Մատչելիության հղումներ

Փորձագետ․ Հայաստանը «կարող է հայտնվել իզգոյ երկրների» շարքում


Եթե ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ Հայաստանը շարունակի սատարել Ռուսաստանի դիրքորոշումը, ապա կարող է Մոսկվայի հետ միասին հայտնվել «իզգոյ» երկրների շարքում, այսօր «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Մարտի 19-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում արձանագրել էր, որ Ղրիմի հանրաքվեն «հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»:

Երեկ տեղեկություն տարածվեց, որ Ուկրաինան հետ է կանչել Հայաստանում իր արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Կուխտային: Այդ մասին, «Ունիան» և «Ինտերֆաքս Ուկրաինա» լրատվական գործակալությունների փոխանցմամբ, Կիևում հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության Տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի պետ Եվգենի Պերեբիյնիսը՝ պայմանավորելով պաշտոնական Կիևի այդ որոշումը Ղրիմի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշմամբ:

«Հայաստանի տեղը առայժմ չի ուրվագծվել, բայց առայժմ․․․ Ուկրաինայի որոշումը՝ հետ կանչել Հայաստանից իր դեսպանին, նշանակում է որոշակի ճգնաժամ հայ-ուկրաինական հարաբերություններում»,- ասաց Մեհրաբյանը:

Փորձագետի ներկայացմամբ, ակնհայտ է, որ աշխարհում ուրվագծվում է մի նոր բաժանարար գիծ, և Ռուսաստանը վերածվում է մի նոր «չարիքի կայսրության»:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, Կիևի որոշումը՝ հետ կանչել Հայաստանում իր դեսպանին, վկայում է ուկրաինական իշխանությունները չունեն բանական որոշումներ կայացնող կենտրոն:

«Հնարավոր է նաև՝ իր նշանակությունն է ունեցել Ուկրաինայի ներքաղաքական փոխդասավորվածությունը․ առջևում ընտրություններ են: Բայց դեսպանը հետ է կանչվել միայն խորհրդակցությունների համար: Դա այդքան էլ լուրջ չէ: Հայ-ուկրաինական հարաբերությունների համար որոշիչ կլինեն ոչ թե ներկայումս տեղի ունեցող զարգացումները, այլ այն զարգացումները, որոնք կընթանան, երբ Ուկրաինան կվերստեղծվի որպես պետություն, երբ այնտեղ կլինեն մշտական էլիտաներ»:

Ինչ վերաբերվում է ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական Երևանի դիրքորոշմանը, Իսկանդարյանի համոզմամբ՝ դժվար թե այն նորություն էր այդ թվում արևմտյան երկրների համար:

«Թե ինչ դիրքորոշում է որդեգրում Հայաստանը նման դեպքերում, հայտնի էր առանց ուկրաինական ճգնաժամի: Թե ինչպես դա կազդի Հայաստանի վրա, չեմ կարծում, թե որևէ ազդեցություն ունենա: Այն, որ Հայաստանը սկզբունքորեն պաշտպանում է ազգերի ինքնորոշման սկզբունքը, հայտնի էր նաև մինչև [Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների] այդ խոսակցությունը, իսկ այդ խոսակցության ընթացքում ոչ մի նոր բան չի ասվել», - ասում է նա:
XS
SM
MD
LG