Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանում քննարկվեց հայ - թուրքական թեման


Հայ-թուրքական հարաբերությունների հարցը քննարկման առարկա՝ Եվրախորհրդարանում
please wait

No media source currently available

0:00 0:03:25 0:00

«Հայաստանը սպասում է Թուրքիային և միայն Թուրքիային` սկսածը շարունակելու համար», - ընդգծում է քննարկմանը Հայաստանը ներկայացրած վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:

Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրումից չորս տարի անց Եվրախորհրդարանում դեռ քննարկում են հայ - թուրքական հարաբերություններն ու սահմանի բացման հարցը:

Եվրոպացի պատգամավորներն այս անգամ եկել էին լսելու Թուրքիայից հրավիրված լրագրող Չենգիզ Աքթարի և Հայաստանից քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի ելույթներն այն մասին, թե արդյոք հնարավո՞ր է վերադարձնել արձանագրությունները քննարկման սեղանին, և որո՞նք են հնարավոր քայլերը, որ կտանեն հայ - թուրքական հարաբերությունների բարելավմանը:

Թուրք լրագրողը նշեց, որ Թուրքիայում շարունակում է մեծ դեր խաղալ ադրբեջանական գործոնը: «Ցանկացած բան, որ կապ ունի Հայաստանի հետ հարաբերությունների հետ, անմիջապես հանդիպում է ադրբեջանական ճնշումներին», - ասաց Աքթարը` հիշեցնելով Երևան - Վան չվերթների կասեցումը:

«Ադրբեջանցիների դիրքորոշումն այս հարցում հստակ է` Թուրքիան չպետք է բարելավի հարաբերությունները Հայաստանի հետ, քանի դեռ Հայաստանը չի տալիս Լեռնային Ղարաբաղը», - շարունակեց թուրք լրագրողը:

Եվրամիությունում Թուրքիայի դեսպան Սելիմ Յենելը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, թե Հայաստանը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի հարցում: «Մենք ուզում ենք տեսնել որոշ զիջողական քայլեր», - հայտարարեց նա:

«Հայկական կողմից մենք որևէ քայլ չենք տեսել, այնպես որ՝ մենք չենք կարող քաղաքական վակուումում շարժվել: Սակայն եթե մենք տեսնենք դրական քայլ, օրինակ` Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից զորքերի դուրսբերում, որոշ տարածքների հանձնում, սա անպայման պատասխան դրական քայլի կարժանանա», - ասաց Յենելը՝ հավելելով․ - «Այս ուղերձը գաղտնիք չէ, մենք մի քանի անգամ այն հնչեցրել ենք, այնպես որ՝ մեր ուզածը դրական ժեստն է, որով հայերը իրենք իրենց կօգնեն, և մեր հարաբերությունները կնորմալանան»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու է դեսպանը վստահ, որ հարաբերությունների բարելավումից կշահի Հայաստանը, Եվրամիությունում Թուրքիայի դեսպանը պատասխանեց. - «Մենք բոլորս կշահենք դրանից: Չեմ ուզում հաշվարկներ անել, սակայն դա լավ կլինի թե՛ երկու երկրների, թե՛ տարածաշրջանի և թե՛ միջազգային հանրության համար: Մենք դրական փոփոխությունների կարիք ունենք, և հենց սրանով էլ կարելի է սկսել»:

«Համաձա՞յն եք այստեղ հնչած այն պնդմանը, որ ադրբեջանական իշխանությունները մեծ ազդեցություն ունեն հայ - թուրքական հարաբերությունների հարցում», - այս հարցին էլ թուրք դիվանագետը արձագանքեց․ - «Մենք միգուցե երկու տարբեր երկրներ ենք, բայց մի ժողովուրդ ենք: Մենք չենք կարող չնայել Ադրբեջանի կողմը: Դա մեր ամենամտերիմ երկիրն է, և մենք պետք է ուշադրություն դարձնենք նրանց: Մենք տեսնում ենք, որ նրանց հանդեպ անարդար են վարվել, և դա շտկելու համար մենք սպասում ենք Հայաստանի քայլերին: Սա ոչ թե պետք է դիտարկել այն տեսանկյունից, թե ով ում վրա իշխանություն ունի, այլ արդարության տեսակետից»:

Եվրոպական խորհրդարանում հայ - թուրքական հարաբերությունների տեսանկյունից շատ խոսվեց նաև Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման մասին: Որոշ ադրբեջանամետ պատգամավորներ առիթը բաց չթողեցին այդ որոշումը ներկայացնելու որպես Ռուսաստանից կախվածության և Հայաստանի թուլության նշան: Հայաստանը ներկայացնող Ռիչարդ Կիրակոսյանը թե՛ իր ելույթի ժամանակ, թե՛ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չհամաձայնեց այս տեսակետին, նշելով, որ հայ - թուրքական գործընթացը միակ դրական տեղաշարժն էր տարածաշրջանում, որին հավանություն տվեցին բոլոր խոշոր խաղացողները, այդ թվում՝ Ռուսաստանը: Կիրակոսյանի կարծիքով` Մաքսային միությանն անդամակցելով Հայաստանը չի սահմանափակում Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման հնարավորությունները:

«Ինձ համար հետաքրքիր է այն, որ թեև ես ընդհանրապես համաձայն չեմ Մաքսային միությանը միանալու և Եվրոպայի Ասոցացման համաձայնագրի դուռը փակելու Հայաստանի որոշմանը, այդուամենայնիվ չեմ համաձայնի , թե սա սահմանափակում է Հայաստանի հնարավորությունները անվտանգության կամ արտաքին քաղաքականության հարցերում: Շատ դեպքերում հենց հակառակը», - ասաց Կիրակոսյանը՝ ընդգծելով․ - «Հայաստանը սպասում է Թուրքիային և միայն Թուրքիային` սկսածը շարունակելու և նորմալացման գործընթացին վերադառնալու համար»:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա Հայաստանը երբեք խոչընդոտ չի եղել, Ադրբեջանն է խնդիրը, որի մաքսիմալիստական դիվանագիտական ռազմավարությունը ոչ դիվանագիտական է, ոչ էլ ռազմավարություն է: Նրանք պահանջում են ամեն ինչ և դեռ մի բան էլ ավելի: Իրականում հիմնական պարտավորությունը Անկարայի և Բաքվի ուսերին է, ոչ Երևանի», - ամփոփեց վերլուծաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG