Մատչելիության հղումներ

Երևանում Մոսկվայի պետհամալսարանի մասնաճյուղ կբացվի


Մոսկվայի պետհամալսարանի գլխավոր մասնաշենքը
Մոսկվայի պետհամալսարանի գլխավոր մասնաշենքը
Հայաստանում Միխայիլ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացելու հնարավորությանն առնչվող մի շարք հարցեր են քննարկվել այսօր համալսարանի պրոռեկտոր Դավլաթ Նիդոևի գլխավորած պատվիրակության հետ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հանդիպման ժամանակ:

Նախարարը նշել է, որ արդեն մի քանի տարի ընթանում են մասնաճյուղի բացման շուրջ բանակցությունները, որի մասին բարձրաձայնել են նաև երկու երկրների նախագահները, հարցը ներառված է միջկառավարական հանձնաժողովի օրակարգում: «Ե՛վ հայկական, և՛ ռուսական կողմն այս ընթացքում արել են հնարավորը` նախագծի իրականացման և պայմանավորվածությունը գործնական փուլ տեղափոխելու համար: Մենք շահագրգռված ենք Հայաստանում բուհի մասնաճյուղի հիմնմամբ: Խնդրին անհրաժեշտ է ցուցաբերել քաղաքական և կրթական մոտեցում», - կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ասել է Աշոտյանը և ընդգծել, որ մասնաճյուղի հիմնումը միտված է նախևառաջ բարձրագույն կրթության ոլորտում մրցակցության բարձրացմանը:

Նախարարը շեշտել է, որ հաշվի առնելով տարբեր երկրներում մասնաճյուղեր հիմնադրելու գործում Մոսկվայի պետհամալսարանի հաջողված փորձը` հայկական կողմն ուսումնասիրել է դրա ներդրման համապատասխան մոդելը, պահպանելով երկու երկրների օրենսդրական դաշտում գործող լիցենզավորման և հավատարմագրման հիմնական սկզբունքները:

Նիդոևը հույս է հայտնել, որ մասնաճյուղի հիմնումը կնպաստի Հայաստանում կրթության որակի բարձրացմանն ուղղված գործընթացին: Նա նշել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է:

«Հայ ուսանողները լավագույն դիրքեր են զբաղեցնում Մոսկվայի պետական համալսարանում, և մեր բուհն ամեն ինչ անում է` այդ անգին կապիտալը երկրում պահելու համար», - հայտարարել է պրոռեկտորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG