Մատչելիության հղումներ

Մովսես Հակոբյան. «Ղարաբաղը խաղաղապահ ուժերի կարիք չունի»


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ամփոփել է ընթացիկ տարին և հայտարարել, որ առանց կողմնակի ուժերի էլ Ղարաբաղի բանակն ի վիճակի է ապահովել իր բնակչության անվտանգությունը:

Նախարար Հակոբյանը տարին ընդհանուր առմամբ դրական է գնահատել. բանակում նախորդ տարվա համեմատ նվազել է զոհերի և վիրավորների թիվը, նվազել են նաև առաջնագծում հակառակորդի կրակոցների և դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձերը:

Նախարարը ներկայացրել է տարվա ընթացքում կատարված աշխատանքները. Պաշտպանության բանակում լրահամալրվել է սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, շուրջ 350 հոգով ավելացել է պայմանագրային զինծառայողների թիվը:

«Այս տարի մենք ևս համալրել ենք 33 հատ Տ72 տիպի տանկերով, 6 միավոր ՀՄ2-ներով, ԲՏՍ4 տեսակի քարշակներով` 4 միավոր, և 107 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով», - մանրամասնել է նախարարը:

Մովսես Հակոբյանը նաև նշել է, որ առաջնագծում մարտական հերթապահության կարգն են վերանայել, ինչի շնորհիվ հերթապահությունն ավելի անվտանգ է դարձել. -«Այսօր առաջին գծում զինծառայողը չի կարող հակառակորդի կողմից խոցվի, եթե նա չխախտի անվտանգության կանոնները: Եվ դիվերսիոն հետախուզական խմբերը աննկատ չեն կարող ներթափանցել, անկախ նրանից` մեր զինծառայողները ինչպես են հերթապահությունը կատարում»:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարն անդրադարձել է Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո Ղարաբաղում ռուսական խաղաղարար զորքերի տեղակայման մասին շրջանառվող լուրերին: Նախարար Հակոբյանը հայտարարել է, թե այդ հարցը չի քննարկվել և երբևէ չի էլ քննարկվելու. - «Ղարաբաղի բանակը, պետությունը խաղաղապահ ուժերի կարիք չունի»:

Ի դեպ` Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը խոսել է վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հետ հանդիպումից. Մովսես Հակոբյանի խոսքերով քննարկել են լարվածության իջեցման ուղղությամբ կատարվող միջոցառումները, այդ թվում՝ դիպուկահարների հետ քաշումը և հրադադարի խախտումների վերաբերյալ հետաքննության անցկացումը:
XS
SM
MD
LG