Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազը հանդիպել է Հրաչ Մուրադյանի հարազատների, պռոշյանցիների հետ


Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ
Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ
Այսօր առավոտյան Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հանդիպել է նախկին գյուղապետ, անցած տարվա ապրիլի 2-ին սպանված Հրաչ Մուրադյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:

Գլխավոր դատախազը սպանված գյուղապետի հարազատներին ներկայացրել է սույն գործով նախաքննության ընթացքը, կատարված օպերատիվ-հետախուզական և քննչական աշխատանքները, պարզաբանել քննության ընթացքի վերաբերյալ հարազատներին հուզող խնդիրները, պատասխանել նրանց հարցերին:

Գլխավոր դատախազության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ մինչ Հրաչ Մուրադյանի հարազատների հետ հանդիպումը Գևորգ Կոստանյանը ևս մեկ անգամ եղել է դեպքի վայրում:

Գլխավոր դատախազը հանդիպել է նաև Պռոշյանի բնակիչների հետ, նրանց նույնպես բացատրել է նախաքննական մարմնի կատարած աշխատանքները, նաև հորդորել է այս դեպքի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, որը կարող է օգնել նախաքննական մարմնին, ներկայացնել անձամբ իրեն` երաշխավորելով պահպանել տեղեկատվություն տրամադրողի թե՛ գաղտնիությունը, թե՛ անվտանգությունը՝ քրեական օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցներով:

Կոստանյանը բնակչությանը նաև բացատրել է, որ միջպետական ճանապարհը փակելով, երթևեկությանը խոչընդոտելով ոչ միայն չեն օգնում նախաքննությանը, այլև ճիշտ հակառակը՝ առիթ են հանդիսանում, որպեսզի նախաքննական մարմնի աշխատանքը դառնա քաղաքական շահարկումների առարկա՝ դրանից բխող հետևանքներով: Գլխավոր դատախազը բնակիչներին տեղեկացրել է, որ նման գործողությունները առաջ են բերում քրեական և վարչական պատասխանատվություն, և կրկնվելու դեպքում կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG