Մատչելիության հղումներ

Դավութօղլուն Երևան էր եկել երկկողմ հարաբերությունների կարգավորման հնարավորությունները շոշափելու


Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և Էդվարդ Նալբանդյանը: Երևան, 12-ը դեկտեմբերի, 2013 թ.
Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և Էդվարդ Նալբանդյանը: Երևան, 12-ը դեկտեմբերի, 2013 թ.
Ֆրանսաբնակ հայազգի դիվանագետ Սամսոն Օզարարատը Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցման բանակցությունների հիմնական նախաձեռնողներից է:

Նա ծնվել է Թուրքիայում, այժմ ապրում է Ֆրանսիայում: Օզարարատը այն կարևոր դեմքերից մեկն է, ով մասնակցել է հայ-թուրքական մերձեցմանն ուղղված վերջին քսան տարիների ձեռնարկված բոլոր ջանքերին` սկսած 1993 թվականին Փարիզում Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Թուրքիայի դեսպանի հանդիպումից, մինչև 2009 թվականի ցյուրիխյան արձանագրություններն ու այս տարի Թուրքիայի արտգործնախարարի այցը Հայաստան:

Այդ այցից երկու շաբաթ առաջ, ինչպես Օզարարատն ասել է թուրքական «Հյուրիեթ»-ի հետ հարցազրույցում, ինքը Թուրքիայի արտգործանախարարությունից Դավութօղլուին ընկերակցելու հրավեր է ստացել:

«Երբ երկու երկրների միջև հարաբերություններ գոյություն չունեն, ինձ նման մարդիկ օգտակար են դառնում հաղորդակցության ճանապարհներ բացելու համար», - նույն հարցազրույցում ասել է Օզարարատը` շարունակելով. - «Իրականում ինձ ոչ մի երկիր ոչ մի հանձնարարություն չի տվել, բայց ես ունեմ բարեկամների մի մեծ ցանց երկու երկներում էլ, որը ես փորձում եմ օգտագործել այդ երկրների միջև երկխոսություն սկսելու համար»:

«Պաշտոնապես Թուրքիայի արտգործանախարարը Երևան էր ժամանել` մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության համաժողովին, բայց իրականում Անկարան փորձում էր տեղում տեսնել, թե հնարավոր է արդյոք սկսել մի նոր գործընթաց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար», - քողազերձել է Սամսոն Օզարարատը, ով, ի դեպ, անցյալում եղել է նշված կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչը Ստամբուլում:

Ահմեթ Դավութօղլուի Երևանում արած այն հայտարարության կապակցությամբ, թե «Օսմանյան կայսրության կազմակերպած հայերի արտագաղթը անմարդկային էր», Օզարարատը ասել է. - «Այսօր նորմալ են թվում այս խոսքերը, բայց նախկինում Դավութօղլուի հետ ունեցած իմ խոսակցություններից ես գիտեմ, թե նա ինչ տեսակետ ուներ 1915-ի իրադարձությունների մասին: Մինչև այժմ ոչ մի թուրք պաշտոնյա նման խոսքեր չէր արտասանել: Դավութօղլուի այդ խոսքերը արդեն պատկանում են պատմությանը»:

«Դավութօղլուի Հայաստան կատարած այցից առաջ ես Հայաստանում չհանդիպեցի մեկին, որը նպաստավոր լիներ Թուրքիայի հետ երկկողմանի բանակցությունների վերսկսման հարցում: Ո'չ կառավարության մեջ, ո'չ էլ ընդդիմության: Այդուհանդերձ այսօր կարևորը հաղորդակցության ուղիները բաց պահելն է», - ասում է Օզարարատը:

Իսկ ամենակարևորը, նրա խոսքով, այն է, որ Թուրքիան դադարի ասել, թե անցյալում ոչինչ չի պատահել: Այդ մոտեցումը, ըստ նրա, Թուրքիա, բարեբախտաբար, մասամբ թողել է հետևում:

Սամսոն Օզարարատը չի բացառում, որ մի օր թուրք որևէ պաշտոնյա այցելի Երևանում Ցեղասպանության զոհերի հուշահամալիր. - «Ի վերջո, չէ՞ որ այն խորհրդանշում է մեկուկես միլիոն օսմանյան հայերի գերեզմանը»:
XS
SM
MD
LG