Մատչելիության հղումներ

Բախումները Կիևում շարունակվում են


Կիև, 19-ը փետրվարի, 2014թ․
Կիև, 19-ը փետրվարի, 2014թ․

Վիկտոր Յանուկովիչի հրամանագրով փետրվարի 20-ը Ուկրաինայում սգո օր է հայտարարվել:

25 զոհ, շուրջ 400 վիրավոր, մի քանի տասնյակ այրված մեքենա` այդ թվում ոստիկանությանը պատկանող երկու զրահամեքենա, մի քանի լրջորեն վնասված շինություն: Այսպիսին են երեկ կեսօրին սկիզբ առած կիևյան բախումների արդյունքները:

Սպանվածներից 7-ը ոստիկանության աշխատակիցներ են: 25 զոհերից մեկը Կիևում լույս տեսնող «Վեստի» պարբերականի լրագրող Վյաչեսլավ Վերեմին է: Վիրավորներից հինգը ևս լրագրողներ են:

Այս պահին բախումները Կիևի կենտրոնական Անկախության հրապարակում՝ Եվրոմայդանում շարունակվում են, մի հատվածում կենտրոնացել են ոստիկանության ուժերը, մյուսում` մոտ 20 հազար ցուցարարներ: Կողմերից և ոչ մեկը, սակայն, առայժմ որևէ կտրուկ քայլի չի դիմում:

Ուկրաինայի մայրաքաղաքը գրեթե կաթվածահար վիճակում է` մետրոն չի գործում, քաղաք տանող ճանապարհները փակ են, կենտրոնական թաղամասերը ևս գտնվում են ոստիկանության ուժեղացված հսկողության ներքո:

Մի քանի ժամ առաջ էլ հայտնի դարձավ, որ Դնեպրոպետրովսկում գտնվող դեսանտային բրիգադը երկրի պաշտպանության նախարարի հրամանով տեղափոխվել է Կիև: Նման քայլի պաշտոնական վարկածը «մայրաքաղաքում գտնվող զինապահեստների պաշտպանությունն է»:

Երեկ ողջ օրվա ընթացքում ընդդիմության կողմնակիցները դիմադրում էին մի քանի ուղղությամբ առաջացող հատուկ ջոկատայիններին ու ներքին զորքերի զինծառայողներին: Ուշագրավ է,որ ուկրաինական ոստիկանությունը Գերագույն ռադայի շենքի մոտ տեղի ունեցած բախումներից հետո ընդամենը մեկ ժամում կարողացավ գրավել Գրուշևսկու փողոցում և Եվրոպեյսկայա հրապարակում կառուցված այն բոլոր բարիկադները, որոնք ավելի քան մեկ ամիս անառիկ էին համարվում:

Երեկոյան կողմ Մայդանում հավաքված ցուցարարները ընդհանրապես մնացին առանց ղեկավարության: Ընդդիմության երկու առանցքային ղեկավարները` Վիտալի Կլիչկոն և Արսենի Յացենյուկը մեկնեցին նախագահի նստավայր` Վիկտոր Յանուկովիչի հետ բանակցելու նպատակով: Մոտ երկու ժամ շարունակ ընդդիմադիրները Յանուկովիչի ընդունարանում սպասում էին, թե երբ է իրենց հետ հանդիպելու երկրի ղեկավարը: Այդ նույն պահին հատուկ ջոկատայինները շարունակում էին իրենց առաջխաղացումը դեպի Անկախության հրապարակի վրանային ավանը, իսկ ինքը Վիկտոր Յանուկովիչը հանդես էր գալիս բավական կոշտ հեռուստաուղերձով` դիմելով հենց այդ պահին իր աշխատասենյակից մի քանի քայլ այն կողմ գտնվող ընդդիմադիրներին:

«Ես մեկ անգամ ևս դիմում եմ ընդդիմության առաջնորդներին, որոնք պնդում են, թե իրենց նպատակը քաղաքական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումն է: Տարանջատեք ձեզ այն արմատական ուժերից, որոնց նպատակը արյունահեղությունն ու իրավապահների հետ բախումներ հրահրելն է: Եթե դա չի արվում, դուք պետք է հստակորեն ընդունեք, որ աջակցում եք ծայրահեղականներին: Այդ դեպքում ձեզ հետ մենք ստիպված կլինենք միանգամայն այլ կերպ խոսել», - հայտարարեց Յանուկովիչը:

Ընդդիմությունը Յանուկովիչի կոչերը բնութագրեց որպես ադեկվատության կորուստ: Ողջ գիշեր մի շարք եվրոպական պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը, փորձում էին կապ հաստատել Յանուկովիչի հետ, վերջինս, սակայն, այդ հեռախոսազանգերին չէր պատասխանում: Միակ բացառությունը Վիկտոր Յանուկովիչն արեց Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ներկայացուցիչների համար:

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Յանուկովիչի հետ հեռախոսազրույցի ընթացքում պահանջեց Կիևից դուրս բերել ոստիկանության հատուկ ջոկատայիններին: Կեսգիշերից հետո տեղի է ունեցել նաև Յանուկովիչ - Պուտին հեռախոսազրույցը, որի մանրամասները հայտնի չեն: Պուտինի մամուլի խոսնակը միայն տեղեկացրել է, որ Ռուսաստանի նախագահի համոզմամբ` «Ուկրաինայում առկա ներքաղաքական ճգնաժամի հաղթահարումը այդ երկրի լեգիտիմ իշխանությունների բացառիկ իրավունքն է»:

Եվրամիության ներկայացուցիչները չեն բացառում, որ պաշտոնական Կիևի դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել: Եվրամիության ներսում այս գաղափարը ակտիվորեն պաշտպանում են նախևառաջ Լեհաստանն ու Ֆրանսիան: Վաղը Բրյուսելում Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները կհավաքվեն արտակարգ նիստի: Քեթրին Էշթոնի այս նախաձեռնության մասին Twitter-ի իր էջում տեղեկացրել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը:

Ուկրաինայի ներսում, սակայն, տեղի ունեցող իրադարձությունների մասին գնահատականները այնքան էլ միանշանակ չեն: Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկի գնահատմամբ, օրինակ, երեկ տեղի ունեցած բախումների համար հավասարապես մեղավոր են թե՛ իշխանությունը և թե՛ ընդդիմությունը: «Բոլորին էլ հարկավոր է պատժել: Անմեղ մարդիկ այլևս չկան, մեղավոր են բոլորը, և բոլորին էլ հարկավոր է պատժել` թե՛ ընդդիմության ներկայացուցիչներին և թե՛ իշխանավորներին: Այդ երկու ուժերի գործողություններն էին, որ ի վերջո հանգեցրին արյունահեղության», - ասել է Կրավչուկը:

Նախկին նախագահի համոզմամբ՝ երեկ սկիզբ առած բախումները տարբերվում էին նախկինում արձանագրված ընդհարումներից․ - «Երեկ տեղի ունեցած հակամարտության առանձնահատկությունը գործողություններն էին, որոնք կիրառեց ընդդիմությունը: Երեկ իշխանությունը ցուցարարներին չէր ծեծում՝ իշխանությունը պարզապես պաշտպանում էր խորհրդարանի շենքը»:

Մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ Վիկտոր Յանուկովիչի հրամանագրով փետրվարի 20-ը Ուկրաինայում սգո օր է հայտարարվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG