Մատչելիության հղումներ

«Էյր Արմենիա»-ն ուղևորափոխադրումներ կիրականացնի


«Զվարթնոց» օդանավակայան
«Զվարթնոց» օդանավակայան
Մոտ 15 օրից երկնքում կրկին հայկական եռագույն կհայտնվի։

«Էյր Արմենիա» ավիաընկերությունը Հայաստանի կառավարության կողմից մոտ 20 օր առաջ ուղևորափոխադրումներ իրականացնելու թույլտվություն է ստացել։ Թռիչքներ կիրականացնեն միայն դեպի Ռուսաստան։ Մոսկվա, Սոչի, Կրասնոդար, Ռոստով, Սանկտ Պետերբուրգ և Սամարա քաղաքներ չվերթներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար «Էյր Արմենիան» քաղավիացիայի վարչությանը մեկ ամիս առաջ էր դիմել։

Ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այժմ նախապատրաստական աշխատանքներ են տանում, առաջին՝ Երևան-Մոսկվա չվերթը նախատեսում են իրականացնել օգոստոսի 18-ին։
«Էյր Արմենիան» մասնավոր ավիաընկերություն է, որը հիմնադրվել է 2003 թվականին։ Այն արդեն 10-ը տարի է զբաղվում է միջազգային բեռնափոխադրումներով։ Որպես ձեռքբերում Ավետիսյանը նշեց, որ վերջին տարիներին Երևանը դարձրել են տարանցիկ գոտի, Եվրոպայից Ասիա բեռների տեղափոխումը իրականացնում են «Զվարթնոց» օդանավակայանի միջոցով։ Նույն փորձն են պատրաստվում կիրառել նաև ուղևորափոխադրումների ոլորտում։ «Արմավիա»-ի՝ սնանկացման մասին հայտարարությունից հետո հետաքրքրված են եղել այս շուկայով, և այժմ 6 ուղղությունները սպասարկելու համար պատրաստվում են երկու Airbus օդանավեր վարձել։

Մոտ երկու ամիս առաջ կառավարությունը ավիաոլորտը ազատականացնելու մասին որոշում էր ընդունել, ըստ որի ուղևորափոխադրումների շուկայում կգործի ոչ թե մեկ ինչպես նախկինում էր, այլ երեք ավիաընկերություն։ Օդային փոխադրումների բնագավառի ազատականացման հայեցակարգի համաձայն կհայտարարվի մրցույթ, որի արդյունքում ավիաընկերություններին հինգ տարի ժամկետով թռիչքներ իրականացնելու թույլտվություններ կտրվեն։ Մրցույթին մասնակցելու իրավունք կունենան բացառապես հայկական ավիաընկերությունները, որոնք այս պահին 11-ն են։ Հավանաբար երեք ավիաընկերությունները թռիչքներ կկատարեն երեք տարբեր ուղղություններով, առաջին ուղղությունը կլինի ԱՊՀ երկրները, երկրորդը՝ Եվրոպան, և երրորդը՝ Մերձավոր Արևելքը։

Քաղավիացիայի վարչությունից փոխանցեցին, որ ներկայումս Mckinsey&company ընկերության, ինչպես նաև Ազգային մրցունակության հիմադրամի կողմից իրականացվում են խորհրդատվությունների գործընթացը, ինչի ավարտով էլ պայմանավորված է մրցույթի անցկացումը: Այն հավանաբար տեղի կունենա երկու ամսից, իսկ մինչ այդ «Էյր Արմենիա»-ին ուղևորափոխադրումների իրականացման ժամանակավոր թույլտվություն է տրամադրվել, քանի որ մրցույթի անցկացման նախապես հայտարարված ժամկետը հետաձգվել է, իսկ ընկերությունը արդեն հայտ էր ներկայացրել։

Վարչությունից փոխանցեցին, որ այս որոշումը չի հակասում կառավարության կողմից ընդունված հայեցակարգին, և մրցույթի հայտարարման դեպքում «Էյր Արմենիա»-ն կրկին պետք է հայտ ներկայացնի։

Թե ինչն է մինչ մրցույթի հայտարարելը «Էյր Արմենիա»-ին թույլտվությունը տրամադրելու պատճառը ճշտեցինք ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանից։ Ի դեպ, ավիաընկերության 50 տոկոսը պատկանում է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանի եղբորը։

«Որևէ աջակցություն, լոբբինգ, միջամտություն չի եղել։ Դավիթ Հարությունյանը Վահան Հարությունյանի եղբայրն է, նույնպես ինչպես Արտյոմ Ավետիսյանը իմ եղբայրն է։ Համոզված եմ՝ ով դիմի քաղավիացայի գլխավոր վարչությանը և ցույց տա համապատասխան փաստաթղթերը, մեկ տարով թույլտվությունները կտան»,- ասաց Ավետիսյանը։

Արսեն Ավետիսյանը ասաց, որ հետագա ծրագրերը կախված են առաջիկայում անցկացվելիք մրցույթի արդյունքներից, իսկ մինչ այդ աշխատելու են միայն այս 6 ուղղություններով։

Ինչ վերաբերում է մրցակցությանը, Ավետիսյանը ասաց, որ առնվազն փորձելու են նույն պայմանները ապահովվել, ինչ մյուս ավիաընկերությունները, գնային առումով առաջարկելու են շուկայում առկա ամենացածր գները։

«Էյր Արմենիա»-ից բացի, քաղավիացիայի վարչությունում որպես ավիաընկերություն գրանցված մյուս 10 ընկերություններից երկուսից՝ «Հայք ավիա»-ից և «Ատլանտա յուրոփիան էյրույս»-ից փոխանցեցին, որ հետաքրքրված են մրցույթով։ Մյուս 8 ավիաընկերություններից կոնտակտային տվյալներ գտնել չհաջողվեց։

Ի դեպ, այս ցուցակում ընդգրկված չէ «Արմավիա»-ն, որը ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց ընկերության մամլո խոսնակը դադարեցրել է սնանկացման գործընթացը, ինչը թերևս նշանակում է, որ այս ընկերությունը նույնպես կարող է մասնակցել հայտարարվելիք մրցույթին։
XS
SM
MD
LG