Մատչելիության հղումներ

Արարատում «լարված մթնոլորտ է ստեղծվել»


Արարատում «լարված մթնոլորտ է ստեղծվել»
please wait

No media source currently available

0:00 0:04:56 0:00

Արարատում «լարված մթնոլորտ է ստեղծվել»

Արարատի քաղաքապետի ընտրություններում իշխող Հանրապետականի թեկնածու Հայկ Հայկյանի աջակիցներից ոմանք «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ահազանգում էին քաղաքում «լարված մթնոլորտի» մասին՝ լարվածություն առաջացնելու մեջ մեղադրելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիմին։

Քաղաքապետի նախորդ ընտրություններում Հանրապետականին սատարած ԲՀԿ-ն այս անգամ որոշել է հանդես գալ սեփական թեկնածուով, և «Արարատյան ավտոկայանի» տնօրեն Հայկյանի միակ մրցակիցը, հիշեցնենք, ԲՀԿ թեկնածու, Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի արտադրության պետ Սամվել Բարսեղյանն է։

Արարատի թիվ երկու դպրոցի հանրապետական տնօրեն Զինա Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ցեմենտի գործարանում աշխատած իր ամուսնուն՝ Գևորգ Սեդրակյանին, ընտրությունների շեմին աշխատանքից ազատել են՝ «կինդ հանրապետական է» պատճառաբանությամբ, այնինչ ինքը 96 թվականից է ՀՀԿ-ի անդամ, ամուսինն էլ ԲՀԿ-ին է անդամակցում, բայց նախկինում նման խնդիր երբևէ չի եղել։

«Էստեղ վիրավորանքն է շատ մեծ... Էդ մարդը չի մեռնի, եթե մի կտոր հարցի հարց է։ Բայց տարիների վաստակ ունեցող մարդուն նման վերաբերմունք ցույց տա՞լ։ 43 տարվա աշխատող է, մարդը ձեր հետ, ձեր կողքին ու կանգնում եք նման արտահայտություն եք անո՞ւմ՝ «ազատվի, գնա, հետո կորոշենք»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իր տեղեկություններով աշխատանքից ևս 7-8 ազատվածներ կան։

ԲՀԿ-ն ու «Արարատցեմենտ»-ը ի սկզբանե կտրականապես հերքում են 7-8 հոգու աշխատանքից ազատելու մասին լուրերը՝ պնդելով, որ կենսաթոշակային տարիքի աշխատակիցներն են թոշակի գնացել։ Զինա Հովհաննիսյանը, հաստատելով, որ իր ամուսինը կենսաթոշակային տարիքի է, միաժամանակ պնդում էր, որ նրան թոշակի ուղարկելու մասին խոսակցություն չի եղել։

«Եթե դա լիներ, ինչ որ տեղ կարելի էր մտածել... մարդ ես, հիմա դե թոշակառու է։ Բայց չի եղել նման բան։ Ի՞նչ է նշանակում՝ մերոնք-ձերոնք։ Էդ տարիքի մարդուն վախեցնում են, որ մյուսները դաս առնե՞ն։ Այսօր շատ լարված մթնոլորտ է ստեղծվել։ Երեխեքը իրար հետ կռվում են, նույն արտահայտությունն են անում՝ «ես հանրապետական եմ, դու՝ բարգավաճ»»,- ասաց Հովհաննիսյանը՝ պնդելով, որ նախկինում նման լարվածություն չի եղել երկու կուսակցությունների ներկայացուցիչների միջև։

ԲՀԿ-ական թեկնածուի թիմը «սուտ» է որակում քաղաքական դրդապատճառներով մարդկանց աշխատանքից ազատելը՝ պնդելով, որ նույնիսկ գործարանում աշխատողներն են տարբեր կուսակցություններից և նրանք ընտրության իրավունք ունեն։

«Ցեմենտի գործարանում «Բարգավաճ» էլ կա, հանրապետական էլ կա, «Օրինաց երկրից» էլ կան, Դաշնակցությունից էլ. մեզ համար նշանակություն չունի՝ որ կուսակցությունից են, սա ցեմենտի գործարան է, մասնագետներ են, ուրեմն պիտի պարտադիր «Բարգավաճ» լինի, որ աշխատե՞ն»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր «Արարատցեմենտ» գործարանի որակի գծով տնօրեն, ԲՀԿ-ի տարածքային կառույցի ղեկավար Մանուկ Առաքելյանը։

ԲՀԿ-ականներն էլ իրենց հերթին ՀՀԿ-ի թիմին են մեղադրում լարվածություն առաջացնելու մեջ։ Մասնավորապես, քաղաքապետարանը ԲՀԿ-ի թեկնածու Սամվել Բարսեղյանին այդպես էլ հնարավորություն չի տվել քարոզարշավի շրջանակներում քաղաքի կենտրոնական հրապարակում հանրահավաք անցկացնել։ Այստեղ ամեն օր երգ ու պար է, որն ավարտվելու է քարոզարշավի հետ՝ նոյեմբերի 8-ին։

«Ո՞վ մեզ կարող է ասի՝ ինչ ժամանակահատված ընտրենք միջոցառումների անցկացման համար։ Եթե մենք նպատակահարմար ենք գտնում ինչ-որ ժամանակահատվածում, այդ ժամանակահատվածում էլ անց ենք կացնում»,- «Ազատությանը» փոխանեցեց Արարատի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Բաբկեն Բաբայանը՝ հավելելով, որ որևէ առիթ կամ տոն չկա այս օրերին դրա համար։

Հարցին, թե չեն կարո՞ղ միջոցառումները հետաձգել ընտրություններից հետո, Բաբայանը պատասխանեց.- «Իսկ ինչո՞ւ հետաձգենք, ինչո՞ւ, որպեսզի կուսակցական շահը գերակայի հանրային շահի՞ն։ Բոլորի նպատակն էլ դա է, թե ինչու չենք ԲՀԿ-ին տրամադրում հրապարակը, այլ տալիս ենք հանրային շահը ներկայացնող միջոցառումներին։ Չի կարելի այդպես մոտենալ»։

Այնուհանդերձ ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանի քարոզարշավի համար հրապարակը նոյեմբերի 8-ին տրամադրվել է։ Դիտարկմանը, թե չի ստացվո՞ւմ, որ հանուն ՀՀԿ-ի թեկնածուի հանրային շահը անտեսվել է, քաղաքապետարանի ներկայացուցիչը պատասխանեց՝ «չէ, բոլորովին»։

«Հայկ Հայկյանը մրցակցից շուտ է իրազեկել իր հանրահավաքի մասին, հետևաբար նրա իրազեկումն է ընդունվել ի գիտություն»,- հիմնավորեց Բաբայանը։

Ի դեպ, համացանցում շրջանառվում է մի փաստաթուղթ, ըստ որի քաղաքապետի պաշտոնակատար Խաչիկ Մնացականյանը քարոզարշավի հենց առաջին օրը՝ հոկտեմբերի 29-ին, Արատատ քաղաքի մի խումբ բնակիչների դրամական օգնություն հատկացնելու որոշում է կայացրել, գումարի չափը 10-40 հազարական դրամ է։

Արարատի մարզպետ Արամայիս Գիրգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դա չկապեց ընտրությունների հետ։

«Բոլոր համայնքներն օգնություն տալիս են, դա իրենց պարտավորությունն է, ավագանին է որոշում կայացնում և իրենք կարող են մարդկանց օգնել»,- ասաց մարզպետը, ով այստեղ ընտրակաշառքի ռիսկ չէր տեսնում։

Մարզպետը հայտարարեց, որ ինքը սատարում է ՀՀԿ-ի թեկնածուին։ Նորանշանակ մարզպետը անկուսակցական է, խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ՀՅԴ համամասնական ցուցակով։ ՀՅԴ-ն Արարատի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել։ Մարզպետն ասաց, որ Դաշնակցության դիրքորոշումից ինքը տեղյակ չէ։

«Ժառանգություն» կուսակցությունը թեկնածուներից որևէ մեկին չի սատարում։ Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է ԲՀԿ-ի թեկնածու Սամվել Բարսեղյանին սատարելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG