Մատչելիության հղումներ

Եվրամիությունը և Ուկրաինան ստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը


Բելգիա -- Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը (աջ) և Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը փոխանակում են ստորագրված փաստաթուղթը, 21 մարտի, 2014
Բելգիա -- Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը (աջ) և Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը փոխանակում են ստորագրված փաստաթուղթը, 21 մարտի, 2014

Եվրամիությունը և Ուկրաինան այսօր ստորագրեցին Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը:

Փաստաթղթի տակ առաջինն իրենց ստորագրությունը դրեցին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը։ Այնուհետև ստորագրեց Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, իսկ հետո արդեն այբբենական կարգով Եվրամիության 28 երկրների առաջնորդները:

Հերման Վան Ռոմպոյը հայտարարել է, որ ասոցացման պայմանագրի քաղաքական հատվածի ստորագրումը ցույցն է տալիս իրենց անխախտ աջակցությունը Ուկրաինայի ժողովրդի խիզախ ուղուն:

«Սա միայն սկիզբն է, մենք ակնկալում ենք շուտով ստորագրել համաձայնագրի նաև մնացյալ տնտեսական հատվածները, որոնք քաղաքական մասերի հետ մեկ միասնական փաստաթուղթ են»,- ասել է Վան Ռոմպոյը:

Եվրոպայի խորհրդի նախագահը նաև հայտարարել է, որ հարգանքի տուրք են մատուցում այն մարդկանց հիշատակին, ովքեր իրենց կյանքն են տվել Ուկրաինայի ազատության համար և աջակցում են բոլոր նրանց, ովքեր ձգտում են կառուցել բաց և միջազգային հանրությանը ներգրավված Ուկրաինա:

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ասոցացման համաձայնագրի տնտեսական հատվածը` ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը հնարավոր կլինի ստորագրել նախագահական ընտրություններից հետո, իսկ այս օրը նա պատմական է համարել:

«Այս օրը պատմական է իմ երկրի համար և ես կարծում եմ, որ սա պատմական օր է ողջ Եվրոպայի համար, մենք ցանկանում ենք լինել մեծ եվրոպական ընտանիքի մասը և սա առաջին հսկայական քայլն է` Ուկրաինայի վերջնական նպատակի ճանապարհին, այն է՝ Եվրամիությանը լիակատար անդամակցությունը»,- հայտարարել է Յացենյուկը:

Ուշագրավ է, որ այս օրը պատմական է որակել է նաև Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենոկոն, երբ խորհուրդը արտահերթ կերպով հաստատել է Ղրիմի միացումը Ռուսաստանի Դաշնությանը: Մատվիենկոն հայտարարել է, որ իրենք ոչ միայն ականատեսն են, այլև մասնակիցը՝ պատմական իրադարձությունների և արժանապատվորեն, պատասխանատվությամբ և հայրենասիրական զգացումներով են իրենց պատմական առաքելությունն իրականացրել:

Բոլոր օրենսդրական օղակներն անցած այս փաստաթուղթը` այսօր արդեն իսկ ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. դա նշանակում է, որ պայմանագրերը և սահմանադրական օրենքների մեջ լրացումները արդեն ուժի մեջ են և իրավաբանական առումով Ղրիմը և Սևաստոպոլ քաղաքը Ռուսաստանի Դաշնության մասն են: Երկուշաբթի օրը դրանք կընդգրկվեն նաև Ռուսաստանի պաշտոնական քարտեզներում:

Արևմուտքը Ղրիմի հանրաքվեն լեգիտիմ չի համարում՝ շեշտելով, որ Ռուսաստանը Ղրիմը բռնազավթել է: Երեկ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարեց Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին, որոնց հասցեատերը այս անգամ ոչ միայն ռուսաստանցի պաշտոնյաներն են, այլև «Ռոսիա» բանկը: Ի պատասխան Միացյալ Նահանգների այս որոշման` այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ թեև ինքը այդ բանկում հաշվեհամար չունի, սակայն երկուշաբթի օրը անպայման այդ բանկում հաշիվ կբացի:

Անդրադառնալով Ուկրաինայի կողմից հայտարարություններին, թե Ռուսաստանի նկատմամբ վիզային ռեժիմ կսահմանեն, Պուտինը հայտարարել է, որ ի պատասխան իրենք չեն պատրաստվում ուկրաինացիներից Ռուսաստան մտնելու համար վիզա պահանջել, քանի որ դրանից կտուժեն Պուտինի բնորոշմամբ՝ միլիոնավոր անմեղ ուկրաինացիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG