Մատչելիության հղումներ

Նյու Յորքում բացվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանը


ԱՄՆ - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի մասնակիցները ունկնդրում են գլխավոր քարտուղար Բան Կի-մունի ելույթը, Նյու Յորք, 24-ը սեպտեմբերի, 2013թ․
ԱՄՆ - ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի մասնակիցները ունկնդրում են գլխավոր քարտուղար Բան Կի-մունի ելույթը, Նյու Յորք, 24-ը սեպտեմբերի, 2013թ․

Մեկ շաբաթվա ընթացքում ելույթ են ունենալու 195 երկրների ներկայացուցիչներ, Հայաստանի արտգործնախարարը ելույթ կունենա սեպտեմբերի 28-ին:

Նյու Յորքում երեքշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի ելույթով բացվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանը:

Մեկ շաբաթվա ընթացքում ելույթ են ունենալու, իրենց ուղերձն են հղելու աշխարհի 195 երկրների ներկայացուցիչներ:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունենալու սեպտեմբերի 28-ին, նույն օրը նախատեսված է նաև Ադրբեջանի արտգործնախարարի ելույթը:

Այս նստաշրջանի կարևոր պահերից մեկը կարող են դառնալ Իրան - Արևմուտք բարձր մակարդակի հանդիպումներն ու բանակցությունները:

Չի բացառվում, որ կայանա ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ու Իրանի նոր ընտրված նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը: Ավելի քան 30 տարի երկու երկրների առաջին դեմքերի հանդիպում տեղի չի ունեցել:

Նստաշրջանի բացման օրը Բարաք Օբաման իր ելույթում նշեց, որ ԱՄՆ-ը ցանկանում է տեսնել Իրանի կոնկրետ, թափանցիկ քայլերը:

Օբամայի խոսքերով՝ Միացյալ Նահանգները գերադասում է, որ Իրանի միջուկային ծրագրերի հետ կապված խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով: Միաժամանակ, նա ընդգծեց, որ ԱՄՆ-ը վճռական է՝ կանխելու Իրանի ատոմային զենք ստանալու փորձերը:

Օբաման ասաց, որ պետքարտուղար Ջոն Քերրիին հանձնարարել է մյուս հզոր երկրների հետ համակարգված Իրանի հետ հարաբերություններում առաջ ընթանալ դիվանագիտական ճանապարհով՝ լուծելու համար Իրանի միջուկային հավակնությունների խնդիրները:

Հինգշաբթի օրը Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆին հանդիպում կունենա ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ մյուս երկրների արտգործնախարարների հետ:

Վերջին անգամ ԱՄՆ - Իրան նման բարձր մակարդակի հանդիպում տեղի է ունեցել 6 տարի առաջ՝ Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ հանգստավայրում հանդիպել էին Միացյալ Նահանգների ու Իրանի այն ժամանակվա արտգործնախարարներ Քոնդոլիզա Ռայսն ու Մանուչեհր Մոթաքին:

1980 թվականից մինչև հիմա երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան: Իրանի կոշտ դիրքորոշման կրող նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադից հետո, այս տարվա հունիսին նախագահ ընտրված Հասան Ռոհանին ցանկություն է հայտնել բարելավել հարաբերությունները Արևմուտքի հետ:

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Նյու Յորք մեկնելու նախօրեին տասնյակ քաղբանտարկյալներ ազատվեցին բանտերից՝ այդ թվում նաև 2009 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած բախումների կապակցությամբ ձերբակալված ընդդիմադիրների աջակիցներ: Սակայն ընդդիմադիր երկու առաջնորդների՝ Միր Հոսեյն Մուսավիի ու Մեհդի Քարուբիի տնային կալանքը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG