Մատչելիության հղումներ

ՄՄ-ում Ղարաբաղի կարգավիճակի հարցը շարունակում է անորոշ մնալ


Հայաստանի և Լեռնային Ղարբաղի միջև մաքսակետ չի տեղակայվի, վստահ է Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանը։ Ըստ նրա՝ Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելուց հետո Լեռնային Ղարաբաղի տարածքը ևս կդառնա Մաքսային միության տարածք։

«Ըստ էության Մաքսային միության ողջ տարածքը պետք է անցնի նույն պաշտպանության ռեժիմին, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի տարածքը, ինչը դե ֆակտո կնշանակի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչում։ Դա մի զգալի քայլ առաջ կլինի այն իրավիճակից, ինչ մենք այսօր ունենք», - ասաց պատգամավորը։

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյանը, մինչդեռ, Մաքսային միության և Ղարաբաղի հնարավոր միասնական պաշտպանության ռեժիմի ստեղծումը վատագույն զարգացումներից մեկն է համարում Լեռնային Ղարաբաղի խնդրի համատեքստում։

«Եթե այդպիսի բան լինի, այստեղ ռուսական զորքն է դեր խաղալու, իսկ այսօր Հայաստանը աշխարհին ցույց է տալիս, որ Ղարաբաղի սահմանը ինքը իր զորքով պաշտպանում է։ Մաքսային միություն մտնելով այլևս իրավունք չենք ունենալու ինքնուրույն լուծելու մեր խնդիրները, ինչը ոճրագործություն կլինի»,- ասում է ղարաբաղի պատգամավորը։

Բադասյանը Լեռնային Ղարաբաղի համար Արցախի համար կործանարար է համարում և՛ հնարավոր միասնական պաշտպանական ռեժիմը, և՛ մաքսակետի հնարավոր տեղակայումը։

Ըստ նրա՝ Մաքսային միությանն անդամակցելով՝ Հայաստանը կկորցնի ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը բազմաթիվ, այդ թվում՝ Ղարաբաղի հարցում։

«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին երբեք այլազգի սահմանապահեր չեն հայտնվի, անգամ եթե Հայաստանը անդամակցի Մաքսային միությանը։ Մինչև Հայաստանի ու Ղարաբաղի սահմանին հնարավոր մաքսակետի մասին խոսելը՝ պատգամավորը նախ իր թերահավատությունն է հայտնում Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հեռանկարի հանդեպ` կապված Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ։

«Չմոռանանք, որ կարևոր է նաև, թե ինչպիսին կլինի ղազախական դիրքորոշումը, բելառուսական դիրքորոշումը. այդ երկու երկրները շատ ջերմ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, և բնականաբար Ադրբեջանը փորձելու է օգտագործել իր պոտեցիալն ու ռեսուրսները՝ խանգարելու Հայաստանի վերջնական որևէ մի ինտեգրացիոն գործընթացին մասնակցելը», - ասաց պատգամավորը։

Ըստ Թևան Պողոսյանի՝ փաստաթղթերի փաթեթը կարող է ամբողջությամբ պատրաստ լինել, ինչպես Ասոցացման համաձայնագրի դեպքում, բայց վերջնական որոշումը այս դեպքում ևս կարող է անակնկալ լինել, քանի որ Հայաստանի՝ Մաքսային միության ապագա գործընկերները պատրաստ չեն լինի Ղարաբաղն ընդունել ընդհանուր մաքսային հարթակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG