Մատչելիության հղումներ

ԵՄ-ն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ համաեվրոպական արձագանքով հանդես կգա


Ժոզե Մանուել Բարոզու, Հերման Վան Ռոմպույ
Ժոզե Մանուել Բարոզու, Հերման Վան Ռոմպույ
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպույը երեքշաբթի երեկոյան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` կապված Ղրիմում տիրող իրավիճակի հետ:

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ միությունը չի ճանաչում Ղրիմի ապօրինի հանրաքվեն և դրա արդյունքները: Եվրամիությունը ոչ այժմ, ոչ էլ ապագայում չի ճանաչելու Ղրիմի և Սևաստոպոլի բռնակցումը Ռուսաստանի Դաշնությանը, հայտարարում են ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչները։

Եվրոպական խորհուրդը պատրաստվում է քննարկել իրավիճակը Ուկրաինայում այս շաբաթ և հանդես գալ համաեվրոպական արձագանքով:

Ղրիմի հանրաքվեն «Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը անընդունելի հարված» են անվանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Գերմանիայի և Միացյալ Նահանգների առաջնորդները կրկին հայտարարել են, որ պատժամիջոցներ են կիրառելու նրանց հանդեպ, ովքեր առնչություն ունեն Ռուսաստանին Ղրիմի միացման հետ, սակայն միաժամանակ նշում են, որ բաց են մնում երկխոսության համար:

Իր հերթին Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնեյը երեկ լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է նպատակային պատժամիջոցների, մասնավորապես, որոշ անձանց ակտիվների սառեցման և երկիր մուտք գործելու արգելքի:

«Սպասեք ավելիին»,- ասել է Սպիտակ տան խոսնակը` նշելով, որ աշխատանքներ են տարվում անվանական պատժամիջոցների կիրառման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG