Մատչելիության հղումներ

Ճարտարապետները հրապարակը վերակառուցելու կարիք չեն տեսնում


Ճարտարապետները Հանրապետության հրապարակը վերակառուցելու կարիք չեն տեսնում
please wait

No media source currently available

0:00 0:05:09 0:00

Ճարտարապետները Հանրապետության հրապարակը վերակառուցելու կարիք չեն տեսնում

Քաղաքապետարանը երեկվանից ցուցադրում է «Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի» բաց մրցույթին ներկայացված նախագծերը։

Ճարտարապետների միությունում շատերն ասում են, որ Թամանյանի նախագծած հրապարակը Երևանի ամբողջական, ավարտուն ու գեղեցիկ հուշարձաններից ու վերակառուցման կարիք չկա։

Այս մրցույթով Երևանի քաղաքապետարանը ցանկանում է ոչ միայն ձեռք բերել Լենինի արձանի դատարկ մնացած տարածքն օգտագործելու գաղափարներ, այլև հրապարակը վերակառուցել։ Ճարտարապետներից շատերը որոշել էին ի սկզբանե բոյկոտել այս նախագիծը, քանի որ, ըստ նրանց, հրապարակը ոչ մի փոփոխության կարիք չունի։

«Մրցույթը այնքան սխալներով է ներկայացվել, որ ես չեմ կարծում, որ իրեն հարգող ճարտարապետը պետք է մասնակցեր այդ մրցույթին։ Տեսնում ենք, որ 13 մասնակիցներ արդեն կան», - ասաց Ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանը։

13 մասնակիցների անունները դեռևս չեն հրապարակվում։ Նրանք հիմնականում առաջարկում են ոչ թե հրապարակի վերակառուցման նախագիծ, ինչպես մրցույթն էր պահանջում, այլ փորձում են լցնել Լենինի արձանի դատարկ մնացած տարածքը։ Մեկն առաջարկում է Արարատի նկարն այնտեղ տեղադրել, մյուսը՝ եկեղեցի կառուցել, երրորդը՝ շենքերն իրար կապող ապակե կամուրջ կամ խաչ տեղադրել։

Ճարտարապետների միությունում շատերն ասում են, որ Թամանյանի նախագծած հրապարակը Երևանի ամբողջական, ավարտուն ու գեղեցիկ հուշարձաններից ու վերակառուցման կարիք չկա։ Բադալյանն անձամբ այս պատճառով մրցույթին երբեք չէր դիմի։

«Մարդ պիտի ձեռքը դնի խղճին ու հասկանա, թե մասնակցելով ի՞նչ է ուզում ասել, որ համաձա՞յն է այդ ամեն ինչին [հրապարակի վերակառուցման անհրաժեշտությանը]», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը։

Հարցին, թե եթե մասնագետներն ասում են՝ հրապարակի վերակառուցումը անհեթեթ է, ապա ինչո՞ւ է մրցույթը հայտարարվել, Բադալյանն ասում է՝ չգիտեմ։ Պատասխան ունեն քաղաքապետարանն ու Երևանի նախկին գլխավոր ճարտարապետը։ Մրցույթի հայտարարման ժամանակ՝ մայիսին, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ հրապարակն արդիականացման կարիք ունի, իսկ մրցույթի տեքստում գրված է՝ «Հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձևավորվել, որոնք աղճատում են հրապարակի տեսքը»:

«Տարիներ առաջ ենթադրաբար գիտեինք, թե ինչ է լինելու։ Ասում էինք՝ միջավայրը քաղաքի փոխվում է, հրապարակից բացվում են այն բարձրահարկ շենքերը, որ շատ վատ ազդեցություն ունեն հրապարակի վրա։ Հիմա ի՞նչ, մենք հրապարակը բարձրացնելով կամ մի բան փոխելով, ուզում ենք բարձրացնե՞լ այդ շենքերը», - հարցնում է Բադալյանը։
XS
SM
MD
LG