Մատչելիության հղումներ

«Հարսնաքարի» դատաքննությունն ավարտվեց «ոչնչացված ապացույցներով»


Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր ավարտեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցյալ տարվա հունիսի 17-ին տեղի ունեցած ծեծի գործով դատաքննությունը:

Անցյալ տարվա սեպտեմբերից «Հարսնաքարի» աղմկահարույց գործը քննող դատարանն, այսպիսով անցավ դատական վիճաբանությունների փուլին:

Մեղադրող Արմեն Մարուխյանը տասնհինգ օր ժամանակ խնդրեց մեղադրական ճառին պատրաստվելու համար:

Դատական ճառերից հետո պետք է վերջին խոսքով հանդես գալու հնարավորություն ընձեռվի 6 ամբաստանյալներին: Ապա դատավորը կհրապարակի դատավճիռ:

Տուժողների արյունոտ հագուստները՝ դատարանում


Մինչ դատաքննության ավարտը դատավոր Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ ոստիկանության Հատուկ կարևորության գործերի քննչական վարչությունից դատարանը երեկ կից գրությամբ ստացել է «Հարսնաքարի» դեպքի օրը տուժողներից առգրավված հագուստները:

Անցյալ տարվա հունիսի 17-ին «Հարսնաքարի» աշխատակիցների ծեծից 12 օր անց զինվորական հոսպիտալում մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի, ինչպես նաև մյուս տուժողների՝ Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի հագուստները փաթեթավորված և կնքված են ոստիկանության քրեական գործերի վարչության կնիքով:

Ըստ դատարանի ստացած գրության, տուժողների հագուստները զննելու արձանագրությունը կազմվել է 1 տարի առաջ՝ 2012 թվականի օգոստոսի վերջին:

Արձանագրութան մեջ նշված է, որ հագուստների վրա հայտնաբերվել են արյան հետքեր:

Դատարան ներկայացված հագուստները լրացուցիչ չզննեցին, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն ասաց՝ անհրաժեշտ է, որ այդ հագուստները ճանաչվեն իրեղեն ապացույց:

Դատավոր Դավիթ Հարությունյանի խոսքով՝ տուժողների հագուստներն իրեղեն ապացույց ճանաչելու միջնորդության կապակցությամբ դատարանը որոշում կկայացնի վերջնական դատական ակտով՝ դատավճիռ կայացնելիս: Ըստ դատավորի՝ դատարանը պետք է նկատի ունենա տուժողների հագուստների վրա արյան հետքերի առկայության հանգամանքը, պետք է համադրի գործի այլ ապացույցների հետ և պետք է նկատի ունենա, թե այդ հագուստներն իրեղեն ապացույց ճանաչելով՝ որքանով է հաստատվում ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը:

Տուժող կողմը պնդում է, որ անհրաժեշտ է այդ հագուստները փորձաքննության ներկայացնել:

«Ապացույցների ոչնչացում»

Տուժող կողմը պնդում է, որ նախաքննական մարմինը թերի գործունեության և Հանրապետական կուսակցության անդամ Ռուբեն Հայրապետյանի ռեստորանում տեղի ունեցած հանցագործության ապացույցները ոչնչացնելու մղումներով մի շարք քննչական գործողություններ չի կատարել: Այդ պատճառով այս դատավարության մեկնարկին ներկայացրել էր տասնյակ միջնորդություններ՝ պահանջելով քննչական գործողություններ, կրկնակի փորձաքննություններ, դեպքը նկարահանած տեսախցիկների և կրիչների առգրավում և նախաքննության ժամանակ չկատարված այլ քննչական գործողություններ:

Դատավորն այդ միջնորդությունները մերժեց ամբողջությամբ:

Փաստորեն, ի շարս տասնյակ միջնորդությունների, մերժվեց նաև տուժողների հագուստները կենսաբանական մասնիկաբանական փորձաքննության ներկայացնելու միջնորդությունը, որի նպատակն էր պարզել ամբաստանյալների և տուժողների շփումներին առնչվող հարցեր, ամբաստանյալների հետ շփումների հետևանքով տուժողների հագուստների վրա միկրոմասիկների առկայության հանգամանքը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանն այս կապակցությամբ ասաց. - «Ցավով պետք է արձանագրել, որ կանխատեսելի էր այս որոշումը: Դատարանը շարունակում է դատախազության և նախաքննության հետևողականորեն իրականացրած սցենարը»:

Ըստ փաստաբանի՝ նպատակը ամբաստանյալների ներկայիս շրջանակով և այդ շրջանակին առաջադրված մեղադրանքի ծավալով սահմանափակվելն է»:

Անցյալ տարվա հունիսի 17-ին «Հարսնաքարում» տեղի ունեցած ծեծից 12 օր անց ռազմական բժիշկ, մայոր Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ 6 ամբաստանյալները մեղադրվում են Վահե Ավետյանին ծեծելու, նրա առողջությանը դիտավորությամբ կյանքի համար վտանգավոր ծանր վնաս պատճառելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:

Ամբաստանյալներին առաջադրված է մեղադրանք նաև ռազմական բժիշկներ Արտակ Բայադյանին և Գարիկ Սողոմոնյանին, ինչպես նաև մյուս տուժողներին՝ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծելով՝ նրանց առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու մեջ: Տուժող կողմը վկայակոչում է Վիեննայի համալսարանի պրոֆեսորների եզրակացությունը, ինչպես նաև բժշկական գիտությունների թեկնածու Արման Հակոբյանի ցուցմունքը, ըստ որի՝ Վահե Ավետյանի գլխուղեղը մահացել է հարվածը ստանալու պահին, ուստի, ըստ տուժողների, ամբաստանյալներին պետք է առաջադրվեր ավելի խիստ մեղադրանք՝ Վահե Ավետյանին սպանելու համար: Ռուբեն Հայրապետյանին պատկանող ռեստորանային համալիրում աշխատած ամբաստանյալները, սակայն, դատարանում չեն ընդունել անգամ տուժողների պնդմամբ՝ մեղմ մեղադրանքը:

Հաջորդ դատական նիստին՝ սեպտեմբերի 10-ին մեղադրող կողմը կներկայացնի մեղադրական ճառը:
XS
SM
MD
LG