Մատչելիության հղումներ

ՄՄ-ին անդամակցելը «սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը»


Փորձագետներ. ՄՄ-ին անդամակցելը «սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը»
please wait

No media source currently available

0:00 0:02:48 0:00

Փորձագետներ.

Սեպտեմբերի 3-ից հետո, ինչ իշխանությունները պնդում են, թե անդամակցելով Մաքսային միությանը, Հայաստանը նաև անվտանգության խնդիր է լուծում, փորձագետներից ոմանք տրամագծորեն հակառակ կարծիքի են։ Նրանք համարում են, որ այսպիսով հարված է հասցվում երկրի անվտանգությանը։

Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ ՄՄ-ին անդամակցելու նախագահ Սարգսյանի հայտարարությունը ոչ միայն հարված էր Հայաստանի վարկին տարածաշրջանում, այլև «սպառնալիք ՀՀ ազգային անվտանգության բոլոր բաղադրիչներին»։

«Հայաստանը կառավարման բոլոր լծակները և քաղաքական որոշումներ ընդունելու իրավունքներն ու լիազորությունները հանձնում է Ռուսաստանին։ Սա ուղղակի սպառնալիք է ոչ միայն Հայաստանի պետականությանը, այլև գոյությանը, տարածաշրջանային կայունությանը և խաղաղությանը»,- ասում է Մեհրաբյանը՝ ՄՄ-ի գաղափարը համարելով այն ծխածածույթը, որով քողարկվելու է այդ ամենը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասում է՝ ՄՄ-ի անդամ երկրներում անվտանգության համակարգի հիմքում որպես մոտեցում ընկած է մարդու հիմնարար ազատությունների սահմանափակումը.- «Հայաստանում արդյոք պահպանվա՞ծ են մարդու իրավունքները։ Ոչ։ Մարտի 1-ի տասը հոգու սպանությունները մինչև հիմա բացահայտված չեն։ Մեզ մոտ անցումային շրջան է։ Եթե մենք ընդգրկվում ենք Մաքսային միության մեջ, մենք այս հեղհեղուկ իրավիճակից անցում ենք կատարում դեպի անվտանգության տոտալ վերահսկողության համակարգ, որի հիմքում ընկած է բոլոր ազատությունների սահմանափակումը։ Ի՞նչ ընտություն կատարեց Սերժ Սարգսյանը՝ անվտանգության այն համակարգը, որը առավել կապահովի և անվտանգ կդարձնի սեփական իշխանությունը»։

Նույն կարծիքին է «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը. Եթե այդ ամենը չկանխվի, ապա հետևանքները Հայաստանի համար ավելի վատ են լինելու, քան օգոստոսյան պատերազմի հետևանքները Վրաստանի համար, ասում է Շահնազարյանը։

«Իրականում հիմա տեղի է ունենում Հայաստանի զավթում Ռուսաստանի կողմից»,- կարծում է Շահնազարյանը։

Չնայած այս մտահոգություններին, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը չի տեսնում այն ուժը, որն ի զորու է պայքարել այդ ամենի դեմ.- «Մեզ մոտ անկախությունը որպես արժեք ընկալող քաղաքական ազդեցիկ ուժ գոյություն չունի»։

Բանախոսներն առաջարկում են պայքարի իրենց տարբերակները.- «Պետք է ստիպել իշխանությանը վերադառնալ իր ֆունկցիաներին, այն է՝ առաջնորդվել պետության շահերով»,- ասում է Ռուբեն Մեհրաբյանը։

Արթուր Սաքունցն ավելի կոշտ մեթոդների կողմնակից է.- «Պետք է լինի քաղաքացիական նախաձեռնություն, ընդուպ մինչև անհնազանդություն։ Մենք ընդվզելու ենք, օրինակ, ինչպես Շանթը, պարզ եմ ասում»։

«Ազատության» դիտարկմանը, թե ընդդիմությունը չպետք է պայքարի՞ դրա դեմ, Դավիթ Շահնազարյանը պատասխանում է, թե ինստիտուտացված ընդդիմություն՝ որպես կատեգորիա, Հայաստանում գոյություն չունի։
XS
SM
MD
LG