Մատչելիության հղումներ

Երեկվա միջադեպից հետո հիվանդանոց դիմած 9 անձանցից շարունակում են բուժում ստանալ 4-ը


Երեկ երեկոյան Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով Երևանի տարբեր հիվանդանոցներ են դիմել 9 մարդ:

Նրանցից մեկը 16-ամյա պատանի է, ով, ուղեղի ցնցման կասկածները փարատվելուց հետո, դուրս է գրվել:

Մյուս 8-ը ոստիկաններ են, որոնցից 4-ը առաջին օգնությունը ստանալուց հետո նույնպես դուրս են գրվել:

Հիվանդանոցային բուժում ստացող 4 ոստիկաններից 2-ը գտնվում են «Մալաթիա» բուժկենտրոնում, մյուս 2-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

«Մալաթիա» բուժկենտրոնի նյարդաբանական բաժանմունքի վարիչ Զոհրաբ Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ իրենց մոտ բուժում ստացող 31-ամյա Էդգար Ալեքսանյանի և 30-ամյա Հարություն Ալեքսանյան վնասվածքները ծանր չեն:

«Ծանր վնասվածքներ ուղեղի կողմից չկան, երկուսի մոտ էլ ցնցում չի արձանագրվում: Ուղղակի հետտրավմատիկ ցավեր են», - մանրամասնեց Գրիգորյանը՝ հավելելով, որ երիտասարդ ոստիկանները ևս երկու օր պետք է մնան հսկողության տակ:

Իսկ «Սուրգ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժվող ոստիկանների՝ Գեղամ Խաչատրյանի և Պետրոս Հայրապետյանի մոտ ախտորոշվել է գլխուղեղի ցնցում:

«Վիճակը կայուն է, բավարար: Ստանալով իրենց կոնսերվատիվ, դեղորայքային բուժումը, իրենք դուրս կգրվեն», - «Ազատության»-ը փոխանցեց բուժող բժիշկ Աղասի Կոճկանյանը՝ հավելելով․ - «Այսպիսի պաթոլոգիաները բուժվում են 1-2 շաբաթ»:
XS
SM
MD
LG