Մատչելիության հղումներ

«Երևան Ջուր»-ը սակագների բարձրացման հայտ է ներկայացնում


«Երևան Ջուր» ընկերությունը այսօր հաղորդագրություն է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագների բարձրացման հայտ է ներկայացնում:

Նշելով, որ վարձակալության պայմանագրի համաձայն` ընկերությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի փետրվարի վերջին օրերին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնել իր կողմից մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտված հաշվարկները՝ հաջորդ պայմանագրային տարվա համար, «Երևան Ջուր»-ը տեղեկացնում է, թե արդեն ավարտել է հաշվարկների ճշգրտումը գործունեության 9-րդ տարվա համար: Ըստ այդմ, մասնավորապես, խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման գործող սակագինը՝ ներառյալ ԱԱՀ, կազմում է 170.256 դրամ/խորանարդ մետր, ճշգրտվածը` 177.746 դրամ/խմ, առաջարկվում է նաև մեծածախ ծառայությունների սակագների որոշակի աճ:

«Սակագների բարձրացման հայտի համար համար հիմք է ծառայել սղաճը, որն աճել է 5.8 տոկոսով՝ 2012 թվականի 2.6 տոկոսի դիմաց: Ընդ որում, մասնավորապես մանրածախ ծառայությունների սակագինը բարձրացել է 8․8 դրամով, սակայն քանի որ ընկերության կողմից ջրի վաճառքի կանոնավորման ու ապօրինությունների դեմ պայքարի շնորհիվ այդ նույն ժամանակ հաջողվել է ջրի վաճառքի ծավալն ավելացնել մոտ 1․2 միլիոն խորանարդ մետրով, ինչը զսպիչ գործոն է, հնարավոր է դարձել սակագնի աճը նվազեցնել 1.3 դրամով: Արդյունքում գրանցվել է 7.49 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ)», - ասված է հաղորդագրությունում:

Սակագները վերջնականապես կսահմանվեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ հաշվարկների եռամսյա ուսումնասիրությունից հետո, իսկ նոր սակագները ուժի մեջ կմտնեն նշված որոշումից մեկ ամիս հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG