Մատչելիության հղումներ

Երևանը Ղրիմի ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման հույս ունի


Հայաստանը հուսով է, որ ղրիմյան ճգնաժամը կհանգուցալուծվի խաղաղ ճանապարհով և իրավական դաշտում: Այսօր արտգործնախարարությունում Սերբիայի իր գործընկերոջ՝ Իվան Մրկիչի հետ կայացած համատեղ ասուլիսին նման հայտարարություն նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Մենք հուսով ենք, որ կձեռնարկվեն հնարավոր բոլոր քայլերը, որպեսզի խաղաղ ճանապարհով իրավական դաշտում լուծումներ գտնվեն, որոնք կնպաստեն լարվածության նվազեցմանը և կուտակված հարցերի լուծմանը», - մասնավորապես, ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Ճգնաժամը Ղրիմում շարունակվում է: Պաշտոնական Կիևը, Միացյալ Նահանգները եվրոպական երկրները մեղադրում են Ռուսաստանին՝ Ուկրաինայի մաս կազմող թերակղզին բռնազավթելու մեջ: Մոսկվան հերքում է մեղադրանքները՝ հակադարձելով, թե Ղրիմում գտնվող առանց տարբերանշանների զորամիավորումները, որոնք լավ զինված են, ունեն ռազմական մեքենաներ և որոնց անդամները գրեթե միշտ հանդես են գալիս դիմակավորված, ոչ թե ռուսական բանակի ստորաբաժանումներն են, այլ տեղի ինքնապաշտպանական ջոկատները:

Նալբանդյանը հիշեցրեց, որ ղրիմյան ճգնաժամին օրերս անդրադարձել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ինչպես և նախկինում՝ գտնում ենք, որ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը մի գործընկերոջ հետ չպետք է հանգեցնի նոր բաժանարար գծերի ձևավորմանը: Հայաստանը շարունակելու է շահերի համադրությանն ու ներդաշնակեցմանն ուղղված իր քաղաքականությունը»,- Դուբլինում կայացած Եվրոպայի ժողովրդական կուսակցության համագումարում հայտարարել էր նախագահ Սերժ Սարգսյանը՝ միաժամանակ ցավ հայտնելով Ուկրաինայում զոհերի կապակցությամբ:

Սերժ Սարգսյանը, փաստորեն, խուսափել էր աջակցություն հայտնել կողմերից որևէ մեկին:

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է՝ Ռուսաստան հետ միասին: Այսօրվա ասուլիսին Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ՀԱՊԿ-ում քննարկվե՞լ է ղրիմյան ճգնաժամը և եթե չի քննարկվել, քննարկվելու դեպքում՝ պաշտոնական Երևանը ի՞նչ դիրքորոշում է որդեգրելու:

«Երբ որ այդպիսի քննարկումներ լինեն, այն ժամանակ կտեսնենք ինչպես դրանք կզարգանան և ինչպիսի դիրքորոշումներ կարտահայտվեն ըստ զարգացումների, որոնք ընթանում են», - ասաց նա:

Նախորդ շաբաթներին Կիևում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ գրառում թողնելու համար՝ Երևանում Ուկրաինայի դեսպանատանը փետրվարի 22-ին բացվել էր սգո մատյան: Ուկրաինայի դեսպանատուն այցելած ու մատյանում գրառում կատարած Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կարապետյանը օրերս Facebook-ի իր էջում գրել էր, թե այդ մատյանում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների գրառումներ չի կարողացել գտնել, դեսպանատնից էլ իրեն ասել են, որ պաշտոնական Երևանից որևէ արձագանք չեն ունեցել, Հայաստանի ԱԳՆ-ից էլ որևէ մեկը չի այցելել: Վլադիմիր Կարապետյան հայաստանյան իշխանությունների այս կեցվածքը «անհեռատես» էր որակել ու կարծիք հայտնել, որ դա կարող է հարված հասցնել հայ-ուկրաինական հարաբերություններին:

«Ազատության» հետ զրույցում Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան հաստատել էր տեղեկությունը, թե անցած օրերի ընթացքում Հայաստանի նախագահի նստավայրից, կառավարությունից և արտգործնախարարությունից որևէ պաշտոնյա դեսպանատուն չի այցելել, սակայն ասել էր, թե իրեն ցավակցություններ հայտնել են հեռախոսազրույցի միջոցով:

Այսօրվա ասուլիսին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ այդ հարցին:

«Կարծում եմ, որ դա անտեղի և անիմաստ շահարկումներ են, որովհետև արտաքին գործերի նախարարությունը իր խոսնակի միջոցով հայտնել է ցավակցությունները Ուկրաինայի ժողովրդին և դա եղել է մեկ-երկու օր այդ սգո մատյանի բացումից առաջ», - այս առնչությամբ ասաց Նալբանդյանը, - «Սգո մատյանի բացման կապակցությամբ արտգործնախարարությունը նոտա է ստացել Ուկրաինայի դեսպանությունից Երևանում, որը մուտքագրվել է ամսի 24-ին, այսինքն՝ հաջորդ օրը, երբ որ բացվել էր այդ սգո մատյանը, որը բացվել էր կիրակի օրը՝ 23-ին: Ուկրաինայի դեսպանի հետ ամսի 24-ին, երբ մուտքագրվել է այդ նոտան, հեռախոսային զրույց է եղել՝ արտգործնախարարության ներկայացուցչի և դեսպանը ըմբռնումով է մոտեցել, որ իսկապես ուշացումով է ուղարկվել այդ նոտան»:

Ասուլիսին նախարար Նալբանդյանը նաև տեղեկացրեց, որ վաղը Մոսկվայում ինքը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG