Մատչելիության հղումներ

Էրեբունի արգելոց-թանգարանը արդիականացվում է


Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի
Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն այսօր այցելել են Էրեբունի հնավայր, որտեղ ավարտվել են հայ - ֆրանսիական հնագիտական խմբի իրականացրած պեղումների 6-րդ փուլի աշխատանքները։ Դրանց արդյունքում բացվել է Խալդ աստծո տաճարին հանդիպակաց սյունազարդ պալատի պահպանված մասը, որը թվագրվում է Ք. ա. 7-րդ դարի երկրորդ կեսերից 6-րդ դարասկիզբ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ արշավախմբի ֆրանսիական թիմի ղեկավար Ստեֆան Դեշամպն այցելուներին է ներկայացրել Երևանի պատմության ամենավաղ շրջաններից մեկի հնագիտական պատկերը։

«Միգուցե դուք այս պահին Երևանի ամենահին փողոցում եք։ Պեղումների այս փուլի շնորհիվ մենք կարողացանք գտնել շատ կարևոր մի հարցի պատասխան. այո, Ուրարտուի կործանումից հետո մինչ Աքեմենյան տիրապետության ժամանակաշրջանը այս բերդաքաղաքում կյանքը շարունակվել է։ Արդյունքների հիման վրա կարողանում ենք նաև ենթադրել, որ այդ ընթացքում քաղաքն ամենայն հավանականությամբ ուժեղ երկրաշարժից բավականին տուժել է», - նշել է, մասնավորապես, Դեշամպը, հավելելով, որ այս պեղումներից հետո իրենք ավելի սերտորեն կհամագործակցեն Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ:

Արամ Սուքիասյանը ներկայացրել է Էրեբունի բերդաքաղաքն արդի, նորարարական միջոցներով ներկայանալի դարձնելու Երևանի քաղաքապետարանի ծրագիրը։

«Մեկ տարի առաջ Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, հանդես եկավ հետաքրիր այս նախաձեռնությամբ՝ Էրեբունի հնագիտական ամրոցի միջնաբերդում ստեղծել մի միջավայր, որը, բացի պատմականությունը, կունենա նաև մատուցման նորարարական մոտեցումներ», - ասել է քաղաքապետի տեղակալը՝ մանրամասնելով․ - «Որոշ հատվածներում, որտեղ ավարտվել են պեղումները, չկորցնելով հնագիտական պատկերը, շինությունները լրացվելու, վերականգնվելու են որոշակի ճարտարապետական լուծումներով, ընդ որում՝ մեծ մասը շարժական հնարքներով։ Հանդիպակաց բլրին՝ արգելոցի բուն սահմաններից դուրս, կառուցվելու է ամֆիթատրոն, որտեղից որոշակի օրերի երեկոյան ժամերին հնարավոր է լինելու դիտել քաղաքի պատմության մասին լուսաձայնային եռաչափ ներկայացումներ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG