Մատչելիության հղումներ

Թեժ քննարկում Մարտի 1-ի հանձնաժողովի հարցով. ՀՀԿ-ն անցնում է հակագրոհի


Թեժ քննարկում մարտի 1-ի հանձնաժողովի հարցով. ՀՀԿ-ն անցնում է հակագրոհի
please wait

No media source currently available

0:00 0:05:39 0:00
Իշխող Հանրապետականն այսօր անցավ հակագրոհի՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հարցադրումներ անելով Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) պատգամավոր, հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանին:

Հանրապետական խմբակցության անդամները անդրադարձան ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանատվության հարցին, այլ նախկին զինդատախազ Ջհանգիրյանին հիշեցրին հոկտեմբերի 27-ի գործը:

Մինչ հարց տալը Հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանը նախ առաջարկեց խորհրդարանին մեկ րոպե լռությամբ հարգել մարտի 1-ի զոհերի հիշատակը:

Լռության այս րոպեին չմասնակցեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Նա, ավելի ուշ պարզաբանելով իր արարքը, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.- «Ես չմասնակցեցի լռության րոպեին և դուրս եկա դահլիճից, որովհետև այսօր Ազգային ժողովի դահլիճում նստում են մարդիկ, ովքեր ուղղակի կապ ունեն մարտի 1-ի սպանությունների կազմակերպման և իրագործման հետ, մարդիկ, ով անձամբ տվել են Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու հրամաններ, բացառված չէ անգամ՝ գտնվեն անմիջական կատարողներ: Նրանց հետ կողք-կողքի մարտի 1-ի զոհերի հիշատակի լռության րոպեին մասնակցելը, իմ ընկալմամբ, անարգանք կլիներ զոհերի հիշատակի առաջ»։

Լռության մեկ րոպեից հետո հանրապետական Մարգարիտ Եսայանը խոսքն ուղղեց հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանին՝ ասելով, որ նույնիսկ եթե ընդդիմության ուզած հանձնաժողովը չստեղծվի, միևնույն է՝ Ջհանգիրյանը պետք է բավարարվի, քանի որ հարցերին երկար պատասխանելու հնարավորություն է ստացել: Ջհանգիրյանն էլ հակադարձեց՝ պարզաբանելով, թե ինչից է բավականություն ստանում:

«Տիկին Մարգարիտա, նախ տարբեր մարդիկ տարբեր բաներից են բավարարվում, ես երկար ու բարակ ելույթ ունենալուց բավականություն չեմ ստանում, ուրիշ բաներից եմ բավականություն ստանում»,- ասաց նա։

«Ես շատ նրբանկատորեն չեմ ուզում անդրադառնալ Ձեր ռեպլիկին բավարարվել-չբավարարվելու մասով, թողնում եմ Ձեր ճաշակին»,- ասաց Եսայանը։

Հանրապետական երիտասարդ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ հարց ուղղեց Գագիկ Ջհանգիրյանին, թե ի՞նչ խորհուրդ կտա, եթե ապագայում իր թոռներին ներկայացնելու լինի՝ ինչ հետևություններ պետք է անի իշխանությունը և ընդդիմությունը, որպեսզի մեր երկրում նման իրադարձություններ տեղի չունենա: Ջհանգիրյանը պատասխանեց՝ խորհուրդ կտա քաղաքական խնդիրները չլուծել զենքի միջոցով:

«Խորհուրդ չեմ տա, որպեսզի սպանություններ, ծանր այլ հանցագործություններ կատարած անձինք խուսափեն քրեական պատասխանատվությունից»,- ասաց նա։

Հանրապետական խմբակցության անդամ, ՍԻՄ կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանը նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին նախ մեղադրեց քրեական գործերը կոծկելու մեջ և հիշեցրեց հոկտեմբերի 27-ը:

