Մատչելիության հղումներ

Հայաստանը ազատականացնում է ավիափոխադրումների ոլորտը


«Էյր Արմենիա»-ի մարդատար ինքնաթիռի առաջին վայրէջքը «Զվարթնոց» օդանավակայում, 23-ը հոկտեմբերի, 2013
«Էյր Արմենիա»-ի մարդատար ինքնաթիռի առաջին վայրէջքը «Զվարթնոց» օդանավակայում, 23-ը հոկտեմբերի, 2013
Ամերիկյան «Մակքինզի ընդ քոմփանի» խորհրդատվական ընկերության անցած երեք ամիսների ուսումնասիրությունների արդյունքում այսօր Հայաստանի կառավարությունը որոշեց անմիջապես ընդունել «բաց երկնքի» քաղաքականություն: Հայաստանյան ավիաոլորտը այսուհետ բաց կլինի միջազգային չափանիշներին համապատասխանող բոլոր ավիաընկերությունների համար՝ առանց որևէ խտրականության:

Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի` ոլորտի ազատականացումը կնպաստի տնտեսության զարգացմանն ու գների նվազմանը:

«Ստեղծելու է նոր աշխատատեղեր, դարձնելու է ուղևորափոխադրումները հարմարավետ, և գները նվազելու են»,- ասաց վարչապետը։

Կառավարությունը միաժամանակ զգուշացնում է, որ ակնկալվող դրական արդյունքները տեսանելի կլինեն 1-2 տարի անց միայն․ բարեփոխումների իրականացումը ժամանակ է պահանջում՝ փաստում է էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ում խոսքով՝ գները միջինում կնվազեն 10 տոկոսով, փոխադրումները կավելանան 20-25 տոկոսով:

«Իհարկե, որոշակի ուղղությունների վրա կարող ենք ունենալ ավելի արագ արձագանք։ Դա հատկապես վերաբերում է տոմսերի գներին։ Ընդհանուր առմամբ՝ գնահատականները հետևյալն են, որ միջնաժամկետ, երկարաժամկետ հեռանկարում սա կարող է հանգեցնել 1-2 տոկոս տնտեսական աճի։ Հիմնականում դա վերաբերվում է զբոսաշրջության և ներդրումային գրավչության ավելացմանը Հայաստանում»,- ասաց նախարարը։

Ընդամենը երեք ամիս առաջ կառավարությունը մեկ այլ փաստաթուղթ ընդունեց ոլորտի վերաբերյալ, որով որոշեց անցնել «երկնքի» փուլ առ փուլ ազատականացման: Կառավարությունն անգամ պատճառաբանել էր՝ քանի դեռ չունենք հայկական ավիափոխադրող, նպատակահարմար չէ ազատականացնել ոլորտը, քանի որ այդ դեպքում Հայաստանի ուղևորափոխադրումների իրականացումը կախված կլինի օտարերկրյա ընկերություններից: Այսօրվա որոշմամբ, փաստորեն, գործադիրը վերանայում է իր մոտեցումները։

««Մակքենզի» ընկերության կողմից ներկայացված խորհրդատվության շրջանակներում քննարկվել է նաև այդ հարցը, բերվել են բազմաթիվ երկրների օրինակներ, և այսօր հիմնականում այն երկրներում, որոնք տարբեր տեսակի կոնֆլիկտային գոտիներում են գտնվում, ազգային փոխադրողները առաջինն են, որ դադարեցնում են իրենց գործունեությունը։ Դա ցույց է տալիս, որ մենք չենք կարող վստահել, որ ստեղծելով ազգային փոխադրող՝ մենք կունենանք մեր հիմնարար խնդրի լուծումը»,- ասում է էկոնոմիկայի նախարարը։

Միևնույն ժամանակ, նախարարն ընդունում է, որ անվտանգության հարցը փակված չէ, այդ ուղղությամբ պետք է աշխատել:

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը պնդում է, թե անվտանգության հարցը ավելի հեշտ է լուծել տեղական փոխադրող ունենալու դեպքում: Պետրոսյանը ևս կողմ է «բաց երկնքի» քաղաքականությանը:

«Օրինակ, Եվրամիությունը բաց երկնքի քաղաքականություն է վարում, ազատականացված է այս ոլորտը։ Եթե դու էլ ես այս քաղաքականությունը վարում, դու էլ նույն իրավունքները պետք է ունենաս Եվրոպայում։ Բայց քանի որ դու չունես ավիաընկերություն, քո ներքին կարգավորման խնդիրը դու դեռ չես լուծել, ինչպե՞ս կարող ես բաց երկնքի քաղաքակություն վարել»,- հարցնում է Պետրոսյանը։

Ինչ վերաբերում է «Մակքենզի» ընկերության խորհրդատվությանը, ապա Շահեն Պետրոսյանը գտնում է, որ առանց խոշոր գումարներ ծախսելու, նույն խորհրդատվությունը կարող էին տալ նաև հայ մասնագետները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG