Մատչելիության հղումներ

Գլենդեյլում հայ համայնքը բողոքի ակցիաներով է դիմավորում Օբամային


ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունենում Կալիֆորնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքում, 25-ը նոյեմբերի, 2013թ․
ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունենում Կալիֆորնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքում, 25-ը նոյեմբերի, 2013թ․

Համայնքին վերջին շրջանում հատկապես վրդովեցրել է հայ որբերի գործած գորգի հետ կապված պատմությունը:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այցելում է հայաշատ Գլենդեյլ: Հայ համայնքը մտադիր է բողոքի ակցիաներով նրան կոչ անել հիշել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ իր երբեմնի խոստումները։

Համայնքին վերջին շրջանում հատկապես վրդովեցրել է այն, որ Սպիտակ տունը հրաժարվում է Հայոց ցեղասպանության որբերի գործած գորգը փոխանցել դեկտեմբերի 16-ին Սմիթսոնյան ինստիտուտում կայանալիք միջոցառմանը ցուցադրելու համար։

Այս գորգը հայ որբերը Լիբանանից 1925 թվականին ուղարկել են Սպիտակ տուն՝ որպես նվեր Միացյալ Նահանգների նախագահ Քելվին Քուլիջին:

Վերջին շաբաթներին, երբ ամերիկահայ Հակոբ Դերանյանը գիրք է գրել այդ գորգի մասին, Սպիտակ տնից խնդրել էին գորգը ներկայացնել գրքի շնորհանդեսի ժամանակ դեկտեմբերի 16-ին, ինչը Սպիտակ տունը մերժել է, նախ՝ անորոշ պատճառներով, հետո, ի վերջո, ասել են, թե դա շատ կարևոր, պատմական արժեք ունեցող գորգ է, և չեն ուզում մի կես օրվա համար տեղափոխել այն:

Հայկական համայնքում, մինչդեռ, համոզված են, որ Սպիտակ տունը կա՛մ ենթարկվում է թուրքական ճնշումների, կա՛մ վախենում է դրանցից, քանի որ գորգը ներկայացնում է ցեղասպանության հետևանքով որբացածների աշխատանքը:

Օբամայի այցի կապակցությամբ երեքշաբթի առավոտյան Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ասուլիս կազմակերպեց, որին ներկա էին հայկական մամուլի ներկայացուցիչներ, նաև ամերիկյան լրատվամիջոցներից՝ կարևորագույն NBC հեռուստաալիքի ու Los Angeles Times-ի լրագրողներ:

Ելույթ ունեցան Հայ Առաքելական եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունների Արևմտյան Ամերիկայի թեմերի առաջնորդները, Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները՝ բացատրելով այս գորգի հետ կապված Սպիտակ տան «խաղերը»:

Նաև մի նամակ պատրաստվեց, որը ստորագրեցին համայնքի մի շարք ղեկավարներ և որը Լոս Անջելեսի ժամանակով չորեքշաբթի կեսօրին ներկայացվելու է Միացյալ Նահանգների նախագահին՝ որպես հայ ժողովրդի կողմից բողոք:

Վերջին շաբաթներին ամերիկյան Կոնգրեսի երեք տասնյակ անդամներ ստորագրել և Սպիտակ տուն են ուղարկել նամակ՝ իրենք ևս պահանջելով գորգը ներկայացնել հիշյալ միջոցառման ժամանակ:

Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, որը Գլենդեյլի շրջանի կոնգրեսական է, նույնպես նամակ է պատրաստել և երեկ հայտարարեց, որ պահանջում է այդ գորգը մշտական ձևով ցուցադրել ամերիկյան ժողովրդին կա՛մ Կոնգրեսի սրահներից մեկում, կա՛մ որևէ այլ հարմար տեղ:

Ամերիկյան մամուլը արդեն բազմիցս անդրադարձել է այս հարցին՝ գրելով, թե իսկապես ամոթ է, որ Սպիտակ տունը խաղեր է խաղում որբերի գորգի հետ, և այս հարցը բավական արձագանք է ստանում ազդեցիկ ամերիկյան շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG