Մատչելիության հղումներ

Պարտադիր կուտակայինի դեմ ակցիաները հաջորդ տարի էլ կշարունակվեն


Պարտադիր կուտակայինի դեմ բողոքի ակցիա Երևանում, 17-ը դեկտեմբերի, 2013
Պարտադիր կուտակայինի դեմ բողոքի ակցիա Երևանում, 17-ը դեկտեմբերի, 2013
Թեպետ երկու օրից ուժի մեջ կմտնի կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքը, այդուհանդերձ, կրքերն այս օրենքի շուրջ չեն հանդարտվում: Օրենքին ընդդիմացող քաղաքացիները վստահեցնում են, որ հաջորդ տարի էլ դուրս են գալու փողոց, օրենքի սահմաններում կիրառելու են բոլոր միջոցները պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքը ետ կանչելու համար:

«Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց, որ արդեն տարեսկզբին սպասվում են է՛լ ավելի լայնածավալ բողոքի ակցիաներ, ընդ որում՝ ոչ միայն քայլերթերի և մեքենաների երթերի տեսքով: «Մտադրություն կա նաև հանրային անհնազանդություններով ակցիաներ կատարել, իսկ էս ամեն ինչին զուգահեռ՝ արհմիություններ են փորձելու ստեղծվեն, որպեսզի գործադուլ լինի՝ օրինական լինի, էլի, գործադուլը», - ասաց նա:

Օրենքին ընդդիմացող խորհրդարանական չորս խմբակցությունների հետ այս պահին կոնկրետ բանակցություններ չեն տարվում քայլերի հերթականությունը պարզելու համար, այդուհանդերձ, ակտիվիստն ասում է, որ պայքարը չի կարող տարբեր ուղղություններով ընթանալ, քանզի ընդհանուր նպատակը մեկն է․ - «Պետք է էնպես լինի, որ մարդկանց մեջ ընդհանրապես անտարբերությունը վերանա, ու մարդիկ հասկանան, որ Հայաստանի ցանկացած խնդիր իրենց խնդիրն էլ է»:

Պարտադիր կուտակային կենսաթոշակի օրենքի մասին բավարար տեղեկություն չունեն մարզերի բնակիչները, այս տարի միայն Կապանը միացավ բողոքի այս ալիքին՝ ակցիա կազմակերպելով: Նախաձեռնության անդամները մտադիր են հաջորդ տարի պայքարը հասցնել մարզեր:

Ակտիվիստները վստահ են, որ միասնական պայքարը ցանկալի արդյունքներ կտա, մինչդեռ բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, որ այլընտրանք չկա:

Օրեր առաջ էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, թե կարևորագույն քաղաքական սկզբունքը այն է, որ այսուհետ ապահով ծերության համար պատասխանատվություն կրի ոչ միայն պետությունը, այլ նաև քաղաքացին: «Եթե աշխատանք ունեք, ապա դուք պարտավոր եք մտածել ապահով ծերության մասին», - հայտարարեց վարչապետը:

Օրենքի ընդդիմախոսներին Տիգրան Սարգսյանը համեմատեց վատ սովորող ուսանողի հետ, երբ քննությունից մի քանի ժամ առաջ է սկսում ծանոթանալ նյութերին:

«Այնպես որ, տրամաբանությունը շատ պարզ է, հասկանալի է, որ կա նաև դիմադրողականություն, և այս դիմադրողականությունը չպետք է շատ սուր ընդունել, որովհետև ցանկացած բարեփոխում առնչվում է դիմադրողականության հետ», - անցած ուրբաթ օրը հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետը՝ շարունակելով․ - «Հասարակությունը այդպիսին է, քաղաքացիական հասարակությունը նամանավանդ այդպիսին պետք է լինի՝ իշխանությունների ցանկացած գործողություն, ցանկացած պարտադրանքի գործառույթ պետք է առաջին հերթին արժանանա դիմադրողականությանը, իսկ իշխանությունները դա հասկանալով ավելի լավ պետք է պատրաստվեն այդ պարտադրանքի գործիքը օգտագործելու ժամանակ»:

«Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանին վարչապետի այս հայտարարությունը չի անհանգստացնում, պայքարը բայցևայնպես շարունակվելու է:

«Ընդհանուր առմամբ, ես վարչապետի ոչ մի ասածը լուրջ չեմ ընդունում», - հայտարարեց ակտիվիստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG