Մատչելիության հղումներ

Ոստիկանության և ՌԴ դեսպանության հաղորդագրությունները «չեն հակասում իրար»


«Որոշ զանգվածային լրատվության միջոցներ, հրապարակելով Ռուսաստանի Դաշնության դեսպանության հայտարարությունը օգոստոսի 17-ին դեսպանատան մոտ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ՝ այն հակադրել են ՀՀ ոստիկանության՝ օգոստոսի 18-ի հաղորդագրությանը: Իրականում այդ երկու հաղորդագրությունները չեն հակասում իրար», - ասված է այսօր Հայաստանի ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Ոստիկանությունը մանրամասնում է․ - «Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է՝ «Մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել ՌԴ դեսպանատան հատուկ պահպանվող տարածք, վիճաբանության մեջ մտել տարածքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների հետ՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին»: ՌԴ դեսպանության հայտարարության մեջ նշվում է՝ «Մեր աշխատակիցները ոչ մի կապ չունեն տեղի ունեցածի հետ…», ինչը և բնական է, քանի որ բոլորին է հայտնի, իսկ նրանց, ովքեր տեղյակ չեն ասենք՝ խոսքը դեսպանատան մուտքի մոտ ծառայություն իրականացնող Ազգային անվտանգության ծառայության, ոչ թե դեսպանատան աշխատակիցների մասին է, ինչը մեկ անգամ ևս փաստվում է ՌԴ դեսպանատան հայտարարությամբ»:

«Ինչ վերաբերում է սույն հայտարարության մյուս պնդմանը, թե «տեղեկությունն այն մասին, որ որոշ անձինք փորձել են անօրինական կերպով մտնել և/կամ առարկա (ներ) նետել դեսպանատան տարածք, չի համապատասխանում իրականությանը», ապա նկատենք, որ ոստիկանության հայտարարության մեջ ընդհանրապես խոսք չկա դեսպանատան տարածք «և/կամ առարկա (ներ) նետել»-ու մասին», - ասված է ոստիկանության այսօրվա հաղորդագրությունում:

Ոստիկանությունը հայտնում է նաև, որ արտգործնախարարության միջոցով դիմել է Ռուսաստանի դեսպանությանը հիշյալ միջադեպի տեսագրությունները տրամադրելու խնդրանքով, «սակայն տեսագրությունները դեռ չեն տրամադրվել…»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG