Մատչելիության հղումներ

«Մայդանում նաև մենք ենք» կարգախոսով երթ Երևանում


Հաղթանակի զբոսայգուց մեկնարկած երթի վերջնակետը Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունն էր:

«Մայդանում նաև մենք ենք» կարգախոսով երթը Երևանի Հաղթանակի զբոսայգուց շարժվեց դեպի Հայաստանում Ուկրաինայի դեսպանատուն: «Պուտին, Կիևից գնա տուն», «Ուկրաինայում Մարտի 1 է» բովանդակությամբ պաստառներ պարզած՝ Հայաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ իրենց աջակցությունը հայտնեցին Ուկրաինայում ազատության, մարդկային արժանապատվության համար պայքարի դուրս եկած քաղաքացիներին՝ խստորեն դատապարտելով Ուկրաինայի իշխանությունների կողմից կատարված բռնությունները:

«Մենք անցել ենք գրեթե նույն ճանապարհը, ինչ այժմ տեղի է ունենում Ուկրաինայում: Վեց տարի առաջ հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների համար կանգնած Հայաստանի քաղաքացիները գնդակահարվեցին Երևանի փողոցներում։ Մենք չկարողացանք բավարար դիմակայել ռեժիմին, արդյունքում այսօր վտանգված է նաև Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը» - Ուկրաինայի դեսպանատան մոտ հայտարարում էին ակցիայի մասնակիցները։

«Պուտինը հանդիսանում է ուղղակի մեղսակիցը և մասնակիցը Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ ահաբեկչական գործողության համար, ով ուղղակի հրճվում է արյունահեղությամբ» ,- ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը,- «Պահանջում ենք դեսպանատնից մեր խոսքը հասցնել իշխանություններին։ Դուք ոչ թե Յանուկովիչի ներկայացուցիչներն եք, այլ Ուկրաինայի ժողովրդի, ժողովուրդ, որը հստակ ասել է, որ իրենք Մաքսային միությունը չեն ընդունում։ Խելքներդ գլուխներդ հավաքեք»։

«Մայդանում որոշվում է նաև մեր ճակատագիրը, թե արդյոք Հայաստանը կկարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունը»,- հայտարարեց ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը,- «Մենք կարծում ենք, որ Յանուկովիչի ռեժիմի տապալումը նաև Սերժ Սարգսյանի ռեժիմի անկման նախասկիզբը կարող է լինել, որովհետև ռեժիմները պահում են միմյանց կրակոցներով և նրանք չունեն ազգություն»։

Ակցիային մասնակցում էին հիմնականում քաղաքացիական ակտիվիստներ, քաղաքական գործիչներից ներկա էին ընդդիմադիր Դավիթ Շահնազարյանը, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Ստյոպա Սաֆարյանը, Հովսեփ Խուրշուդյանը և Դավիթ Սանասարյանը:

«Երեկ Յանուկովիչը դադարեց լեգիտիմ նախագահ լինելուց: Յանուկովիչն ու նրա իշխանությունն այսօր ոչ թե իշխանություն են, այլ ընդամենը հակամարտության կողմ», - Ուկրաինայի դեսպանատան մոտ հայտարարեց Դավիթ Շահնազարյանը՝ շարունակելով․ - «Պուտինը իր դրածո դարձած Յանուկովիչի միջոցով իր նեոկայսերապաշտական ծրագրերն իրականացնելու համար որոշել է փորձել Ուկրաինայում սահմանել բռնապետություն, իսկ Ռադան դադարել է քաղաքական մարմին լինելուց և օգտագործելով բացառապես թվաբանական մեծամասնությունը՝ նպաստում է բռնապետության հաստատմանը: Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Կիևում, կազմակերպվել և իրականացվել է նույն կենտրոնի կողմից, ինչը տեղի է ունեցել Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ին»:

Համոզմունք հայտնելով, որ, այնուամենայնիվ, Ուկրաինայում բռնապետությունը չի անցնի, Շահնազարյանը հավելեց, թե «երեկ Մայդանում պայթեց Պուտինի կայսերապետական քաղաքականությունը»:

«Պահանջում ենք, որպեսզի միջազգային հանրությունը իրավական գնահատական տա մարդկության դեմ կատարված հանցագործություններին Կիևում, ինչպես նաև՝ 2008 թվականի Մարտի 1-ին Երևանում։ Իրավական գնահատական, որովհետև դրանք հանցագործություններ են մարդկության դեմ։ Փառք Ուկրաինային, փառք Հայաստանին»,- եզրափակեց Շահնազարյանը։

Ելույթ ունեցողները նույնիսկ հնչեցնում էին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին Հաագայի դատարան հանձնելու, արևմտյան երկրներում նրա և նրա թիմի բանկային հաշիվները սառեցնելու կոչեր:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը մտահոգություն հայտնեց, որ եթե չդադարի այդ արյունահեղությունը, Ուկրաինայում կարող են քաոս և անկանխատեսելի զարգացումներ լինել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հիշեցնելով, որ Հայաստանում անցած տարվա նախագահական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանին շատերն էին մեղադրում բազմամարդ ցույցը նախագահի նստավայր տանելու փոխարեն Ծիծեռնակաբերդ ուղղելու համար, Սաֆարյանը հավելեց, որ ամեն մարդ չի կարող ուրիշի արյան պատասխանատվության բեռի տակ ընկնել։ Իսկ որ Հայաստանի իշխանությունները կանեին ավելին, քան Յանուկովիչն է այսօր Ուկրաինայում անում, Սաֆարյանը չէր կասկածում:

«Շատ ավելի վայրագ կարող էր լինել, մանավանդ, որ Հայաստանն արդեն ուներ Մարտի 1-ի նախադեպ, որի համար որևէ մեկը պատասխանատվություն չկրեց։ Հետևաբար, իշխանությունը բացարձակապես կաշկանդված չէր լինելու կիրառել
իր ուժը»,- ասաց նա։

Ուկրաինայի դեսպանատունը շրջապատված էր ոստիկաններով։ Ակցիան անցավ առանց միջադեպերի։
XS
SM
MD
LG