Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Արզումանյան․ «Հարցեր տայիք Ռոբերտ Քոչարյանին»


Ալեքսանդր Արզումանյան․ «Հարցեր տայիք Ռոբերտ Քոչարյանին»
please wait

No media source currently available

0:00 0:05:22 0:00

ԱԺ-ում շարունակվում են թեժ քննարկումները մարտի մեկի հանձնաժողովի ստեղծման շուրջ

Ազգային ժողովում այսօր շարունակվեց «Մարտ 1»-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ ՀԱԿ խմբակցության հեղինակած նախագծի քննարկումը:

Երեքշաբթի օրը սկսված ու բավական բուռն ընթացած քննարկումներն այսօր էլ շարունակվեցին նույն ոգով:

«Բացի Հայ ազգային կոնգրեսից ու «Ժառանգություն»-ից, բոլորդ Մարտի 1-ի կոծկման մասնակից եք», - դիմելով դահլիճում նստած քաղաքական ուժերին, որոնք 2008-ին իշխող կոալիցիայի անդամ էին՝ այսօր հայտարարեց նախկին արտգործնախարար, 2008-ի նախագահական ընտրություններում թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը:

«Այնքան հարց տվեցիք Ջհանգիրյանին», - շարունակեց նա․ - «Հարցեր էիք տալիս, հարցեր տայիք Ռոբերտ Քոչարյանին, որը հեռուստատեսությամբ հայտարարում էր, որ ընդդիմադիրները զենքով կրակում են մարդկանց թիկունքից, սպանում են ոստիկաններին․․․ գեթ մեկ հոգի չի դատապարտվել զենք ունենալու համար: Էլ չեմ ասում կրակելու: Բա մի հատ հարցնեիք՝ այ պարոն նախագահ, էս ի՞նչ ես պատմում: Արտգործնախարար կար, որ նույնը անգլերեն լեզվով տարածեց ամբողջ աշխարհով: Սաղ աշխարհին բացատրեցիք, որ ընդդիմադիրները հարձակվել են զենքով: Բա մի հատ հարցնեիք: Պառլամենտի նախագահ ունեիք, քաղաքագիտության դոկտոր Թորոսյանը․․․ Բա մեկդ հարցներ այդ ժամանակ: Էդ հարցերը չեք տվել, հիմա հարցնում եք: [Հոկտեմբերի] 27-ի գործով կասկածյալը այսօր հարցնում է՝ ինչո՞ւ 27-ի հանձնաժողով չեք ստեղծում: Ստեղծիր, ո՞վ ա ձեռդ բռնել: Ստեղծիր, պարզիր, կեղծ ցուցմունք մի տուր, ազնիվ ցուցմունք տուր, կարող է բացահայտվի։ Մե՞նք ինչ կապ ունենք դրա հետ: Մնում ա Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին ցույց անի, գա և պահանջի իրողությունը: Ես զարմանում եմ: Ցինիկությունը, ամեն ինչը իր սահմանը ունի»:

Նիկոլ Փաշինյանն Արզումանյանի ելույթից հետո ծափահարեց, իսկ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը (ԲՀԿ) ընդհանրապես հանեց իր ելույթը:

«Իշխանությունները Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ չբարեհաճեցին անգամ սգի օր հայտարարել 2008 թվականի մարտյան օրերին: Սա մի փաստ է, որ առնվազն քաղաքական մակարդակում հիմք է տալիս հայտարարելու, որ հենց Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգն է կրում մարտիմեկյան սպանդի առաջնային պատասխանատվությունը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ)՝ հավելելով, թե չարժե հավերժ մարդկանց համբերությունը չափել․ - «Հաջորդ անգամ հրապարակում կանգնած քաղաքացին կունենա արդյունքներ և ոչ թե հետևանքներ»:

ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե մայդան Հայաստանում չի լինի․ - «Մի վարկաբեկեք մեր երկրի առաջին նախագահին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին: Գոնե մի քիչ նմանվեք: Այդ պրովոկացիոն ելույթները մայդանական ոճով․․․ Մի անգամ ոգևորվեցիք արաբական աշխարհի խառնաշփոթով, հիմա էլ ոգևորվել եք մայդանով: Մեր մայդանը եղել է 1988 թվականին՝ և ավելի հզոր»:

Իշխող ուժի որևէ ներկայացուցիչ այսօր չասաց, թե դեմ է 2008-ի մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը, բայց կողմ չէին Մարտի 1-ի քաղաքական էջը բացելուն: Նախագահ Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ Սամվել Ֆարմանյանը (ՀՀԿ), օրինակ, առաջարկեց օդում մնացած բոլոր հարցերի պատասխանը թողնել ժամանակին:

Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ) ասաց, թե սպանդն իրականացնողները մի քանի հայտնի մարդիկ են, բայց «դուք չեք կարող ձերոնց հանձնել»: Նա կոչ արեց իշխանության գործընկերներին Ուկրաինայի օրինակին հետևել և իրերն իրենց անուններով կոչել, այլապես վաղն անուն առ անուն հիշվելու են: «Այսքանը, Գալուստ Գրիգորևիչ», - եզրափակեց նա:

Իշխանությունը այսօր ընդդիմադիրներին հիշեցրեց նաև նախկինների մեղքերը՝ թե ինչպես, իրենց պնդմամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կեղծեց 1996 թվականի նախագահական ընտրությունները:

Կրքերը պարբերաբար հանդարտեցնող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե խոսել է Գլխավոր դատախազի հետ․ իրավապահները զբաղվում են Մարտի 1-ի գործով․ - «Ընթանում են բազմաթիվ օպերատիվ-քննչական գործողություններ: Ինքը և ես ունենք համոզմունք, որ ապագայում առաջընթաց, դրական տեղաշարժ կունենանք»:

Հանձնաժողովի ստեղծմանը կողմ են քվեարկելու այն ստեղծելու ՀԱԿ-ի նախաձեռնությունը պաշտպանած ԲՀԿ-ն, «Ժառանգություն»-ը և Դաշնակցությունը:

Այդուհանդերձ հանձնաժողովի ստեղծումը կախված է իշխանական կոալիցիայի քվեարկությունից:

«Մարտի 1-ի դեպքերը բացահայտվելու են, բայց ոչ պրովոկատորների, այլ մեր՝ լուրջ մարդկանց միջոցով», - ասաց Գալուստ Սահակյանը՝ այդպես էլ չհայտարարելով, թե ինչպես է քվեարկելու դեռ անցած տարի Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու քաղաքական դրական դիրքորոշում հայտնած ՀՀԿ-ն․ - «Հանգիստ սպասեք հաջորդ քառօրյային: Այսօր էի ուզում ասել, բայց չեմ ասում մեկ պատճառով: Որովհետև հիմա արդեն կողմնորոշվելու իրավունք կա՝ գնա՞լ պրովոկատորների հետ, թե՞ չգնալ»:
XS
SM
MD
LG