Մատչելիության հղումներ

Նալբանդյանը ընդունել է ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի փոխտեղակալին


Լուսանկարը՝ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության
Լուսանկարը՝ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասին։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ Նալբանդյանը նշել է, որ հայ - ամերիկյան գործընկերությունը տարբեր բնագավառներում, ներառյալ՝ պաշտպանական և անվտանգության ոլորտը, վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում է, և առկա են նախադրյալներ դրանց ընդլայնման համար։

Ֆարկասն ասել է, որ Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ պաշտպանական բնագավառներում գործակցության զարգացումը, և իր այցելությունը միտված է դրա առավել ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի մասնակցությանը միջազգային խաղաղապահ գործունեությանը, կարևորվել է Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղապահ առաքելություններին Հայաստանի ունեցած ներդրումը:

Քննարկվել են Հայաստան - ՆԱՏՕ հարաբերությունները։

Արտգործնախարարն անդրադարձել է նաև տարածաշրջանում սպառազինությունների վերահսկման խնդիրներին, մասնավորապես՝ տարածաշրջանային խաղաղության պահպանման համար Եվրոպայում Սովորական սպառազինությունների պայմանագրի արդիականացման կարևորությանը։ Նա ընդգծել է, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է զանգվածային ոչնչացման զենքի, միջուկային, քիմիական և կենսաբանական զենքի չտարածման, ահաբեկչության դեմ պայքարի միջազգային նախաձեռնություններին:

Հյուրի խնդրանքով Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ պաշտոնական Երևանի մոտեցումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG