Մատչելիության հղումներ

Առաջին զոհը Ղրիմում տեղի ունեցած բախումների արդյունքում


Ղրիմի ինքնավարության Գերագույն խորհրդի շենքի մերձակա հրապարակը: Սիմֆերոպոլ, 26-ը փետրվարի, 2014 թ․
Ղրիմի ինքնավարության Գերագույն խորհրդի շենքի մերձակա հրապարակը: Սիմֆերոպոլ, 26-ը փետրվարի, 2014 թ․
Մեկ զոհ, առնվազն յոթ վիրավոր․ այսպիսին են, ըստ պաշտոնական տվյալների, Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլի կենտրոնում ծագած ոուս-թաթարական բախումների առաջին հետևանքները:

Ինքնավար հանրապետության Առողջապահության նախարարության տվյալներով, զոհը տարեց տղամարդ է, ենթադրաբար սրտի կաթված է ստացել բախումների ամենաթեժ պահին:

Ռուսական և թաթարական կազմակերպությունների մի քանի տասնյակ հազար կողմնակիցները վաղ առավոտից փորձում էին հսկողություն տակ առնել ինքնավարության Գերագույն խորհրդի շենքի մերձակա հրապարակը:

Իրավիճակն այստեղ սրվեց այն բանից հետո, երբ երեկ երեկոյան շենքի մոտ տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները խորհրդարանի շենքի վրա տեղադրեցին Ռուսաստանի դրոշը` պահանջելով տեղական իշխանություններից ինքնավարության լիազորությունների ընդլայնման հարցով հանրաքվե անցկացնել:

Ղրիմի խորհրդարանը այդ հարցը պետք է քննարկեր այսօր, սակայն առավոտվանից մայրաքաղաք ժամանած թաթար ակտիվիստները շրջապատեցին օրենսդիր մարմնի շենքը` փաստորեն կաթվածահար անելով պատգամավորների աշխատանքը: Թաթար ակտիվիստները իրենց միանշանակ աջակցությունն են հայտնում Կիևի նոր իշխանություններին և պնդում են, որ Ղրիմի թերակղզին պատկանում է բացառապես թաթարներին:

«Ղրիմը թաթարական հող է: Աստված ամեն մեկին իր երկիրն է տվել, ռուսներին` Ռուսաստանը, հայերին` Հայաստանը, թաթարներին էլ՝ Ղրիմը», - նշում էր ցույցի մասնակիցներից մեկը տեղական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում:

Ղրիմի ղեկավարությունը, ի դեպ, հերքում է այն տեղեկությունները, թե ինքնավարության օրենսդիր մարմինը կարող է որոշում կայացնել Ուկրաինայի կազմից դուրս գալու մասին: Նման հայտարարությամբ այսօր հանդես եկավ Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը: Չնայած դրան, թաթարական կազմակերպությունների ներկայացուցիչները չհանդարտվեցին` մոտ 15 րոպե տևած ընդհարումից հետո կարողանալով վերջնականապես հետ մղել ռուս ակտիվիստներին: Ղրիմի թաթարներին միավորող կազմակերպության` Մեջլիսի ղեկավար Ռեֆատ Չուբարովը այսօր Սիմֆերոպոլի կենտրոնում տեղի ունեցածը «հաղթանակ» որակեց:

«Որևէ լեզու, մշակույթ կամ ապրելակերպ չեն կարող գերակշիռ լինել Ղրիմում», - նշում էր թաթարների առաջնորդը:

Բախումների ավարտին թաթար ցուցարարների մի մասը վերադարձան այն շրջաններ, որտեղից ժամանել էին Սիմֆերոպոլ, մյուսները մնացին Գերագույն խորհրդին հարող հրապարակում` խարույկների շուրջ հավաքված: Տեղական լրատվամիջոցների համոզմամբ, բախումները կարող են վերսկսվել ցանկացած պահի, քանի որ հրապարակի մուտքի մոտ շարունակվում է նաև ռուսական կազմակերպությունների համակիրների բողոքի ակցիան, իսկ ցուցարարների շրջանում բավական մեծ թիվ են կազմում սադրիչները:

Այսօրվա ղրիմյան բախումների թերևս ամենից շատ աչքի ընկնող առանձնահատկությունը ոստիկանության պասիվությունն էր: Իրավապահները տեղի ունեցող դրամատիկ իրադարձություններին գրեթե չէին միջամտում: Ուշագրավ է, որ բախումները սկիզբ առան երկրի ներքին գործերի նորանշանակ նախարար Արսեն Ավակովի` Ղրիմի ոստիկաններին ուղղած կոչից ընդամենը մեկ ժամ հետո:

«Ես կոչ եմ անում բոլոր իրավապահներին` Սևաստոպոլից մինչև Սիմֆերոպոլ: Մեր առաջնային նպատակը մի կողմից` ռուսական, մյուս կողմից` եվրաինտեգրման օգտին կամ Ղրիմի թաթարներին ներկայացնող ծայրահեղական կազմակերպությունների միջև բախումները կանխելն է: Մենք որևէ ռազմական հակամարտություն չենք կարող թույլ տալ», - նշում էր Ավակովը:

Ի դեպ, նորանշանակ նախարարը արդեն իսկ մի շարք արմատական փոփոխություններ է իրականացրել երկրի ոստիկանական համակարգում՝ մասնավորաբար լուծարելով տխրահռչակ «Բերկուտ» հատուկ նշանակության ջոկատը:

«Այս քայլին ես դիմել եմ, քանի որ այս ստորաբաժանումը իրեն լիովին վարկաբեկել է ուկրաինացի ժողովրդի աչքում», - հայտարարել է Ավակովը:

«Բերկուտի» տարածքային ստորաբաժանումներից մեկը սակայն չի լուծարվի: Խոսքը Սևաստոպոլի մասին է, որի նորընտիր քաղաքապետ Ալեքսեյ Չալին հայտարարել է, որ տեղական իշխանությունները չեն ենթարկվի Ավակովի հրահանգին: Նրա խոսքով, քաղաքային բյուջեն պատրաստ է հոգալ ստորաբաժանման բոլոր ծախսերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG