Մատչելիության հղումներ

Քրեական գործ՝ «ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնության փաստով»


Armenia Today լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը ասուլիսի ժամանակ, արխիվ
Armenia Today լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Արգիշտի Կիվիրյանի փաստաբանը «ակնհայտ քաղաքական հետապնդում» է որակում ոստիկանության որոշումը:

Հայաստանի գլխավոր դատախազի՝ երեկ երեկոյան տված հանձնարությամբ Երևանի Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ): «Ազատություն» ռադիոկայանին այս տեղեկությունը փոխանցեց գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

«Միջադեպի վերաբերյալ նախապատրաստված նյութերը քննարկվել են, և հաշվի առնելով, որ նաև Արգիշտի Կիվիրյանը հաղորդում է ներկայացրել, որ իր նկատմամբ բռնություն են գործադրել ոստիկանության բաժնի աշխատակիցները, նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն», - ասաց խոսնակը:

Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, դեպքի վերաբերյալ ոստիկանության աշխատողը՝ դասակի հրամանատարը նաև զեկուցագիր է ներկայացրել, թե ոստիկանության ավտոմեքենայի մեջ Կիվիրյանը իր նկատմամբ բռնություն է գործադրել:

Այդ կապակցությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով՝ «իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դրա սպառնալիքը, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ խոչընդոտելը», որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Այս գործը նույնպես գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել է ՀՔԾ:

Արգիշտի Կիվիրյանը օգոստոսի 24-ին տեղի ունեցածի կապակցությամբ հաղորդում էր ներկայացրել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն ժամանած հետաքննիչին՝ խնդրելով պատժել իր նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին: Հարցին, թե եթե ոստիկանի զեկուցագրի հիման վրա ոստիկանությունում անմիջապես հարուցվել է քրեական գործ, դեռ քրեական գործ չի՞ հարուցվել Արգիշտի Կիվիրյանի ներկայացրած հաղորդման հիմքով, Տռուզյանը պատասխանեց՝ այս պահի դրությամբ՝ ոչ:

Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը «աբսուրդ» որակեց այն, որ ոստիկանի զեկուցագրի հիման վրա անմիջապես քրեական գործ են հարուցել, իսկ Կիվիրյանի դիմումի հետևանքով դեռ քրեական գործ չի հարուցվել: Օրենքով տասնօրյա ժամկետ է սահմանված քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելու համար: Լուսինե Սահակյանն ասաց, որ երեկ դիմել է ՀՔԾ՝ նշելով, որ դեպքից երեք օր է անցել, սակայն դեռ դատաբժշկի ուղեգիր չի տրվել, ուստի, ինչպես նշեց նա, ՀՔԾ-ին ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին: Փաստաբանի համոզմամբ՝ «սա ակնհայտ քաղաքական հետապնդում է»:

Հատուկ քննչական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ դեռ չեն ստացել նյութերը: Միայն նշեցին, որ օգոստոսի 24-ին ՀՔԾ-ն ստացել է Արգիշտի Կիվիրյանի հաղորդումը, ըստ որի, օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի տարածքում փորձել է վրան տեղադրել, սակայն ոստիկանությունը իր նկատմամբ բռնություն է գործադրել, մարմնի վրա քերծվածքներ կան: ՀՔԾ-ից փոխանցում են, որ այս առնչությամբ ևս դեռ քրեական գործ չի հարուցվել, նյութեր են նախապատրաստվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG