Մատչելիության հղումներ

Արգիշտի Կիվիրյանը ցուցմունք տվեց ՀՔԾ-ում


Արգիշտի Կիվիրյանը ցուցմունք տվեց ՀՔԾ-ում
please wait

No media source currently available

0:00 0:04:55 0:00

Արգիշտի Կիվիրյանը ցուցմունք տվեց ՀՔԾ-ում

Հինգշաբթի Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) շուրջ 3 ժամ որպես վկա ցուցմունք տվեց «Արմենիա թուդեյ» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը:

Նա երեկ ծանուցագիր է8 ստացել օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում ապօրինի շինարարության դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկվելիս ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով քրեական գործի շրջանակներում ցուցմունք տալու նպատակով:

Ավելի վաղ երեք անգամ ձախողվել էին Կիվիրյանի՝ ցուցմունք տալու փորձերը: Նա նախորդ դեպքերում ներկայացել էր իր՝ ավելի քան 150 փաստաբաններից 30-ի ուղեկցությամբ, քննիչը թույլ չէր տվել բոլոր փաստաբանների մասնակցությունը հարցաքննությանը: Այդ պատճառով Կիվիրյանն իր ցուցմունքը ՀՔԾ ուղարկել էր գրավոր: Սակայն, ՀՔԾ-ն, երեկ ծանուցագիր ուղարկելով Արգիշտի Կիվիրյանին, վերադարձրել էր գրավոր ցուցմունքը:

Այսօր նույնպես քննիչ Լևոն Մելքոնյանը պայման դրեց, որ Կիվիրյանը ցուցմունք տա մեկ փաստաբանի ներկայությամբ: ՀՔԾ ներկայացած տասից ավելի փաստաբանների համաձայնությամբ հարցաքննությանը մասնակցեց միայն Լուսինե Սահակյանը: Փաստաբանը հայտարարեց՝ բոլոր հիմքերը կան, որ Արգիշտի Կիվիրյանը տուժող ճանաչվի։

«Այն, որ բռնություն գործադրվել է Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ, սա արդեն իսկ դատաբժշկական եզրակացությամբ հինավորվել է։ Ոստիկանություն բերման ենթարկվելու ճանապարհին նա ստացել է այդ մարմնական վնասվածքները»,- ասաց փաստաբանը։

Օգոստոսի 24-ի դեպքի կապակցությամբ Արգիշտի Կիվիրյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն՝ հայտնելով, որ ոստիկանական մեքենայի մեջ իր նկատմամբ բռնություններ են գործադրվել: Գլխավոր դատախազության՝ օգոստոսի 27-ի հաղորդագրության համաձայն, «քաղաքացի Կիվիրյանը ոստիկանության բաժնում նախապատրաստվող նյութերի ժամանակ հայտարարել է, որ բերման ենթարկելիս ոստիկանության աշխատակիցներն իրեն ոստիկանության մեքենայի մեջ հայհոյել են և բռնություն գործադրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»։

Դատախազությունը հայտնել էր, որ նույն դեպքի կապակցությամբ «զեկուցագիր է ներկայացրել, ապա բացատրություն տվել նաև ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի դասակի հրամանատար Վ. Վրթանեսյանը՝ նշելով, որ Երևանի Կոմիտաս 5 հասցեի մոտ ծառայություն իրականացնելիս՝ նույն փողոցի երթևեկելի մասն ազատելու ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության ավտոմեքենայով Ա. Կիվիրյանին ոստիկանության բաժին տանելու ժամանակ վերջինս հայհոյել և բռունցքով հարվածել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք»։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով: Ավելի ուշ Կիվիրյանին է հասել ոստիկանական շրջանակների տեղեկատվական արտահոսքը, թե մասնավորապես, ինչ է արել ինքը.- «Խփել, կծել, հայհոյել այդ խեղճ, մինուճար ոստիկանին...»։

Իսկ ինչո՞ւ է ավտոմեքենայի մեջ արյան հետքերի հետ կապված հարցերի պարզաբանման նպատակով դատակենսաբանական փորձաքննությունը նշանակվել դեպքից մոտ մեկ ամիս անց: Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, ասաց, թե ոստիկանությունը չէր կարող նշանակել այդ փորձաքննությունը ավելի վաղ, քանի որ հետաքննություն է իրականացրել։

Այս գործի նյութերը ՀՔԾ-ին փոխանցելու վերաբերյալ հաղորդագրությունը գլխավոր դատախազության կայքում զետեղվել էր դեպքից երեք օր անց՝ օգոստոսի 27-ին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանությունում գործ հարուցելուց անմիջապես հետո նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանապետից հնարավոր չեղավ պարզել՝ եթե ոստիկանության քննիչը նշանակել է դատաբժշկական փորձաքննություն, ինչո՞ւ չպետք է նշանակեր նաև դատակենսաբանական փորձաքննություն:

Կոմիտաս 5-ի բնակիչները սատարում են Կիվիրյանին

Եվ, անդրադառնալով այսօր Արգիշտի Կիվիրյանի, փաստորեն, առաջին հարցաքննությանը ՀՔԾ-ում, նշենք, որ այդ կապակցությամբ ՀՔԾ-ի մոտ հավաքված քաղաքացիներից ոմանք Կոմիտաս 5 հասցեի բնակիչներ են։

«Ես ինքս ոստիկանության շենքի մոտ էի, երբ Արգիշտի Կիվիրյանին մեքենայից դուրս բերեցին, և ես կյանքում չեմ մոռանա նրա վիճակը։ Անտեղի տեղը էն օրն էին գցել, երբ մարդը եկել, մեր կողքին էր կանգնել՝ փորձելով բարձրացնել մեր ձայնը»,- ասաց բնակիչներից մեկը։

Կիվիրյանի հարցաքննության ժամանակ քաղաքացիները պարզել էին պաստառներ, որոնց վրա գրված էր՝ «Հայաստանը քաղբանտարկյալների կարիք չունի», «Ձեռքներդ հեռու Արգիշտի Կիվիրյանից», «Ռեժիմը սպառնալիք է բոլորի համար»:
XS
SM
MD
LG