Մատչելիության հղումներ

Ղարաբաղի ԱԳՆ-ն հակադարձում է Մամեդյարովին


Լեռնային Ղարաբաղ - Կառավարական գլխավոր շենքը Ստեփանակերտում
Լեռնային Ղարաբաղ - Կառավարական գլխավոր շենքը Ստեփանակերտում
«Ադրբեջանը, որի ձգտումը տապալել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը գնալով ավելի ակնհայտ է դառնում, սկսել է օգտագործել նոր քարոզչական հնարք», - այսօր հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի 2013 թվականի հուլիսի 19-ի նամակը (տարածվել է ՄԱԿ-ում ս.թ. օգոստոսի 13-ին А/67/952-S/2013/478 գրությամբ) Ադրբեջանի այդպիսի քաղաքականության ակնհայտ դրսևորումն է: Այս անգամ Ադրբեջանը փորձում է իր քաղաքական նպատակներին ծառայեցնել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում գտնվող սիրիական ճգնաժամը, մասնավորապես, սիրիահայերի ճակատագիրը, որոնք՝ ի թիվս Սիրիան լքող փախստականների, ստիպված են ապաստան փնտրել աշխարհի տարբեր մասերում», - ասված է Ղարաբաղի ԱԳՆ-ի հայտարարությունում։ - «Տարված լինելով հակամարտության էությունը խեղաթյուրելու և միջազգային հանրությունն ապակողմնորոշելու իր մոլուցքով՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը չի վարանում նույնիսկ դիմել ակնհայտ կեղծիքների ու ապատեղեկատվության: Մասնավորապես, բավական է նշել, որ նամակին կից ՄԱԿ-ի քարտուղարությանը փոխանցված այսպես կոչված «վերաբնակեցված անձանց» ցուցակում նշված անձանցից որևէ մեկը երբեք չի եղել և ներկայումս էլ չի գտնվում ԼՂՀ տարածքում»:

«Ադրբեջանը հերթական անգամ խեղաթյուրում և ընտրովի է մեկնաբանում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը վերաբերող փաստերը՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղում երկու անգամ այցելած Մինսկի խմբի համանախագահների դիտորդական առաքելություներն իբր թե գրանցել են «միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի և սկզբունքների բազմաթիվ խախտումներ»: Մինչդեռ հայտնի է, որ այդ առաքելությունները, որոնք իրականացվել են ԼՂՀ իշխանությունների համաձայնությամբ ու օժանդակությամբ, իրենց զեկույցներում ժխտել են վերաբնակեցման ծրագրերի իրականացման վերաբերյալ Ադրբեջանի պնդումները», - շարունակում է Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ հիշեցնելով, որ «Ադրբեջանը հրաժարվել է և մինչև օրս թույլ չի տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդական առաքելության մուտքն իր կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի տարածքներ, որտեղ կազմակերպված կերպով իրականացվում են հայկական բնակավայրերի ադրբեջանցիներով բնակեցման լայնածավալ ծրագրեր»:

Ղարաբաղի արտգործնախարարարությունը հատկապես տագնապալի է համարում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի կարգավիճակ ձեռք բերած երկրի արտաքին գործերի նախարարը նամակում հանդես է գալիս ուղղակի սպառնալիքներով:

Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրներին միջոցներ ձեռնարկել՝ «կանխելու ՄԱԿ-ի բարձր ամբիոնը որպես քարոզչական մեքենայությունների հարթակ օգտագործելու Ադրբեջանի փորձերը և օժանդակել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև հակամարտության համապարփակ և տևական լուծում գտնելուն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG