Մատչելիության հղումներ

Երեկ ոստիկանությունում հայտնված բոլոր անձինք ազատ են արձակվել


Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ցույցի մասնակցին, Երևան, 2-ը դեկտեմբերի, 2013թ․
Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ցույցի մասնակցին, Երևան, 2-ը դեկտեմբերի, 2013թ․

Այդուհանդերձ, ակտիվիստները պատրաստվում են զանգվածային հայցեր ներկայացնել դատարան՝ ընդդեմ ոստիկանության:

Երկուշաբթի օրը Ռուսաստանի նախագահի Հայաստան կատարած այցից առաջ, այցի ընթացքում և այցից հետո ոստիկանությունում հայտնված բոլոր 110 անձինք ազատ են արձակվել: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ոստիկանությունը երեկ հայտարարում էր, թե երթի ժամանակ թույլ տրված մի շարք իրավախախտումների կատարողները մեկուսացվել են հավաքի վայրից, վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով բերվել ոստիկանություն և կարճ ժամանակ անց ազատ արձակվել:

Ոստիկանության երեկվա հայտարարությունների մեջ չկա 76-ամյա Էմմա Սահակյանին բաժին տանելու իրավիճակն արտահայտող որևէ պաշտոնական ձևակերպում:

Էմմա Սահակյանը, որն արդեն մեկուկես տարի է՝ իր սեփականության իրավունքի վերականգնման պահանջով նստացույց է անցկացնում Հայաստանի նախագահի նստավայրի դիմացի մայթին, երեկ Վլադիմիր Պուտինի այցից ժամեր առաջ, իր պատմելով, բռնի ուժով հայտնվել է ոստիկանության Արաբկիրի բաժնում և այնտեղ մնացել մոտ 7 ժամ:

«Փոխոստիկանապետն էր Արաբկիրի, տարածքը ասեց ինչազերծո՞ւմ են անում․․․», - սկսեց պատմել տարեց կինը՝ «Ազատություն» ռադիոկայանի «վնասազերծո՞ւմ» հարցին արձագանքելով․ - «Հա, հա»:

«Երևույթը շատ հետաքրքիր էր: Էդ ասելուց հետո հայտարարեցին, որ ռումբ ա դրված էստեղ», - շարունակեց Էմմա Սահակյանը՝ ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի հստակեցնելով, որ դա ասել է Արաբկիրի փոխոստիկանապետը:

«Ասեց՝ էստեղ ռումբ ա դրված, և ասեց՝ պիտի բոլորը ազատեն: Ես, իհարկե, չհնազանդվեցի: Մեկը մի թևիցս բռնեց, մեկը մի թևիցս բռնեց՝ հարկադրաբար տարան: Հիմա ավելի շատ եմ զգում էդ ցավը, թևերիս մկաններն են ուժեղ ցավում, որ պաշտպանվել եմ», - ասաց 76-ամյա կինը:

Սահակյանը փոխանցեց, որ պատրաստվում է ոստիկանության երեկվա գործողությունները վիճարկել դատարանում:

Մի քանի ամիս առաջ Վարչական դատարանը բավարարել էր Լևոն Բարսեղյանի հայցը՝ «Ճանաչել Լևոն Բարսեղյանի՝ կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների ազատության, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների խախտման փաստը և ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության Երևանի վարչության Կենտրոնական բաժնի ոստիկանների գործողությունները»:

Բարսեղյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց, որ նկատի ունենալով այս նախադեպը՝ ինքը և մի շարք այլ քաղաքացիներ, որոնք երկուշաբթի օրը ապօրինի գտնվել են ոստիկանության բաժիններում, զանգվածային հայցեր են ներկայացնելու դատարան՝ ընդդեմ ոստիկանության:

«Ստիպված կլինեն որոշումներ կայացնել հօգուտ ցուցարարների», - ասաց Լևոն Բարսեղյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG