Մատչելիության հղումներ

Հեծանվաերթ պարտադիր կուտակայինի դեմ


Հեծանվաերթ՝ պարտադիր կուտակայինի դեմ
please wait

No media source currently available

0:00 0:03:51 0:00

Ակտիվիստները խոստանում են լարել իրենց երևակայությունը և այլ յուրօրինակ բողոքի ակցիաներով ևս հանդես գալ:

«Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնության բողոքի ակցիան շաբաթ օրը հեծանվաերթի տեսքով էր:

Չորս տասնյակից ավելի հեծանվորդներ, որոնք իրենց հեծանիվներին փակցրել էին «Դեմ ենք պարտադիրին» գրառմամբ դրոշակներ, երթը սկսեցին Ազատության հրապարակից:

Տարածքը հսկող ոստիկանները թեպետ երթի մեկնարկից առաջ զգուշացրեցին, որ այն արտոնված չէ, այդուհանդերձ, չխոչընդոտեցին հեծանվաերթը, անգամ երբ հեծանվորդները պտտվում էին Հանրապետության հրապարակի շուրջ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ օրենքին ընդդիմացող քաղաքացիների կազմակերպած ավտոերթի ժամանակ ոստիկանությունը Հանրապետության հրապարակում փակեց դեպի Ամիրյան փողոց տանող ճանապարհը՝ այդպիսով թույլ չտալով, որ մեքենաները պտույտ կատարեն հրապարակի շուրջ:

Այսօր շրջելով Երևանի կենտրոնական փողոցներով՝ ակտիվիստները քաղաքացիներին տեղեկացնում էին, որ հաջորդ տարվանից ուժի մեջ մտնող օրենքի պատճառով 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիների աշխատավարձն առնվազն 5 տոկոսով կնվազի:

«Մի՛ եղեք անտարբեր, ժողովո՛ւրդ: Միացե՛ք, միացե՛ք, միացե՛ք: Դե՛մ ենք, դե՛մ ենք, դե՛մ ենք», - վանկարկում էին նրանք:

Մաշտոցի - Կորյունի - Աբովյան փողոցներ երթուղով շրջող հեծանվորդներին հաջողվեց գրավել քաղաքացիների ուշադրությունը, մի քանիսը նույնիսկ մոտեցան ակտիվիստ-հեծանվորդներին՝ հասկանալու, թե ինչ է կատարվում:

Շուրջ մեկ ամիս է, որ վիրտուալ պայքարը տեղափոխվել է փողոց, և կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին ընդդիմացող քաղաքացիները համոզված են, որ միայն այսպիսի ճնշման շնորհիվ կկարողանան հասնել ցանկալի արդյունքի:

«Իշխանությունը զբաղեցնող անձինք միայն մի լեզու գիտեն՝ դա հարկադրանքի լեզուն է: Նրանք ո՛չ հասկանում են առողջ տրամաբանության լեզուն, ո՛չ դիսկուսիաների լեզուն, ո՛չ խնդրանքները, ո՛չ հորդորները, նրանք միայն կատարում են այն, ինչ նրանց հարկադրում են: Ուստի մենք դուրս ենք եկել փողոց», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ակտիվիստներից մեկը՝ շարունակելով․ - «Հիմա իրազեկման երթ է ընթանում, բայց ընդհանուր առմամբ, եթե Սահմանադրական դատարանն էլ ոչ մի արդյունք չտա՝ ես կասկածում եմ, որ ինչ-որ արդյունք կտա, որովհետև նույն մարդիկ են՝ Հանրապետականի ենթականերն են այնտեղ գտնվում, ուստի միակ միջոցը մնում է հարկադրանքը, որ մենք կհարկադրենք նրանց ենթարկվել մեր կամքին, որովհետև մենք էս երկրի տերն ենք, իսկ իրենք մեր ծառան են»:

«Բայց մենք ուզում ենք, որ ինչ-ոչ չափով հոգեբանական ճնշում գործադրենք նրանց վրա, որպեսզի ինչ-որ դրական արդյունքների հասնենք, որ հետ կանչեն այս օրենքը կամ մեկ տարով հետաձգեն բարեփոխումներ մտցնելու, մեջը փոփոխություններ մտցնելու հետ կապված», - ասաց մեկ այլ ակտիվիստ:

Պարտադիր կուտակայինի դեմ պայքարող քաղաքացիները խոստանում են լարել իրենց երևակայությունը և առաջիկայում այլ յուրօրինակ բողոքի ակցիաներով հանդես գալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG