Մատչելիության հղումներ

Շփման գծում լարվածության աճը խոչընդոտում է բանակցային գործընթացը


ԵԱՀԿ Մինսկի խումբը համարում է, որ հայ-ադրբեջանական շփման գծում նկատվող լարվածության աճը խոչընդոտում է բանակցային գործընթացը:

Այսօր Երևանում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում այսպիսի հայտարարություն ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Ժակ Ֆորը և Իգոր Պոպովը Երևան ժամանեցին Բաքվից, որտեղ նրանք հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ:

«Բաքվում մենք շարունակեցինք այն խոսակցությունը, որը մեկնարկել էր Վիեննայում և որը վերաբերում է այժմ սեղանին դրված փաստաթղթին: Բացի այդ մենք քննարկեցինք շփման գծում իրադրության սրման հարցը, մենք հանդիպել ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ, ով ներկայացրել է տեղի ունեցածի վերաբերյալ իր վարկածը: Այստեղ Երևանում հանդիպեցինք Հայաստանի պաշտպանության նախարարին, ով ներկայացրել է իր վարկածը, որոնք ամբողջովին չեն համընկնում: Այդուհանդերձ մենք շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ: Մենք հիմք ենք ընդունում այն, որ ցանկացած կողմից ցանկացած զոհ մեծ կորուստ է և վնասում է բանակցային գործըթնացը: Ուստի, հույս ունենք, որ զինադադարի ռեժիմը կշարունակի պահպանվել: Մենք զինադադարի ռեժիմը պահպանելու կոչ ենք արել ադրբեջանական կողմին, այդ թեմայով խոսել ենք Հայաստանի պաշտպանության նախարարի հետ և, բնականաբար, կխոսենք Հայաստանի նախագահի հետ: Բացի այդ այսօր մենք ծրագրում ենք քննարկել հարցեր՝ կապված հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների հետ, առաջարկել այն տարբերակները, որոնք քննարկել են Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները: Այնտեղ բավականին կառուցողական խոսակցություն էր: Բայց, բնականաբար, ոչ բոլոր հարցերն են լուծված, հակասությունները դեռ պահպանվում են, որոնց հաղթահարման ուղղությամբ մենք շարունակում ենք աշխատել»:

Լրագրողներից մեկի հարցին, թե ե՞րբ են հանդիպելու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, Պոպովը արձագանքեց․ - «Դեռ վաղ է ասել․․․ բայց մենք հիմք ենք ընդունում այն, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի բարձր մակարդակով: Այդ մասին Վիեննայում պայմանավորվածություն է ձեռք բերվել: Որպեսզի հանդիպեն երկու նախագահները, պետք է [առաջարկությունների փաթեթին հավելել] ադեկվատ ու էական լրացում: Եվ այդ ուղղությամբ մենք այժմ աշխատում ենք»:

Էդվարդ Նալբանդյանի ու համանախագահների հանդիպումից հետո արտգործնախարարությունը հաղորդագրություն տարածեց, որում, մասնավորապես, ասված է. - «Նախարար Նալբանդյանը կարևորել է ադրբեջանական կողմի շարունակական սադրանքների կանխարգելման անհրաժեշտությունը և նշել է, որ Հայաստանը լիովին կիսում է համանախագահների կարծիքն առ այն, որ Հայաստանի հետ սահմանին և Ղարաբաղի հետ շփման գծում տեղի ունեցող միջադեպերը խանգարում են բանակցային գործընթացին, նվազեցնում են խաղաղության հասնելու հնարավորությունները»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երևանայն այցը այս անգամ մի փոքր աղմկոտ ստացվեց: Կեսօրին մոտ արտգործնախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միությունը: Միության անդամները պահանջում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից «դատապարտել ադրբեջանական կողմի սադրանքները սահմանին»:

Իսկ ավելի վաղ` առավոտյան, ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպել էր հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Եվ այդ հանդիպմանը, անդրադառնալով շփման գծում լարվածության աճին և թե ինչ ազդեցություն կարող է ունենալ լարվածության աճը բանակցային գործընթացի վրա, Ուորլիքը, մասնավորապես ասել է, թե խաղաղությունը հնարավոր է և համանախագահները աշխատում են այդ ուղղությամբ:

«Ադրբեջանի հետ կապված․․․կարծում եմ, որ այնտեղ կան մարդիկ, ովքեր ունեն ամուր համոզմունքներ և կան նաև մարդիկ, ովքեր ձեզ նման ցանկանում են խաղաղություն, երկխոսություն և հաշտեցում», - նշել էր Ուորլիքը:

Սպասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այսօր կընդունի նաև նախագահ Սերժ Սարգսյանը:

Այս անգամ համանախագահները Ստեփանակերտ չեն այցելի:
XS
SM
MD
LG