Մատչելիության հղումներ

Ոստիկանության բաժիններ է բերվել 110 անձ


Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարին, Երևան, 2-ը դեկտեմբերի, 2013թ.
Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարին, Երևան, 2-ը դեկտեմբերի, 2013թ.
Հայաստանի ոստիկանությունը երեկոյան հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այսօրվա դեպքերի կապակցությամբ ոստիկանական բաժիններ բերման է ենթարկվել 110 անձ։

Պնդելով, որ «Ռուսաստանի Դաշնության Նախագահի Հայաստանի Հանրապետություն կատարվող այցի կապակցությամբ Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքի, իսկ այնուհետև՝ երթի ընթացքի վերաբերյալ ՀՀ որոշ լրատվամիջոցներ իրենց կայքերում ներկայացրել են կարծիքներ, որոնք ամբողջապես չեն արտացոլել իրադարձությունների իրական պատկերը», Ոստիկանությունը շարունակում է. - «Չնայած այն հանգամանքին, որ դեկտեմբերի 2-ին մայրաքաղաքի երթևեկությունը որոշակի սահմանափակումների է ենթարկվել, ինչի մասին հասարակությունն իրազեկված է եղել նախապես, այնուամենայնիվ, ՀՀ ոստիկանությունը, կատարելով օրենքով իրեն վերապահված լիազորությունները և դրսևորելով հանդուրժողականություն, աջակցել է Ազատության հրապարակում ժամը 13:00-ին կազմակերպված շտապ հավաքի մասնակիցներին՝ երթով դեպի ՀՀ կառավարության շենք ուղևորվելու և իրենց բաց նամակը ՀՀ կառավարությանը հանձնելու գործում: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շտապ հավաքի և երթի անցկացման նպատակը, այն է՝ բաց նամակի տեսքով արտահայտած կարծիքը ՀՀ կառավարությանը հանձնելու գործընթացն արդեն իսկ կատարվել է, ուստի, մյուս քաղաքացիների իրավունքները պաշտպանելու, մայրաքաղաքի ճանապարհներին երթևեկության հետագա խոչընդոտներից և անձանց ազատ տեղաշարժի իրավունքի իրացման սահմանափակումներից խուսափելու նպատակով հավաքի մասնակիցներին, և, առհասարակ, բնակչությանը հորդորվել է հստակ կատարել ոստիկանության ծառայողների պահանջները, ձեռնպահ մնալ հատկապես կենտրոնական փողոցներով երթևեկելուց, պահպանել ճանապարհային երթևեկության, ինչպես նաև համակեցության կանոնները, փոխադարձ հարգանքով վերաբերվել միմյանց ու երթևեկության կարգավորման պատասխանատուներին։ Այսպիսով, ՀՀ ոստիկանությունը գործադրել է բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի հավաքի առանձին մասնակիցների վարքագիծը չհանգեցնի ծանր հետևանքների, իսկ մյուս կողմից չսահմանափակի հավաքի` խաղաղ մտադրություն ունեցող մասնակիցների քաղաքական իրավունքների լիարժեք իրականացումը»:

«Այնուամենայնիվ, հնարավոր չի եղել լիովին խուսափել հավաքի և երթի որոշ մասնակիցների կողմից հակաիրավական վարքագծի դրսևորումներից. մասնավորապես՝ հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու համար ՀՀ ոստիկանության տարածքային մարմիններ է բերվել 110 անձ», - ասված է Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության տարածած հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG