Մատչելիության հղումներ

Լոռու մարզում բնակարանաշինության ծրագիրը ընդհատվել է


Լոռու մարզում բնակարանաշինության ծրագիրը ընդհատվել է
please wait

No media source currently available

0:00 0:04:11 0:00
Լոռու մարզում աղետի գոտու բնակարանաշինության ծրագիրը մոտ մեկ տարի է կանգնած է։ Մարզի համայնքներում վերջին շրջանում շինարարություն չի իրականացվել, չնայած պետական ծրագրով նախատեսված էր մարզի 33 համայնքներում շինարարությունն ավարտել մինչ 2013 թվականը։

Լոռու մարզպետ Արթուր Նալբանյանն, անդրադառնալով կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության աշխատանքներին, «Ազատությանը» փոխանցեց, որ որոշ փաստաթղթային խնդիրների պատճառով մարզում ընկերությունը աշխատանքը կվերսկսի 2014 թվականին։

«Եվ քանի որ որոշ խնդիրներ էին առաջացել Գյումրիում, «Գլենդել Հիլզը» ամբողջ իր ուժը տեղափոխեց Գյումրի, որպեսզի ավարտեն և տեղափոխվեն Լոռու մարզ»,- պարզաբանեց մարզպետը։

«Գլենդել Հիլզը», ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը, նշեց, որ աշխատանքները չեն դադարել, այլ դանդաղել են։ Իսկ թե ինչ պատճառներով են դանդաղել, ընկերության հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից միայն ասացին, որ Լոռու մարզում բնակարանաշինությունն ընթանում է սահմանված ժամանակացույցի համաձայն։

Բենիամին Տիգրանյանը Գոգարանում շինարարության պատասխանատուն է։ Ազատության հետ զրույցում պատմեց, որ մի քանի տասնյակ գյուղացիներ դեռ նախորդ տարի աշխատում էին «Գլենդելզ Հիլզում», սակայն գործը կանգնեց, երբ ընկերությունը դադարեց շինարարության համար նյութեր մատակարարել։ Գյուղում աշխատող շինարարները մոտ կես տարի սպասել են հույսով, որ շուտով գործը կվերսկսվի, սակայն հուսախաբ լինելով մեկնել են արտագնա աշխատանքի։ Տիգրանյանն ասում է՝ ինքն այս պահին էլ սպասում է շինարարության վերսկսմանը։

«Սպասել են մինչև ամառվա կեսերը, որ չեղավ, ամառվա կեսին գնացին արտագնա աշխատանքի»,- պատմեց նա։

Հուսախաբ վիճակում են ոչ միայն շինարարները, այլ նաև 25 տարի շարունակ բնակարանի սպասող բնակիչները։ Նրանք շարունակում են բնակվել տնակներում, չորրորդ կարգի վթարային կացարաններում և անգամ նկուղներում։

Ծաղկաբերի բնակիչ Այծեմնիկ Իսրայելյանը և իր հինգ տղաները երկրաշարժից հետո բնակվել են տնակում։ Տարիներ շարունակ սպասելով փոխհատուցման՝ վերջապես ընդգրկվել են այս ծրագրում և սպասում են իրենց հինգ սենյականոց բնակարին։ Ժամանակին 6 հոգանոց ընտանիքն այսօր արդեն 23 անձից է բաղկացած։ Փաստորեն 5 սենյականոց բնակարանը, որի հիմքն անգամ գցված չէ, 23 հոգու համար է։

Այսօր Իսրայելյանի հինգ տղաներն ապրում են առանձին կացարաններում՝ մեկն ընկերոջ տնակում, մեկը նկուղում, մինչև բնակարան կստանան։ Նկուղում բնակվող տղաներից մեկի կինը՝ Սյուզին պատմում է.- «Շատ դժվար պայմաններում ենք ապրում, անձրևը գալիս է, չգիտենք ինչ անենք, խոնավությունից պատերը փլվում են, պոլերը ծակ են, գիշերը նստում եմ, որ հանկարծ մկները վնասեն էրեխեքին»։

Ծրագրում ընդգրկված բնակարանի սպասող հարյուրավոր ընտանիքներից բացի մարզի տարբեր համայնքներում կան ծրագրից դուրս մնացած բազմաթիվ ընտանիքներ։
XS
SM
MD
LG