«Դուք ասացիք, որ որպես դատախազ՝ որևէ գործ երբեք չեք կոծկել, կարող եմ բազմաթիվ հակառակ օրինակները բերել, բայց բավարարվեմ հոկտեմբերի 27-ի գործով։ Որպես այդ գործով տուժած ճանաչված անձ՝ պնդում եմ, որ դեպքի օրը գիտեինք նույնքան ինֆորմացիա, ինչքան գործի քննության և դատաքննության ավարտի արդյունքում։ Արդյոք չեք կարծո՞ւմ, որ մի հանձնաժողով էլ պետք է ստեղծել այդ գործի վերաբերյալ հարցականները քննելու համար»,- ասաց Բաբուխանյանը։

Ի պատասխան Գագիկ Ջհանգիրյան ասաց, թե կողմ է հոկտեմբերի 27-ի գործով հանձնաժողով ստեղծելուն, ապա Բաբուխանյանին հիշեցրեց նրա կարգավիճակը այդ գործի հետ կապված.- «Դուք դատավարական կարգավիճակ ունեցել եք, որպես տուժող, որովհետև գտնվել եք դահլիճում, բայց փաստացի Դուք նաև այլ կարգավիճակ եք ունեցել՝ ոչ դատավարական։ Այստեղ ուզում եմ փակել այս թեման»։

Բաբուխանյանը հակադարձեց՝ իր «այլ կարգավիճակը» Ջհանգիրյանի ձգտումն ու երազանքն էր, որը չիրականացավ։

Հոկտեմբերի 27-ի հարցը արծարծելուց հետո Բաբուխանյանը նաև առաջարկեց, որ գուցե քննչական մարմինների կատարած աշխատանքից բացի Ազգային ժողովը պետք է գնահատական տա նաև մարտի 1-ի կազմակերպիչներին: Ապա ՍԻՄ նախագահը անցավ Լևոն Տեր-Պետրոսյանին.- «Այստեղ հարց է ծագում. եթե նախորդ ամբողջ ընթացքի ժամանակ՝ որպես կազմակերպիչների ղեկավար, Լևոն Տեր-Պետրոսյանը չի ներկայացել ոչ հանձնաժողովին, ոչ էլ քննչական մարմիններին, ի՞նչ եք կարծում, այս անգամ, եթե մենք ստեղծենք հանձնաժողով, նա կներկայանա՞, թե՝ ոչ»։

«Լևոն Տեր-Պետրոսյանին քննչական մարմին չեն հրավիրել, իսկ ձեր նախորդ գումարման Ազգային ժողովում ձևավորված հանձնաժողովին չի ներկայացել, ներկայացուցիչ չի նշանակել, որովհետև վստահություն չի ունեցել։ Հիմա մենք էստեղ ենք, ճիշտ է՝ թվով շատ մեծ չենք, բայց ունենք գործընկերներ, և եթե հանձնաժողով ձևավորվի և կարիք լինի Լևոն Տեր-Պետրոսյանին հրավիրել հանձնաժողով, ես անձամբ խոստանում եմ գնալ, խնդրել, համոզել, որ նա ներկայանա»,- ասաց Ջհանգիրյանը։

Անմասն չմնաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։ Նա էլ հարցրեց, թե արդյոք նոր հանձնաժողովի ստեղծումը չի նշանակո՞ւմ, որ ՀԱԿ-ը չի հարգում Մարտի 1-ի նախկին հանձնաժողովի աշխատանքը:

«Տիկին Բիշարյան, Դուք մայր եք, Դուք պետք է հասկանաք, որ այս տասը մայրերը սպասում են, որ իրենց երեխաների մարդասպաններին հայտնաբերեն և դատեն»,- պատասխանեց Ջհանգիրյանը։

Վաղը խորհրդարանում քննարկումները կշարունակվեն, սակայն արդեն իսկ պարզ է, որ իշխող մեծամասնությունը դեմ է քվեարկելու Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի առաջարկին: Այդ մասին նաև «Ազատության» հետ զրույցում նշեց Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Վերջինս հորդորեց Գագիկ Ջհանգիրյանին՝ եթե մարտի 1-ի հետ կապված ունի նոր ապացույցներ կամ փաստեր, ապա թող ներկայացնի համապատասխան մարմիններին:
XS
SM
MD
LG