Մատչելիության հղումներ

Կառավարությունը փորձում է մրցունակ դարձնել ավիաոլորտը


«Մակքինզի ընդ քոմփանի» խորհրդատվական ընկերության միջոցով Հայաստանի կառավարությունը փորձում է մրցունակ դարձնել օդային փոխադրումների ծառայությունների մատուցումը: Այդ նպատակով այսօր համաձայնագիր ստորագրվեց ընկերության և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջև:

Առաջիկա 8 շաբաթների ընթացքում ընկերությունը խորհրդատվական ծառայություններ է մատուցելու, ինչի հիման վրա էլ հետագայում կանցկացվեն մրցույթներն ու կյանքի կկոչվեն կառավարության ընդունած օդային փոխադրումների ազատականացման հայեցակարգից բխող պահանջները:

«Մակքինզի ընդ քոմփանի» ընկերության ներկայացուցիչ Անդրե Անդոնյանի խոսքով՝ համապատասխան ուսումնասիրություններից հետո իրենք առաջարկելու են Հայաստանին օդային փոխադրումների լավագույն փորձը, ինչը հնարավորություն կտա նեգրավել մեծ թվով ավիափոխադրողներ, որոնք թռիչքներ կիրականացնեն ինչպես դեպի Հայաստան, այնպես էլ Հայաստանից՝ տարբեր ուղղություններով:

Անդոնյանի խոսքով, պետք է նաև անել այնպես, որ ավիատոմսերը լինեն էժան ու մրցունակ, ինչպես նաև այս ամենի արդյունքում պահպանվի անվտանգությունը:

«Մենք կխոսենք և՛ հայաստանյան, և՛ օտարերկրյա շահառուների հետ և կձևավորենք հավասարակշռված մոտեցումներ», - նշեց նա:

Խորհրդատվության համար «Մաքքենզի»-ն պատրաստվում է ուսումնասիրել ինչպես հարևան, այնպես էլ լատինամերիկյան երկրների՝ մասնավորապես Չիլիի և Պերուի փորձը:

Հայաստանյան երեք ավիափոխադրողներին որոշելու համար հայտարարվելիք մրցույթը, ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց Քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, առայժմ չի հայտարարվի: Դա, ըստ պաշտոնյայի, կնպաստի, որպեսզի հայաստանյան ավիափոխադրողները ավելի պատրաստված մտնեն դաշտ: Մովսեսյանի խոսքով, մրցույթը հետաձգելու առաջարկը հնչել է նաև տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից:

«Մենք այս պահին ունենք մեր թույլտվությունների ընթացակարգը․ ընկերությունները դիմում են, թույլտվությունները կարող են ստանալ և թռիչքներ իրականացնել: Իսկ դրանից հետո մեր մրցութային կարգով արդեն մյուս ավիաընկերությունները նույնպես կմտնեն դաշտ», - նշեց Մովսիսյանը՝ հավելելով, որ հայաստանյան ավիաընկերություններից միայն «Այր Արմենիա»-ն է հայտ ներկայացրել, որպեսզի մինչեւ մրցույթը սկսի թռիչքներ իրականացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG