Մատչելիության հղումներ

Փոստանջյանը «հանցագործության մասին» հաղորդում է ներկայացրել


«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան
Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին ռուս սահմանապահների հետ երեկ երեկոյան տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։

Դեպքը պատահել էր Լիճք գյուղի մոտ, սահմանից 100 մետր հեռավորության վրա, երբ պատգամավորն ու «Ժառանգության» քարոզչական խումբը քարոզչության նպատակով շրջել են Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում։ Ինչպես մեզ հետ զրույցում պատմեց պատգամավորը, Լիճք գյուղի մոտ ռուս սահմանապահները երեկ ամբողջ օրվա ընթացքում անցակետ են տեղադրած եղել, փակելով միջպետական ճանապարհը, առանց հիմնավորման կանգնեցրել են անցնող մեքենաները, այդ թվում նաև իրենց մեքենան և առանց որևէ պատճառաբանության խուզարկել։ Երբ Փոստանջյանը փորձել է պարզել, թե ինչ հիմնավորումներով են այս գործողությունները կատարվում, ռուս սահմանապահները անհարգալից պահվածք են դրսևորել թե նրա, և թե խմբի մյուս անդամների հանդեպ: Այդ պահին «Ժառանգության» թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական շտաբի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանը տեսախցիկով փորձել է նկարահանումներ կատարել, սակայն սահմանապահը խոչընդոտել է, տեսախցիկը խլելու փորձ է արել և կոտրել այն։ Զարուհի Պոստանջյանն ապօրինի է և քրեորեն հետապնդելի է որակում սահմանապահների գործողությունները։

«Այստեղ մեզ ներկայացել են զինված և որպես իշխանություն ներկայացող անձինք, որոնք մեր նկատմամբ բռնություն են կիրառել, ըստ էության, և խոչընդոտել են մեր տեղաշարժի իրավունքը, խափանվել է մեր քարոզչությունը և մեզ վնասներ են պատճառվել։ Սրան պետք է տրվի քրեաիրավական ընթացք»,- ասաց Փոստանջյանը,- «Իրենց խոսքերը չէին համապատասխանում իրականությանը, երբ հետո եկան և մեզ արդեն պարզաբանումներ էին տրամադրում[ասելով, որ մեր գործողություններն են անօրինական՝ իրենց նկարահանելը], ասում էին «մենք տվյալ պահին համատեղ ծառայություն ենք իրականացնում Հայաստանի իրավապահ օրգանների հետ», բայց ես ոչ ոքի չտեսա Հայաստանի իրավապահ մարմիններից, երբ հետո եկավ ոստիկանության Մեղրիի բաժնի պետը, նա տեղյակ չէր, որ այդտեղ այդպիսի ծառայություն է իրականացվում։ Կային մեր զինվորները՝ 18-19 տարեկան զորակոչիկները, որոնք ոչ մի դեր չէին խաղում, տեխնիկական սպասարկում էին իրականացնում»։

Ինչ վերաբերում է անցակետ դնելու դրդապատճառներին, պատգամավորին դա բացատրել են ինչ-որ իրանցի թմրագործակալի որոնման աշխատանքներով։

«Իբրև թե թմրամիջոցների տեղափոխման մեջ կասկածվող անձը ուղեկցորդների ուղեկցությամբ Երևան տեղափոխվելիս Արենիում փախել է. գիտեք ինչ, եթե նման դեպք է եղել, միայն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններն են պատասխանատու տվյալ անձի տեղափոխման համար։ Ես տվյալ դեպքում կասկածում եմ, որ այստեղ սահմանապահ զորքերի գործառույթներ կարող են լինել»։

Զարուհի Փոստանջյանի հավաստմամբ՝ միջադեպից հետո դեպքի վայր է եկել սահմանապահ զորքերի գնդի հրամանատարի տեղակալ Միրզոևը։ Նա ներողություն է խնդրել Փոստանջյանից և պատրաստակամություն է հայտնել հենց այդ պահին փոխհատուցել տեղախցիկին հասցված վնասը, սակայն Փոստանջյանը հրաժարվել է առաջարկվող գումարից և պնդել, որ այն պետք է վճարվի դատական կարգով՝ ՀՀ օրենքներով նման հանցագործության համար նախատեսված պատժին զուգահեռ:

Ինչ վերաբերում է Հայաստանի իրավապահ մարմիններին, ապա մեր հարցին ի պատասխան, թե արդյոք ռուսական սահմանապահ ծառայությունը օժտվա՞ծ է Հայաստանի տարածքում անցակետ տեղադրելու և սահմանախախտ կասկածյալին փնտրելու լիազորություններով, պաշտպանության նախարարությունից խորհուրդ տվեցին դիմել ոստիկանությանը, ոստիկանությունից խորհուրդ տվեցին դիմել Ազգային անվտանգության ծառայությանը, իսկ Ազգային անվտանգության ծառայությունում էլ հորդորեցին հարցն ուղղել Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը։

Այս ծառայության սահմանապահ վարչությունն էլ, չնայած խոստմանը, մինչ այս պահը հանդես չի եկել պաշտոնական պարզաբանմամբ։

Զարուհի Փոստանջյանն ու ընդդիմադիր «Ժառանգությունը» իրենց հերթին ցավ են հայտնում, որ Ռուսաստանի դաշնային ծառայությանը նման արտոնություններ են տրված Հայաստանում։

«Այս ամենի պատճառներն ավելի խորն են»,- ասաց պատգամավորը.- «Սա ուղղակի ոչ միայն Մաքսային միության, այլև տարիներ շարունակ մեր արտաքին քաղաքականության ձախողման հետևանք է։ Ցավալի է, որ մեր երկրում նույնիսկ նրանց հարց հղելու մեր իրավունքը վտանգված է։ Ես հենց հարց էի հղում, որի պատասխանը եղավ այդ բռնարարքը»։

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը պաշտոնական հայտարարությամբ պահանջել է պաշտոնապես ներողություն խնդրել կատարվածի համար։

«Մենք դիտարկում ենք այս միջադեպը որպես կոպիտ արտաքին միջամտություն ՀՀ ներքաղաքական գործընթացներին, որը տեղի է ունենում ՀՀ իշխանությունների՝ Հանրապետական կուսակցության և անձամբ դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանի թողտվությամբ, եթե ոչ անմիջական մեղսակցությամբ: Այն ևս մեկ անգամ ի ցույց դրեց ընտրությունները կեղծած և իշխանությունը բռնազավթած խմբակի անկարողությունը ապահովելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը: Հայաստանում Ռուսաստանի իշխանություններից պահանջում ենք պաշտոնապես ներողություն խնդրել և բացատրություններ տալ այս անընդունելի միջադեպի կապակցությամբ, իսկ ՀՀ իրավապահ և դատական մարմիններից՝ համապատասխանաբար հետաքննել այս միջադեպը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,- նշված է «Ժառանգության» տարածած հայտարարության մեջ:
XS
SM
MD
LG