Մատչելիության հղումներ

Դեռևս հստակ չեն նորաստեղծ կոմիտեի գործառույթներն ու լիազորությունները


Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյան
Ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյան
Կառավարությանն առընթեր Ճարտապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը այսօր Շինարարի օրվան նվիրված միջոցառման ժամանակ նորաստեղծ կառույցի գործառույթների մասին հարցին ի պատասխան ասաց․ - «Կառավարության մեջ տարբեր գերատեսչությունների մոտ տարբեր տարաձայնություններ կարող են լինել: Կոմիտեն կարող է լիարժեք համակարգել և իր մասնագիտական խորհուրդներով կարողանա այդ առումով ևս օգտակար լինել»:

«Քաղաքները չունեն քաղաքաշինական կանոնադրություններ, և այդ խնդիրը նույնպես պետք է լուծվի», - հավելեց երկար տարիներ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած Նարեկ Սարգսյանը:

Կառավարությանն առընթեր Ճարտարապետության պետական կոմիտեն, հիշեցնենք, ստեղծվել է անցած ամիս՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով: Իսկ երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ նորաստեղծ կոմիտեն նախագահ է նշանակվել Նարեկ Սարգսյանը:

Այդուհանդերձ, առայժմ հստակ չէ, թե կոնկրետ ինչ լիազորություններ է ունենալու և ինչ գործառույթներ է իրականացնելու նորաստեղծ կոմիտեն:

«Պետությունը ստեղծում է մի հատ բյուրո, որ ինքը իր պատվերները բաշխում է պետշինի միջոցով: Շուկայական պայմաններում նման մի հատ կառույց ունենալը անմտություն է: Մենաշնորհ է: Մենաշնորհ արդեն իսկ կա: 15 տարի է, ինչ Նարեկ Սարգսյանը և իր շրջապատը, իրականացնելով այս քաղաքականությունը Երևան քաղաքում, ամբողջ Հայաստանն այս վիճակին հասցնելով, այսօր ավելի կենտրոնացում է գնում: Եթե պետական համակարգում ինչ-որ մեկին համոզել են, որ խնդիրները լուծվելու են․․․ Ո՛չ, խնդիրներն ավելի են սրվելու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը:

Նրա համոզմամբ, առանց այդ էլ «կոռումպացված համակարգը, որը ստեղծվել է մի խումբ մարդկանց կողմից, խորանում է»․ - «Օլիգարխ, մոնոպոլիստ ունենք շաքարավազում, չգիտեմ ինչում, մի հատ էլ ունենք ճարտարապետությունում»:

Պետրոսյանի պնդմամբ՝ զարգացման երկրներում հրաժարվել են անգամ քաղաքաշինության նախարարություններից, իսկ այն, ինչ արվում է մեզ մոտ, հետքայլ է դեպի Խորհրդային Միություն․ - «Նախարարություն ունեինք ու դժգոհ էինք այդ նախարարությունից: Ի՞նչ է, պրոբլեմը անո՞ւնն է․․․ Ստեղծում են կոմիտե, որպեսզի Նարեկ Սարգսյանը շարունակի մասնագիտությունը նվաստացնող, մասնագիտությունը քանդող համակարգը: Արդյունքը մենք հենց հիմա կտեսնենք»:

Վրդովմունք է հարուցում նաև այն, որ ոլորտի մասնագետներն անգամ տեղյակ չէին, թե նման կոմիտե է ստեղծվում:

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը վաղաժամ է համարում գնահատականներ տալ մի կառույցի, որի գործառույթների մասին ոչինչ հայտնի չէ:

Այդուհանդերձ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մինասյանն ասաց․ - «Կար Քաղաքաշինության նախարարություն: Ես կարծում եմ, որ դա լիարժեք կբավարարեր․․․ Քանի որ արդեն նախագահը ստորագրել է, ասել հիմա՝ ավելորդ էր-ավելորդ չէր․․․ Կյանքը ցույց կտա»:

Սարհատ Պետրոսյանը, մինչդեռ, վստահ է, որ այդ համակարգը չի աշխատելու․ - «Այն մարդիկ, ում այս ոլորտը վստահված է, ի վիճակի չեն լուծել»:

Մայրաքաղաքի «Բարև Երևան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը որևէ ակնկալիք նորաստեղծ մարմնից չունի․ - «Այդ բնագավառը ևս մեր իշխանությունների բիզնես ախորժակի շրջանակներում է գործել և ոչ երբեք՝ քաղաքաշինության կանոնների շրջանակում: Հակառակ դեպքում մենք այս, ներողություն խոսքիս համար՝ այլանդակված վիճակը չէինք ունենա: Կարծում եմ, սա ընդամենը Նարեկ Սարգսյանին պարգևատրման գործընթացներից մեկն է»:
XS
SM
MD
LG