Մատչելիության հղումներ

«Ազատ դեմոկրատները» դատապարտում է Մաքսային միություն մտնելու որոշումը


«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարում է, որ դատապարտում է Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը։

«Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի Մոսկվայում կատարած հայտարարությունն այն մասին, որ ՀՀ-ն մտադրված է անդամակցել Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացներին, իրական սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անկախությանն ու ինքնիշխանությանը»,- հայտարարում է կուսակցությունը՝ շարունակելով.- «Մաքսային միություն մուտք գործելով Հայաստանի Հանրապետությունը կորցնում է անկախության անպիսի կարևորագույն ատրիբուտներ, ինչպիսիք են անկախ արտաքին քաղաքականություն և ինքնուրույն ֆինանսատնտեսական գործառույթ իրականացնելու հնարավորությունը։ Մաքսային և Եվրասիական միությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ Ռուսաստանի կայսերապաշտական հավակնությունների իրականացում և նախկին հետխորհրդային երկրներին ինքնիշխանությունից զրկելուն ուղղված քայլ»։

Դատապարտելով ՀՀ իշխանությունների այս քայլը՝ «Ազատ դեմոկրատները» հայտարարում է, որ այս գործընթացը «գնահատում է իբրև հակասահմանադրական քայլ, քանզի ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը հռչակում է, որ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է», իսկ ՀՀ Սահմանադրության 114-րդ հոդվածի համաձայն` «Սահմանադրության 1-ին, 2-րդ և 114-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն»։

«Կոչ ենք անում ՀՀ բոլոր շահագրգիռ անձանց համախմբվել ու թույլ չտալ սակարկման դնել Հայասատանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը։ Որևէ մեկը իրավասու չէ միանձնյա որոշումներով վտանգի տակ դնել մեր պետության և ՀՀ քաղաքացիների ապագան` ՀՀ քաղաքացին պետք է տեր կանգնի Սահմանադրությամբ իրեն տրված իրավունքին («Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին», Սահմանադրություն, Հոդված 2) և ինքը որոշի սեփական պետության զարգացման ուղին», - ասված է կուսակցության հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG