Մատչելիության հղումներ

Փոստանջյանի և ռուս սահմանապահների մասնակցությամբ միջադեպը բուռն բանավեճ է հարուցել ԱԺ-ում


ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը
ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը
Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի («Ժառանգություն») հետ սեպտեմբերի վերջին Երևան - Մեղրի ավտոճանապարհին ռուս սահմանապահների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը այսօր խորհրդարանում բուռն բանավեճի առարկա դարձավ:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ոչ թե Զարուհի Փոստանջյանին է հավատում, այլ ռուսական հատուկ ծառայություններին:

«Այո, Ձեր հայտարարություններին ես չեմ հավատում, որովհետև կյանքը ցույց է տվել, որ Դուք կարող եք նաև զրպարտությամբ զբաղվել, հայտարարություն անել, որը իրականությանը չի համապատասխանում», - ասաց խորհրդարանի խոսնակը, ինչին Զարուհի Փոստանջյանն արձագանքեց. - «Պարոն Աբրահամյան, ես ցանկանում եմ ճշտել. հիմա Ձեր վերադասը փաստորեն ռուսական Էֆ-Էս-Բե՞-ն է»:

Փոստանջյանի պնդմամբ` սեպտեմբերի 25-ին Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտ հատուկ անցակետով միջպետական ճանապարհը փակած ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները առանց հիմնավորման կանգնեցրել են և խուզարկել են իր մեքենան, Պարզաբանումների ընթացքում, ըստ ընդդիմադիր պատգամավորի, «Ժառանգության» տեսախցիկը խլելու փորձ անելիս կոտրել էին այն:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ) պաշտոնական գրությամբ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ղեկավար Գորիկ Հակոբյանից հետաքրքրվել էր, թե իրավական ինչ հիմնավորմամբ էին ռուս սահմանապահները գործել: ԱԱԾ-ի պետը Փաշինյանին խորհուրդ էր տվել հետաքրքրվել Ազգային ժողովի նախագահից, ում ինքը հարկ էր համարել ներկայացնել իր հիմնավորումները:

Այդ նամակում, Հովիկ Աբրահամյանի խոսքով, գրված է` ռուս սահմանապահների հետ թմրամիջոց տեղափոխող կասկածյալին նաև մեր ոստիկաններն ու իրավապահ այլ մարմինների աշխատողներ են փնտրել: Մինչդեռ Փոստանջյանի պնդմամբ` տարածքում հայ ոստիկան չի եղել, նրանք ժամանել են միայն իր պահանջից հետո, երբ ինքը հրավիրել է տեսախցիկը կոտրելու մասին հայտարարելու համար:

«Սա ընդհանրապես պրակտիկա է դառնում, երբ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը կոնկրետ, ըստ էության պատասխաններ չի տալիս Ազգային ժողովի պատգամավորի հարցումներին, և երբեմն տպավորություն ես ստանում, որ ԱԱԺ-ի տնօրենը իր գործունեության հիմնական մասը նվիրում է Կառավարության շենքի մոտ կամ այլ տեղերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա հարձակվելու և նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ անելու գործին», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հովիկ Աբրահամյանը ասաց, թե ինքը ընթերցել է նամակը և, իր կարծիքով, օրենքը չի խախտվել:

Փաշինյանը հակադարձեց, թե հավատալ-չհավատալուց առաջ օրենք գոյություն ունի. - «Հետաքննություն անցկացրեք, պարզեք, թե ով է ճիշտ»:

Միջադեպից հետո, հիշեցնենք, Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել: Ոստիկանությունից այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեն, որ նախապատրաստված նյութերն ուղարկվել են Սյունիքի մարզի դատախազություն:

Փաստորեն, Փոստանջյանի հաղորդումը մեկ ամիս անց դեռ վերջնական պարզաբանում չի ստացել:

«Կապ չունի, թե որ օտար երկրի մասին է խոսքը. լինի դա Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, որևէ երկիր: Այստեղ խնդիրը Հայաստանի ինքնիշխանության մասին է: Կամ կարո՞ղ է հայտնի պիեսի տրամաբանությամբ Հայաստանի Հանրապետությունն այլևս ինքնիշխան պետություն չէ, բայց մեզ չեք ասում, որ տրամադրություններս չընկնի», - Աբրահամյանին դիմելով ասաց Փաշինյանը` պնդելով. - «Կարո՞ղ եք հստակ պատասխանել. ովքե՞ր են, ինչի՞ համար են բլոկպոստ սահմանել… Իրենք ի՞նչ իրավական հիմքով են այնտեղ կանգնել»:

Այսօրվա բանավեճը նյարդայնացրեց հանրապետական մեծամասնությանը: Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասաց. - «Հո գերի չե՞նք»:

Իր վրդովմունքը որոշեց չզսպել նաև ՀՀԿ-ի համամասնական ցուցակով պատգամավոր դարձած նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը: Ի դեպ, Եսայանից հետո արտահայտվելու համար հերթագրվել էր նաև Փոստանջյանի հասցեին վերջին օրերին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնող Առաքել Մովսիսյանը, սակայն Եսայանի խոսքից հետո հանեց իր ելույթը:

«Մի անեկդոտ կա. փեսան զոքանչին ուսին դրած ման է գալիս, ասում են` զոքանչին այդքան շա՞տ ես սիրում: Ասում է` չէ, ուսերիս եմ դրել, որ չտեսնեմ: Հիմա այստեղ դահլիճում որոշ պատգամավորներ կան, որոնց մենք մեր ուսերին դրած այնպես ենք տանում, որ չտեսնենք հանկարծ: Եվ արդեն դեժավյուի նման կրկնվում է այս սցենարը, որ ամեն քառօրյայից առաջ մենք տեսնում ենք: Ես կարծում եմ, այստեղ մեծամասնության և Ազգային ժողովի 131 պատգամավորներից գրեթե բոլորի իրավունքները ոտնահարվում են: Ես խնդրում եմ մեր որոշ գործընկերներին, որ ուղղակի չափի զգացողությունը պահեն», - ասաց Եսայանը:
XS
SM
MD
LG