Մատչելիության հղումներ

Հաստատվեց ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզի» իրականացման ժամանակացույցը


Կառավարության նիստում այսօր հաստատվեց Մաքսային միության և Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցը:

«Մեկ-երկու օրվա խնդիր է: Տեխնիկական հարցեր կան. ճշգրիտ թարգմանություն, տերմինաբանություն: Այդ բոլորը մեկ-երկու օրվա ընթացքում կարվի, և ամեն ինչ կտպագրվի: Խոսքը վերաբերում է ժամանակացույցին, որով պետք է կատարվի ճանապարհային քարտեզը: Բնական է, հանրությունը նաև կծանոթանա ճանապարհային քարտեզին», - նիստից հետո լրագրողներին հավաստիացրեց փոխարտգործնախարարը:

Իսկ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նիստում ասաց, որ ժամանակացույցը ներառում է շուրջ 20 բաժին, 262 միջոցառում, որոնցից 150-ը իրականացվելու են նախքան անդամակցությունը. - «Ընդհանուր առմամբ` նաև ենթամիջոցառումները, շուրջ 600-ն են, և այս հիմնական որոշմանը կցվում է նաև ճանապարհային քարտեզը»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ երկու օր ժամանակ է անհրաժեշտ խմբագրական շտկումների համար. - «Չափազանց կարևոր է, որ այս պահի դրությամբ բոլոր թարգմանությունները լինեն կոռեկտ, որովհետև ապագայում արդեն բոլոր այդ փաստաթղթերի տերմիններին օգտագործվելու են ըստ այն փաստաթղթի, որը մենք այսօր հաստատելու ենք»:

«Մեկուկես տարի հայաստանյան հանրությունից թաքցվում է մի բան, որն ուղղակիորեն առնչվում է Հայաստանի ապագային, այնպիսի ինտեգրացիոն գործընթացների, որոնք անմիջականորեն առնչվել են երկրի անվտանգության խնդիրներին», - «Ազատության» հետ զրույցում խոսելով ճանապարհային քարտեզի մասին` ասաց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը` հավելելով, որ անթույլատրելի է նման փաստաթղթի գաղտնի պահելը. - «Դատապարտելի է, որ նույնիսկ այսօր արդեն, երբ վարչապետը տարեվերջին հայտարարել է, որ մայիսի դրությամբ` մինչև Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը արդեն իսկ պետք է պատրաստ լինի Հայաստանը Մաքսային միությանը անդամակցելուն, և դրա վերաբերյալ պայմանագրի նախագիծը պետք է պատրաստ լինի, այդուհանդերձ, մենք արդեն թևակոխում ենք հունվար ամիսը, և տակավին հրապարակված չէ ճանապարհային քարտեզ կոչվածը»:

Սաֆարյանը վստահ չէ, որ «ճանապարհային քարտեզը» կհրապարակվի ամբողջությամբ. - «Ոչ միայն հրապարակային քննարկման պետք է դրվի այդ փաստաթուղթը կառավարության կողմից հաստատվելուց հետո, այլ ի սկզբանե պետք է ուղղակի համաժողովրդական մակարդակով հավանություն ստանար Մաքսային միությանը միանալու գաղափարը, և դրանից հետո հասարակության հետ քննարկվեր ճանապարհային քարտեզի մշակումը: Մինչդեռ այսօր ուղղակի մենք գործ ունենք ժողովրդին հերթական հակապետական որոշումները պարտադրելու գործընթացի հետ»:

Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր անցած տարվա սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Մաքսային միությանը միանալու Հայաստանի «ճանապարհային քարտեզը» հաստատվել է 2013 թվականի դեկտեմբերի 24-ին:
XS
SM
MD
LG