Մատչելիության հղումներ

Երևանը «անընդունելի» է համարում Ղազախստանի նախագահի մոտեցումը


Մաքսային միության անդամ երկրների նախագահները՝ Նուրսութան Նազարբաև, Վլադիմիր Պուտին, Ալեքսանդր Լուկաշենկո
Մաքսային միության անդամ երկրների նախագահները՝ Նուրսութան Նազարբաև, Վլադիմիր Պուտին, Ալեքսանդր Լուկաշենկո
Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր հայտարարեց, որ Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու դեպքում միության կազմում կլինի նաև Լեռնային Ղարաբաղը։

Երեկ Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, երբ հաստատվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը», Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, սակայն, հայտարարել է, թե Ղազախստանը ստորագրում է փաստաթուղթը հատուկ կարծիքով, քանի որ բացատրություններ է պահանջում Մաքսային միության և Լեռնային Ղարաբաղի միջև սահմանի հետ կապված։

Ղազախստանի նախագահի երեկվա հայտարարությունների պատճառը, ըստ Սահակյանի, ադրբեջանա - ղազախական սերտ հարաբերություններն են, մինչդեռ Հայաստանի համար անընդունելի է Նուրսուլթան Նազարբաևի նման մոտեցումը։

«Պարզից էլ պարզ է, որ մեզ համար նման մոտեցումը ընդունելի չի լինի, առավել ևս մենք այդ տարբերակը նույնիսկ քննարկման առիթ չի հանդիսանա, քանի որ ՄՄ մտնելով, ես կարծում եմ, որ նույն լիազորություններին մեզ հետ միասին մասնակից կդառնա Արցախը»,- ասաց Սահակյանը։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու ցանկության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից մի քանի ժամ առաջ Հանրապետական մեծամասնության ղեկավարը հայտարարել էր, որ Հայաստանը ստորագրելու է Ասոցացման համաձայնագիրը, իսկ Սարգսյան-Պուտին հանդիպումից սենսացիաներ սպասել պետք չէ։

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի կարծիքով՝ Նազարբաևի հայտարարությունների համար առաջին հերթին մեղավոր է Հայաստանի նախագահը, քանի որ դա նրա հեղինակած արտաքին քաղաքականության արդյունքն է։

«Ղարաբաղի հետ կապված կա մի ֆորմատ՝ եռանախագահությունն է, և որևէ այլ ֆորմատի ներգրավում ես չեմ համարում ճիշտ և նորմալ։ Եթե ինչ-որ մեկը համարձակվում է այդպիսի բաներ ասել, դա ես կրկին վերագրում եմ նրա կողքը կանգնած Սերժ Սարգսյանին, ով թույլ է տալիս այդպիսի բաներ, ով հասցրել է այն վիճակի, որ ամեն ինչ կարող են ասել Հայաստանի, Ղարաբաղի հետ կապված, ինքը ոչինչ չպատասխանի, կարծես, ինքը գոյություն չունի։ Սա իր վարած անվստահելի, արկածախնդիր քաղաքականություն արդյունքն է։ Մնացել է Հայաստանում ընդամենը մի բան, որ կարող է առևտրի ապրանք դառնալ, զիջել, դա Ղարաբաղն է։ Հայաստանում ոչինչ այդ մարդը այլևս չի թողել»,- ասաց Մանուկյանը։

Ինչ վերաբերում է «ճանապարհային քարտեզի» բովանդակությանը, երկու պատգամավորներն էլ խոստովանեցին, որ այդ մասին տեղեկություններ չունեն։

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե սահմանվա՞ծ են արդյոք Հայաստանում ճանապարհային քարտեզը վավերացնելու ժամկետներ, Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց.- «Շուտով կհրապարակվի, քննարկումներ կլինեն նաև քաղաքական գործիչների կողմից, կծանոթանաք։ մենք պիտի կարողանանք որոշակիորեն մինչև մայիս լուծումներ գտնել «ճանապարհային քարտեզի» հետ կապված խնդիրների ուղղությամբ և Ազգային ժողովում, և ընդհանրապես»։

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի խոսքով, սեպտեմբերի 3-ից հետո ամեն ինչ բնական է ընթանում։ Նա ընդհանրապես նվաստացուցիչ է համարում, իր բնորոշմամբ, դիկտատորներ Նազարբաևի և Լուկաշենկոյի հետ բանակցություններ վարելու փաստը։ Հայրիկյանի խոսքով՝ արտաքին քաղաքականությունում մենք միայն անհաջողություններ ենք գրանցում, իսկ երեկ հաստատված «ճանապարհային քարտեզը» իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար։

«Ժամանակացույցը, որ հիմա փորձում են կազմել, հակասում է Հայաստանի սահմանդրությանը։ Այսինքն ի՞նչ, մենք վաղը պիտի արագ սահմանադրական բարեփոխում կատարենք։ Սա հագեցված է բացասականով մեր ազգի նկատմամբ, և ես ոչ թե այսօր վատ զգացի, այլ արդեն ակնհայտ է, որ մենք, ցավոք, ունենք այնպիսի իշխանություններ, որ ազգային արժեհամակարգից հեռացած են»,- ասաց Հայրիկյանը։
XS
SM
MD
LG