարձնեք և ներողություն խնդրեք քաղաքացուց, որովհետև քաղաքացին բարձրագույն արժեք է։ Ստացվում է, որ մինչև մենք մինչև սեպտեմբերի 30-ը ապրելու ենք հակասահմանադրական օրենքով»։

Արգիշտի Կիվիրյանի համոզմամբ, շուտով այս խաբկանքը կվերանա, ակտիվիստները կհասկանան, թե ինչ կառույցի հետ գործ ունեին, և որ ՍԴ-ն խնդրին իրավական լուծումներ չէր տալու։

«Փորձում են ստեղծել մի պատրանք, որ «գիտեք՝ ունենք ՍԴ, որը ընդունակ է իրավական լուծումների, ժողովուրդ մի պայքարեք կոշտ միջոցներով, պայքարեք այս ձևով, տեսեք սա արդյունք է տալիս»։ Այս ամբողջը խաբկանք է։ Այն մարդիկ, ովքեր ծափահարեցին Գագիկ Հարությունյանին, երևի նոր են մտել այդ պայքարի մեջ և չեն ճանաչում, թե ով է Գագիկ Հարությունյանը։ Այդ մարդուն պետք է ոչ թե ծափահարություններով դիմավորել, այլ առնվազն սուլոցներով»,- ասաց Կիվիրյանը։
XS
SM
MD
LG