Մատչելիության հղումներ

Լարված շաբաթ առաջնագծում. Հրադադարի 1500 խախտում, 14 000 կրակոց


Հունվարի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում լարվածությունը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հասել էր գագաթնակետին, հայտարարում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։

Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ շաբաթվա ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1500 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14.000 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան քայլեր ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,- ասված է հաղորդագրությունում։

ԼՂ պաշտպանության նախարարությունը անդրադառնում է նաև այս շաբաթվա սկզբում արձանագրված ադրբեջանական դիվերսիային՝ հայտարարելով, որ ադրբեջանական կողմը մեծ կորուստներ կրելով նահանջել է իր ելման դիրքերը:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն անմիջապես հերքեց դիվերսիայի մասին տեղեկատվությունը՝ նշելով, որ հայկական կողմի կորուստը ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանք է: Սակայն պետք է նկատել, որ այդ դիվերսիոն գործողությունից հետո ադրբեջանական ռազմական քարոզչության մեքենան սկսեց հաղորդագրություններ տարածել առաջնագծում ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, հիվանդության կամ վթարի հետևանքով մահացած կամ վիրավորված զինծառայողների մասին: Բայց այդ դեպքերը երկու օրվա համար այնքան շատ էին (2 զոհ և 6 վիրավոր), որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ստիպված հանդես եկավ տեղեկատվությամբ, թե իբր ադրբեջանական զինուժին հաջողվել է կասեցնել հայերի ներթափանցման փորձը և մեծ կորուստներ պատճառելով հետ շպրտել: Սրանով, փաստորեն, Ադրբեջանում փորձ էր արվում արդարացնել սեփական զինուժի կորուստները, որոնց իրական պատճառները, սակայն, պետք է փնտրել հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ծավալված իրադարձություններում»,- ասված է հաղորդագրությունում։

ԼՂ պաշտպանության նախարարությունը նաև նկատում է, որ դիվանագիտական կարևոր միջոցառումներից առաջ Ադրբեջանի նման պահվածքը նորություն չէ, և դա վերջինիս ապակառուցողական դիրքորոշման ցուցադրումն է։

«Այդպիսի պահվածք Ադրբեջանը դրսևորել է Կազանում նախագահների հանդիպման և ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջան կատարելիք այցի նախօրեին, իսկ այս վերջինն էլ հավանաբար պայմանավորված էր հունվարի 24-ին Փարիզում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հետ: Նման սադրիչ գործողություններով Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ համաձայն չէ 1994 թվականի մայիսին կրակի դադարեցման մասին համաձայնագրից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության հետ, երկրորդ՝ իր անհամաձայնությունն է հայտնում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շրջանակներում ընթացող գործընթացի նկատմամբ: Սակայն, ի հեճուկս Ադրբեջանի, տարածաշրջանի խաղացող երկրները ամենատարբեր մակարդակով հայտարարեցին, որ ղարաբաղյան հիմնահարցի քաղաքական կարգավորմանն այլընտրանք չկա, իսկ առաջնագծում լարվածությունն ու սադրիչ գործողությունները լուրջ հարված են տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը, և կոչ արեցին կողմերին խնդրի լուծման բանալիները փնտրել բանակցային սեղանի շուրջ»,- հայտարարում է ԼՂ պաշտպանության նախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG